Բարի օր Հասարակություն 

Կոռուպցիոն դեպքերի մասին տեղեկացրել ենք ԿԳ նախարարին, սակայն անհասկանալի պատճառներով որևէ քայլ չի ձեռնարկվում. Թերլեմեզյանի ուսանող

analitik.am

Վերջերս Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ կապված Թերլեմեզյանում կատարվող անօրինականությունների հետ:

Analitik.am-ը կապ հաստատեց շրջանավարտ Փայլակ Թևանյանի հետ, ով մեր հետ զրույցում ներկայացրեց ստեղծված իրավիճակն ամբողջությամբ. «Ես Թերլեմեզյան քոլեջի շրջանավարտ եմ, 2012 թվականից մտահոգ ենք այս հարցերով և շարժումներ ենք ձեռնարկել առկա անօրինականությունների դեմ: Դրանք բազմաթիվ են՝ սկսած ոչ լեգիտիմ տնօրենի նշանակումից, մինչև դիպլոմային աշխատանքների վերացում: Մեր նախաձեռնող խումբը հին իշխանության օրոք պլանավորել էր դատի տալ նախարարությանը, քանի որ տնօրենի նշանակումն անօրինական էր, իսկ երբ հեղափոխություն տեղի ունեցավ, որոշեցինք սպասել»:

Փայլակի խոսքերով, Թերլեմեզյանում կար «Restart» անվամբ խումբ, ովքեր ահազանգ էին ստացել, որ քոլեջում կա անօրինական կահույքի արտադրամաս. «Մենք գնացինք այնտեղ, փորձեցինք մտնել, սակայն մեզ թույլ չտվեցին, հետո ոստիկանության աշխատակիցները եկան և բացեցին նշյալ արտադրամասը: Կարելի է ասել, որ այդտեղից սկսվեց մեր և ԿԳ նախարարության համագործակցությունը, հետո նախարարությունից նույնպես մարդիկ եկան և գտնվեց այդ արտադրամասը՝ չնայած դրա վերաբերյալ քրեական գործի հարուցումն անհասկանալի պատճառներով մերժվեց:

Ուսումնասիրության ընթացքում բացահայտեցինք դիպլոմայինների պահեստի անմխիթար վիճակը, դա էլ այն դեպքում, որ դրանք իրենցից շատ մեծ արժեք են ներկայացնում: Այդ հարցի շուրջ ես հանդիպեցի ԿԳ փոխնախարարի և միջին մասնագիտականի վարչության պետի հետ ու բոլորի կողմից այս հարցի մասով վստահություններ ստացա, որ խնդիրը լուծվելու է: Ինձ ասացին, որ դիմում գրեմ, որպեսզի օրինական հիմք ունենան խնդրին լուծում տալու համար, ես գրեցի և դիմումի մեջ նշեցի բոլոր այն անօրինակությունները, որոնք որ գիտեի ու լսել էի: Դիմումն ուղարկեցի նախարարություն, այնտեղից նրանք ուղարկեցին Կրթության տեսչություն, տեսչությունը ստուգումներ իրականացրեց և Թերլեմեզյանում բացահայտեց մի շարք անօրինականություններ: Փաստացի բացահայտվածներից ամենակարևորը կեղծ դիպլոմներ տրամադրելու փաստն էր, որի հիման վրա ԿԳ նախարարությունից ինձ պատասխան էին գրել, որում, նշված էր, որ առկա է անհամապատասխանություն ուսանողի ուսումն առած մասնագիտության և պաշպանած դիպլոմային աշխատանքի միջև: Մտածելով, որ դա արդեն փաստացի ամրագրված է, ուրեմն ԿԳ նախարարությունը մի բան կանի և այս արդյունքները ստանալուց հետո որոշեց սպասել: Երբ զգացի, որ նախարարության կողմից որևիցե բան չի լինում, որոշեցի ԿԳ նախարարին փաստացի տվյալներ ուղարկել, որտեղ նշեցի խախտումների մասին, իսկ նախարարությունից ինձ հետ ուղարկված նամակում նշված էր, որ կեղծ դիպլոմներ տալու մասին ոչ մի փաստ չի արձանագրվել։ Կարդալուց հետո մտածեցի, որ ինչ-որ շփոթմունք է եղել և որոշեցի Ֆեյսբուքով գրել փոխնախարարին, սակայն նա չպատասխանեց»:

Փայլակի խոսքերով, նա այս ամենից հետո դիմել է իր ընկերներից մեկին, ով նույնչափ մտահոգ է այս մասով և ընկերը հանդիպել է ԿԳ փոխնախարարի հետ՝ հասկանալու համար տեղի ունեցած սխալմունքը, սակայն փոխնախարարն ասել է, որ ոչ մի սխալ չի եղել, և իրենք արդեն պատասխանել են նամակին:

Փայլակի պնդմամբ, այս հարցն անհասկանալի է իր համար. «Մի կողմից թուղթ են տվել ինձ, որում նշված է, որ Թերլեմեզյանում կա կեղծ դիպլոմների խնդիր, մյուս կողմից էլ՝ թուղթ են տվել, որ Թերլեմեզյանում չկան կեղծ դիպլոմներ: Ամենավատն այն է, որ Թերլեմեզյանում կան կոռուպցիաներ, որովհետև կան կտավներ որոնք մասնագետների պնդմամբ շատ թանկ արժեն և այդ կտավներն անհասականալի կերպով կամ անհետացել են կամ նվիրել են տարբեր կազմակերպությունների: Հանելուկային էր նաև այն, երբ ոստիկանության կողմից կարճվեց ապօրինի արտադրամաս լինելու հարցը»,-ավելացրեց Փայլակը:

Մեր այն հարցին, թե Թերլեմեզյանում հայտնաբերված արտադրամասն այս պահին գործում է, թե ոչ, Փայլակը պատասխանեց. «Չգիտեմ՝ հիմա այնտեղ ինչ է կատարվում, որովհետև իմ մուտքն այնտեղ արգելված է: Դուրս է գալիս, որ մենք գտել և բացահայտել ենք այդ ապօրինությունը, սակայն այդ մասով քրեական գործի հարուցումը մերժվել է»:

Փայլակը մեզ տրամադրեց նաև փաստաթղթեր.

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից