Իրավական 

4 կողմ, 5 ձեռնպահ՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քվեարկեց Վ. Պերմյակովի փոխանցման վերաբերյալ հայտարարության նախագիծը

analitik.am

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովի փոխանցման վերաբերյալ հայտարարության նախագիծը: Համաձայն որի պետք է դատապարտվի Պերմյակովի՝ ապօրինի գտնվելը 102-րդ ռազմաբազայում եւ պահանջ ներկայացվի ՌԴ իշխանություններին՝ Պերմյակովին փոխանցել ՀՀ իրավապահ մարմինների իրավազորությանը:


Նիստում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Պերմյակովը հանցագործությունից հետո մինչեւ հիմա գտնվում է ՌԴ իրավապահների ներքո, չնայած բազմաթիվ ջանքեր են գործադրվել փոխանցման վերաբերյալ: Փոստանջյանն ասաց, որ Պերմյակովը պետք է պարտադիր փոխանցվի ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կատարել քրեական հետապնդում եւ հետագայում նրան դատապարտեն հանուն ՀՀ եւ ՀՀ դատարանի կողմից:



«Ես պարոն Պուտինին նամակ էի հղել, որով հայտնում էի, որ այս պահին խախտվել են ՀՀ եւ ՌԴ միջպետական երկու պայմանագիր եւ նաեւ սահմանապահ զորքերի կարգավորման վերաբերյալ պայմանագիրը, եւ հայտնում էի, որ պարտադիր Վ.Պերմյակովին պետք է փոխանցել հայ իրավապահներին»,- նշեց Փոստանջյանը: Նա տեղեկացրեց, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ստացած պատասխանում ասված է, որ ՀՀ-ում Վ.Պերմյակովին ձերբակալել են ռուս իրավապահներն, այդ իսկ պատճառով նա գտնվում է ՌԴ ռազմաբազայում: ՌԴ գլխավոր դատախազի պատասխանը Փոստանջյանին չի բավարարել.



«ՀՀ-ում որեւէ օտարերկրյա իրավապահ մարմին իրավասու չէ իրականացնել գործառույթ, դուք պատկերացրեք՝ ՀՀ իրավապահ մարմինները գնան օտար երկիր եւ այնտեղ հայ իրավախախտի ձերբակալեն, նման բան որեւէ պետության մեջ չկա»,- ասաց Փոստանջյանը: Պատգամավորը հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը խախտվել է:


Հիմա, ըստ Փոստանջյանի, պետք է հետամուտ լինել իրավունքների պաշտպանությանը, եւ նաեւ որպես սուվերեն պետություն պետք է պաշտպանել մեր իրավունքները: Ապա Փոստանջյանին հարց ուղղեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա հարցրեց, թե բացի նամակ գրելուց ուրիշ ի՞նչ գործառույթ է իրականացվել: Փոստանջյանն ի պատասխան ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ՀՀ գլխավոր դատախազն ինչ դիմում է ներկայացրել իր ռուս գործընկերոջը:


«Գյումրիում նա հրապարակավ հայտնել է, որ միջնորդություն է ներկայացնելու, որպեսզի հանձնեն հայ իրավապահներին, սակայն նա հստակ չնշեց, թե երբ է դիմելու, հետո մենք մամուլից տեղեկացանք, որ իբրեւ թե դիմում է ներկայացրել պարոն Չայկային, բայց այդպես էլ ոչ դիմումն ենք տեսել, ոչ էլ պատասխանը»,- ասաց Փոստանջյանը՝ շարունակելով, որ կարծում է՝ եթե անգամ Կոստանյանին պատասխանեն, ապա այն էականորեն չի տարբերվելու իրեն ուղարկած դիմումի պատասխանից:



Նշենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում ամեն ինչ անում էր, որպեսզի հիմնավորեր ռուս սահմանապահների գործունեությունը: Ջհանգիրյանի նման կեցվածքն առաջացրեց Զ.Փոստանջյանի զայրույթը:



«Ինչի՞ ես գոռում»,- ասաց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ կողմ կքվեարկի հայտարարությանը, որ նա միայնակ չմնա:



«Ես միայնակ չեմ մնա»,- եղավ Փոստանջյանի արձագանքը: Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց հայտարարությունը հետաձգել եւ մի շարք հարցումներ ուղարկել իրավապահ մարմիններին, ստանալ պատասխաններ եւ լրամշակումներով քննարկել: Փոստանջյանը համաձայնեց:



Ապա հարակից զեկույցով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Ավետիսյանների սպանությունը եւ դրան հաջորդած զարգացումները, սակայն, չէին մտահոգել ՀՀԿ-ական պատգամավորին: Նա դիրքորոշում ներկայացնելու փոխարեն սկսեց բարբի տիկնիկի մասին պատմություն հիշել:



Հետո պատգամավորը նշեց, թե այդպես էլ չի տեսել Փոստանջյանի նամակն ուղղված Պուտինին: ՀՀԿ-ական պատգամավորի անտեղյակությունն ու բերած համեմատությունը տիկնիկի մասին առաջացրեց Զ.Փոստանջյանի զայրույթը, ով նշեց, որ շատ ամոթ է, որ Մարտիրոսյանը նման համեմատություններ է անում, եւ ապա ցույց տվեց Պուտինին ուղարկված իր նամակը. «Երեւի ռուսերեն կարդալ գիտեք, կարդացեք»,- ասաց Փոստանջյանը:



Ըստ երեւույթին, ՀՀԿ-ական պատգամավորը, համեմատություն անելով սպանությունը եւ տիկնիկի մասին պատմությունը, նկատի ուներ Գեւորգ Կոստանյանի անգործությունը, քանզի մինչեւ հիմա նրա ո՛չ նամակի բավանդակությունը, ո՛չ էլ դրա պատասխանը հանրությանը հայտնի չէ:



Այնուհետ վիճաբանություն ծավալվեց Զարուհի Փոստանջյանի ու Հովհաննես Սահակյանի միջեւ, եւ այդ իսկ պատճառով նախագծի հետաձգման վերաբերյալ համատեղ որոշում չկայացրին: Հայտարարության նախագիծը դրվեց քվեարկության: Կողմ քվեարկեց չորս պատգամավոր, դեմ չկար, իսկ ՀՀԿ-ականները` հինգ հոգի ձեռնպահ էին: Նախագծի հայտարարությունը չընդունվեց եւ հետեւաբար չի կարող մտնել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:



Աղբյուրը` galatv.am

Նույն շարքից