Բարի օր Իրավական Հարցազրույց 

Պետությունն իր գործողություններով նպաստում է, որ օբյեկտիվ քննություն չկատարվի. ՔԿՀ աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված կալանավորի փաստաբանն ահազանգում է

analitik.am

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն օրեր առաջ ահազանգեց այն մասին, որ իր պաշտպանյալ Տիգրան Եղիազարյանը գտնվում է առողջության  համար վնասակար պայմաններում՝ դիմելով պատկան մարմիններին, որպեսզի հարցին լուծում տրվի: Analitik.am-ը զրուցեց պարոն Սիմոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում գործընթացը:

Պարոն Սիմոնյան, ի՞նչ վիճակում է գտնվում Տիգրան Եղիազարյանին այլ ՔԿՀ տեղափոխելու գործընթացը:

Փաստացի, որևէ փուլում էլ չի գտնվում, պատկան մարմինների կողմից մատնված է անտարբերության:

Ի՞նչն է պատճառոը, որ ՀՀ ԱՆ-ն արագ չի զբաղվում տեղափոխության հարցերով:

Գուցէև քաջատեղյակ լինելով, որ Տիգրան Եղիազարյանին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում վերջինս կաշկանդված չի լինի և կտա մանրամասն ցուցմունքներ, որի հետևանքով կարող են օրենքով սահմանված կարգով պատժվել ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, կարծում եմ՝ այդ պատճառով էլ չեն տեղափոխում:
Դուք բաց նամակով դիմել էիք ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանին, ի՞նչ արձագանք եղավ:
Ես ոչ միայն Արդարադատության նախարարից , այլև քրեակատարողական ծառայության պետից նույնպես որևէ պատասխան չեմ ստացել:
Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը, և լուծման հետաձգումը ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ:
Լուծումը միակն է՝  Տ.Եղիազարյանը պետք է տեղափոխվի այլ քրեակատարողական հիմնարկ, քանի որ վերջինս բազմիցս հայտարարել է, /քննիչին/ որ ինքը վախենում է, կաշկանդված է մանրամասն ցուցմունքներ տալ իր հետ Նուբարաշեն ՔԿՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, քանի որ այդպիսի ցուցմունք տալուց հետո  իր նկատմամբ կարող են ինչպես ՔԿՀ աշխատակիցները, այնպես էլ այնտեղ պահվող այլ անձինք հաշվեհարդար տեսնել, վնասել իրեն: Նման պայմաններում, երբ Տ.Եղիազարյանը պահվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում, այլևս չի կարող խոսք գնալ արդունավետ քննության մասին, որով կխախտվի նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, քանի որ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ խոշտանգման բոլոր գործողություններն իր քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ: Նույնը վերաբերում է խոշտանգման ենթարկելու փորձին, ինչպես նաև ցանկացած անձի այն գործողություններին, որոնք ներկայանում են որպես մասնակցություն կամ գործակցություն խոշտանգմանը»:
Խոշտանգումների արգելքի բացարձակ բնույթը ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաև որոշակի պոզիտիվ գործողություններ կատարելու պետության պարտականությունը: Պոզիտիվ գործողություններ կատարելու պահանջը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված պահանջից, որի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի առաջին բաժնում»: Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, որ վերոշարադրյալ հոդվածում կիրառվող՝ «ապահովել» բառը ենթադրում է այնպիսի միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականություն, որոնց արդյունքում կապահովվի իրավունքների երկուստեք՝ օրենսդրական և գործնական պատշաճ պաշտպանություն: Վերոնշյալ պոզիտիվ պարտականության առկայությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հիմնավորվել է մի շարք այլ որոշումներում ևս: Այսպես, Բեկոսը և Կուտրոպուլոսն ընդդեմ Հունաստանի որոշման մեջ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) եթե անձը անում է վստահելի հայտարարություն այն մասին, որ ինքն ի խախտումն 3-րդ հոդվածի ենթարկվել է խոշտանգման ոստիկանի կամ նման այլ պետական պաշտոնատար անձի կողմից, ապա այդ դրույթը Կոնվենցիայի 1-ին հոդվածով ամրագրված՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման» պետությունների ընդհանուր պարտականության հետ միասին ենթադրում է արդյունավետ պաշտոնական քննության առկայություն: (…) Հակառակ պարագայում, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ընդհանուր իրավական արգելքը, չնայած իր հիմնարար կարևորության, գործնականում ոչ արդյունավետ կլինի և որոշ դեպքերում հնարավոր կլինի պետական մարմինների կողմից խախտել իրենց տրամադրության տակ գտնվող անձանց իրավունքները և փաստացի մնալ անպատժելի (ի թիվս այլ աղբյուրների տե՛ս Labita v. Italy, գանգատ թիվ 26772/95, կետ 131)» (Bekos and Koutropoulos v. Greece, 2005 թվականի դեկտեմբերի 13-ի վճիռը, գանգատ թիվ 15250/02, կետ 53):
Նշվածից կարելի է գալ այն հետևության, որ պետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, Տ.Եղիազարյանին չտեղափոխելով այլ ՔԿՀ, որտեղ վերջինս անվտանգ և անկաշկանդ ցուցմունքներ կտա, ոչ միայն միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի իրականացվի  օբյեկտիվ քննություն, այլև հակառակն, ըստ էության, իր անգործությամբ նպաստում է, որ այդ քննությունը չկատարվի:
Իմ ունեցած վերջին տվյալներով, Տիգրան Եղիազարյանի վերաբերյալ քրեական գործն Էրեբունու քննչական բաժնից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հույս ունեմ, որ գոնե հատուկ քննչական ծառայությունն իր հերթին միջոցներ կձեռնարկի օբյեկտիվ քննություն կատարելու, այդ թվում՝ Տ.Եղիազարյանին այլ ՔԿ հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ:

Նույն շարքից