Բարի օր Հասարակություն 

Պարոնայք սպաներ, եթե զոհվեիք լավը կլինեիք. Սպաները՝ մի շարք խնդիրների մասին

analitik.am

Վերջերս ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ նիստի ժամանակ  հայտարարեց, որ սպաների բնակարանային հարցը դեռևս չի լուծվելու, քանի որ առաջնահերթությունը  տրվել է ազատամարտիկներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Տոնոյանը նաև հայտարարեց, որ փորձ է արվում կասեցնել 37 տարեկանից բարձր սպաների զորացրումը։

Ըստ օրենքի, բնակարանային խնդիրը պետք է  լուծվի հերթականության սկզբունքով, իսկ զինվորականներն էլ պետք է  ունենան ընտրության իրավունք՝ բնակարան, հողատարածք կամ ֆինանսական փոխհատուցում։

Analitik.am-ին դիմեցին մի խումբ սպաներ, ովքեր հայտնեցին իրենց մտահոգությունները վերոնշյալ հարցերի մասով: Նրանք նշեցին, որ վերջին տարվա ընթացքում կառուցվել է միայն մի շենք, իսկ տրամադրված բնակարանների սեփականատերերը չեն համապատասխանում  ցուցակում առկա հերթականությանը։

Մեր զրուցակից, նախկին սպա Սամվելը նշեց, որ սպայական կազմին բնակարան տրամադրելու բյուջեն առանձին է․«Սպայական կազմին բնակարան տրամադրելու բյուջեն ոչ մի կապ չունի ազատամարտիկների կամ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարան տրամադրելու բյուջեի հետ։   Հողատարածքի կամ փոխհատուցման դիմումներն էլ մերժվում են բյուջեի բացակայության պատճառով, ինչ վերաբերում է հիփոթեքային ծրագրերին, ապա  դրանք մատչելի չեն սպայական կազմի մեծամասնության համար, քանի որ վճարելով ամսեկան մոտ 100  հազար դրամ բնակարանի համար, ստանալով 140 հազարից 250 հազար աշխատավարձ, հաշվի առնելով մնացած ծախսերը և այն պայմանը,որ բնակարանը պետք է պարտադիր գնվի առաջնային շուկայի շրջանակներում՝ փաստացի զրոյական վիճակում,  անիրատեսական է։ Անգամ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքն ավելի ձեռնտու է, սակայն ինչո՞ւ պետք է այդպես լինի»:

Մեր զրուցակիցները նաև հայտնեցին, որ սպաների արձակուրդները կրճատվել են այն պարզաբանմամբ, որ զինվորականները, միևնույն է, այդքան արձակուրդ «չեն գնում», իսկ չօգտագործված արձակուրդի համար էլ զորացրվելուց հետո  ֆինանսական հատուցում է պահանջվում։

Նրանք նաև նշեցին կադրային խնդիրների մասին.

«Այսօր մենք ունենք կադրային խնդիր, եթե նախկինում զինվորական ուսումնական հաստատություններում՝ ամեն հոսքում  կար 450-500 ուսանող, ապա հիմա 15-30 հոգի է։ Ի՞նչ է լինելու ապագայում, եթե սպաները շարունակեն լքել բանակը, ո՞վ է գալու իրենց տեղը։ Սա ազգային անվտանգության խնդիր է։ Ինչո՞ւ պետք է փորձառու սպան, կենսական պայմաններից դրդված, դուրս գա բանակից և գնա տաքսի քշի, որ ընտանիքը պահի, եթե ինքը զինվորական բարձր գիտելիքների տեր մարդ է։ Չէ՞ որ հենց սպաներն են բանակի մեջքը, և փոխանակ այդ մեջքը ամրապնդվի, տեղի է ունենում հակառակը՝ մեջքը կոտրվում է։ Փոխանակ վերաբերմունքը և պայմանները բարելավվեն, հայտարարվում է, որ զորացրումը պիտի կասեցվի»-, ասաց սպաներից մեկը:

Սպաները նաև վիրավորված էին այն վերաբերմունքից, որ մինչև չեն զոհվում, չեն գնահատում իրենց. «Մնում է ասեն՝ պարոնայք սպաներ, եթե զոհվեիք լավը կլինեիք»,- նշեց սպաներից մեկը:

Analitik.am-ն անպայման կփորձի ստանալ այս և մնացած բարձրաձայնված խնդիրների մասին պարզաբանումներ ՀՀ Պաշտպանության Նախարարությունից և կտեղեկացնենք մեր ընթերցողներին արդյունքների մասին։

Արմինե Սահակյան

Նույն շարքից