Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Հայաստան-Իրան հարաբերությունների փչացումն ինքնասպանություն է երկու կողմի համար. Վարդան Ոսկանյանը՝ Իրանի հետ շփման նրբությունների մասին

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է  ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ  Վարդան Ոսկանյանը.

Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, հետևաբար դրանք կարող էին ազդել նաև արտաքին քաղաքականության վրա, նախ սկսենք նրանից, թե ի՞նչ կարծիք ունեք այս պահին Հայաստան-Իրան հարաբերությունների մակարդակի մասին, ինչպե՞ս եք դրանք  գնահատում:

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ՀՀ-Իրան հարաբերությունների կարևորությունը ՀՀ-ի և Իրանի համար՝ հարաբերություններն այս պահին կարելի է բնութագրել՝ որպես սպասողական: Միգուցե կողմերը փորձում են հարմարվել և հասկանալ մեկը մյուսին: Հայկական կողմից Իրանի նկատմամբ ունեցած դիրքորոշումները պաշտոնական մակարդակում կարծես թե չեն փոխվել, բայց ակնհայտ է, որ իրանական կողմում փորձում են հասկանալ ՀՀ-ում տեղի ունեցածը: Այս առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք բացատրական աշխատանքներ տանել իրանական կողմի համար, քանի որ միայն հեղափոխություն բառն իրանական կողմին ոչինչ չի ասում: Հատկապես, եթե հաշվի առնելու լինենք, որ իրանցիների պետական ընկալումներում հեղափոխությունը պետք է լինի բացառապես իսլամական, հետևաբար իրանցիների համար Հայաստանում ընկալելի հեղափոխություն տեղի չի ունեցել: Այս պահին շատ կարևոր է իրանցիների համար ընկալելի տեղեկատվություն տրամադրելը՝ հատկապես այն շեշտադրմամբ, որ անկախ ՀՀ-ում եղած փոփոխություններից՝ լինի դա իշխանության կազմում, թե հասարակական տրամադրությունների շրջանում, ՀՀ-Իրան հարաբերությունները գտնվում են նման ազդեցությունների դաշտից դուրս՝ նկատի ունենալ դրանց կենսական բնույթը թե՛ ՀՀ-ի, թե՛ Իրանի համար:

Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսն իր հարցազրույցում նշեց, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն Իրանի մասով այն է, որ Իրանը ներգրավված է աշխարհում ահաբեկչության տարածմանն աջակցելու գործընթացում՝ նշելով, որ ԱՄՆ ակնկալիքը ՀՀ-ից այն է, որ Հայաստանը նույնպես ստանձնի պատասխանատվություն նման դեպքերում և քննադատի միջազգային հանրության ընդունված վարքագծի խախտման դեպքերն առանձին պետությունների՝ այս դեպքում Իրանի կողմից: Ի՞նչ կասեք այս մասով:

Իրանցիները միջազգային ահաբեկչություն չեն ֆինանսավորում և ահաբեկչության դեմ հանդես եկող կարևոր կողմ են Արևելքում: Եթե մի պահ փորձեք պատկերացնել այսօրվա Մերձավոր Արևելքն առանց Իրանի, ապա կտեսնեք ահաբեկչության մեջ ամբողջովին խորասուզված Իրաք, Սիրիա, մասնակիորեն Լիբիա, Աֆղանստան, ինչու չէ Արաբական թերակղզի, որովհետև, գիտեք, իրանցիներն արաբական թերակղզում էլ, Եմենում էլ ունեն որոշակի ներկայություն: Այս համատեքստում Իրանն, ընդհակառակը, ահաբեկչության դեմ պայքարող պատվար է, և ինչ-որ առումով տարօրինակ է, որ ԱՄՆ-ում այս հանգամանքը չեն կարողանում ընկալել կամ չեն ուզում ընկալել:

Պարադոքսների շարքից է, երբ Իրանին ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրում են Իսլամական Պետություն ահաբեկչական կառույցին, Թալիբանին կամ Ալ-Կաիդային հովանավորելու մեջ: Նույնիսկ գաղափարական առումով իրանցիները, լինելով շիական գաղափարախոսության կրողներ և այդ գաղափարախոսության առաջամարտիկներ Մերձավոր Արևելքում, ուղղակի չեն կարող որևէ գործակցություն ունենալ ոչ Թալիբանի, ոչ Ալ-Կաիդայի, ոչ էլ Իսլամական պետություն ահաբեկչական կառույցների հետ, որովհետև այս կառույցների առաջնային խնդիրներից մեկն, ըստ իրենց, Մերձավոր Արևելքում Իրանին ոչնչացնելն է: Զանազան քարտեզներ կան, որտեղ Իրանը նշված է իսլամական խալիֆայության մաս, Իրանն ընդհանրապես համարվում է անհավատների երկիր, չեն ճանաչում նույնիսկ իրանցիների մահմեդական լինելու հանգամանքը՝ համարելով, որ շիական իսլամի հետևորդները չեն կարող մահմեդական լինել և այլն: Հետևաբար, այս առումով նման հայտարարությունն ուղղակի պարադոքսալ է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, այն շարժվում է միջազգային պարտավորություններին համապատասխան, և եթե Իրանի հանդեպ չկա որևէ միջազգային պատժամիջոց, ապա Հայաստանն, ինչպես ցանկացած այլ պետություն, ազատ է գործելու իր ունեցած ամբողջ դաշտի սահմաններում: Հայաստանի դաշտն Իրանի հետ ենթադրում է 3 մակարդակ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: Եթե 1-ին և 3-րդ մակարդակում Հայաստանին հաջողվել է գրանցել լուրջ հաջողություններ, ապա տնտեսական հարաբերությունները դեռևս չեն հասել անհրաժեշտ մակարդակին: Պետք է այդ հարաբերությունների ողջ ներուժը զարգացնել և օգտագործել ի շահ մեր երկրի:

Հայաստանն Իրանի հետ հարևանությամբ բոլորովին այլ երկիր է, քան առանց Իրանի հարևանության Հայաստանը, եթե մի պահ պատկերացնենք այդպիսի բան: Հայ-իրանական սահմանը մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, մեր պետականության շարունակականության և ամրապնդման կարևորագույն բաղադրիչներից մեկն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք ադրբեջանա-թուրքական թշնամական շրջապատի մեջ, թշնամական միջավայրում, հետևաբար ՀՀ-Իրան հարաբերությունները պետք է դուրս լինեն բոլոր տիպի ճնշումներից: Ցանկացած խաղացող, որը գործ ունի Հարավային Կովկասի հետ, պետք է հստակ գիտակցի այս հանգամանքը: Մենք և իրանցիները երկկողմ հարաբերությունները զարգացնում ենք՝ ի նկատի ունենալով մեր անվտանգության, կենսական շահերը, որևէ խելամիտ պետություն չի կարող հրաժարվել իր անվտանգության շահերից, դա նույնն է, որ որևէ մեկը ստիպի մեկ ուրիշին սեփական կամքով իրեն գցել մեքենայի տակ:

Հայաստան-Իրան հարաբերությունների  փչացումն ինքնասպանություն է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար, հետևաբար ԱՄՆ-ն պետք է հստակ հասկանա, որ մենք, անկախ ամեն ինչից, Իրանի հետ զարգացնելու ենք մեր  հարաբերություններն իմ նշած բոլոր ոլորտներում և անտրամաբանական է Հայաստանի վրա փորձել նույնիսկ հայտարարությունների մակարդակով ճնշում գործադրել: Նշեմ նորից՝ Իրանը չի աջակցում միջազգային ահաբեկչությանը, եթե խոսքը վերաբերում է լիբանանյան Հեզբոլահին, ապա միգուցե այն  ԱՄՆ-ում կարող է համարվել ահաբեկչական կառույց, բայց Հեզբոլահը Լիբանանում քաղաքական դաշտի մաս է, ներկայացված է Լիբանանի խորհրդարանում, որոշակի համագործակցություն ունի Լիբանանի հայկական և այլ ուժերի հետ, հետևաբար Հեզբոլահը դիտարկել որպես ահաբեկչական  կառույց, կոպտագույն սխալ է, սա լավ հասկանում են նաև ԱՄՆ-ում, ուղղակի իրենք առաջնորդվում են սեփական շահերով: Այս դեպքում ինչո՞ւ մենք չպետք է առաջնորդվենք մեր շահերով:

Ստացվում է, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանի  նմանատիպ հայտարարություններին հայկական կողմը՝ ԱԳՆ մակարդակով կամ այլ կերպ, պետք է արձագանքե՞ր:

Կարծում եմ՝ որևէ մակարդակով միանշանակ պետք է արձագանքել նմանատիպ հայտարարություններին, առավել ևս, որ նման հայտարարությունները սկսում են ստանալ պարբերական բնույթ: Դրանք առանձին հայտարարություններ չեն, դեռևս այս տարվա ամռանից ՀՀ-ում ԱՄՆ արդեն հեռացած դեսպանն անընդհատ որոշակի շեշտադրումներ է անում Հայաստան-Իրան հարաբերությունների մասով: Ասվում էր հայ գործարարներին խորհրդատվություն տրամադրելու մասին: Ընդհանրապես, ցանկացած արժանապատվություն ունեցող պետությունում գործարարները պետք է խորհրդակցություն ստանան բացառապես իրենց պետության պատկան մարմիններից: Մենք պարտավոր չենք որևէ օտարերկրյա դեսպանատնից խորհրդատվություն ստանալ մեր գործարարների համար, և դա նույնիսկ վիրավորական է:

Հաշվի առնելով, որ նման հայտարարություններն արդեն ստանում են շղթայական բնույթ, պետք է դրանց արձագանքել: Անշուշտ, ԱՄՆ-ն գերտերություն է, Հայաստանը չի կարող հաշվի չնստել գերտերությունների շահերի հետ, բայց  այդ շահերի համար պետք է հստակ կարմիր գծեր գծել, այդ շահերն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է ՀՀ շահը, և բոլորը պետք է գիտակցեն, որ այդ կարմիր գիծը ՀՀ-ի համար նշանակում է առնվազն անվտանգային միջավայրի խարխլում, իսկ մենք չենք կարող թույլ տալ, որ մեր պետականությունը խարխլվի՝ անկախ իշխանությունից: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար չափազանց կարևոր են և ենթակա չեն որևէ ոլորտում խաթարման՝ անկախ ցանկություններից կամ ճնշումներից:

Տեսեք, բայց ԱՄՆ դեսպանը նշել էր, որ հայ գործարարներին խորհրդատվություն տրվելու է, որպեսզի վերջիններս չտուժեն Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում, այսինքն դա պայմանավորված է հայ գործարարների շահերով: Փաստացի, դրական նպատակների համար է արվել այդ հայտարարությունն, այս դեպքում ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը:

Նախ հասկանանք, թե ինչ ի նկատի ունի արդեն հեռացած դեսպանը. Ակնհայտ է, որ նման հայտարարությունը ենթադրում է տեղեկատվության հայթհայթում ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Այլ կերպ ասած, հայ գործարարներն, այսպես ասած, զեկուցեն ամերիկյան դեսպանատանը, թե ինչ ոլորտներում են գործում կամ համագործակցում Իրանի հետ: Կարծում եմ՝ սա ինչ-որ առումով վիրավորական տարր պարունակող հայտարարություն է, և որևէ դեպքում որևէ հայ գործարար չպետք է խորհրդատվություն ստանա կամ տեղեկություն տրամադրի որևէ դեսպանատան, լինի դա ԱՄՆ դեսպանատուն, թե այլ երկրի: Հայաստանն, ի վերջո, պետականություն է, և մեր գործարարաները պետք է հարգեն մեր պետական ինստիտուտները, հետևաբար նման խորհրդատվության ակնկալիք հայ գործարարները կարող են ունենալ բացառապես հայկական պետական կառույցներից:

Դուք շատ լավ ճանաչում եք իրանցիներին, գիտեք, թե ինչ մոտեցումներ ունեն, ինչպես են ընկալում այս կամ այն հայտարարությունն ու գործողությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կողմից արված վերոնշյալ հայտարարությունների դեպքում, երբ հայկական կողմը լռում է, ինչպե՞ս են վերաբերվում նրանք, կարո՞ղ է փոխվել նրանց դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ:

Իրանցիները խնդիր ունեն հասկանալ այսօրվա Հայաստանյան իրավիճակը, որոշ դեպքերում նման հայտարարությունների մակարդակում, եթե դրանք մի անգամյա են, ապա կարելի է աչք փակել, բայց եթե դրանք ստանում են շղթայական բնույթ, ապա ակնհայտ է, որ իրանական կողմից չափազանց ուշադիր հետևում են հայկական արձագանքներին: Իրանցիներն առհասարակ ուղերձների մեթոդաբանության դիվանագիտության ոլորտում աշխատողներ են՝ այսինքն ուղղակիորեն որևէ բան չի ասվում և չի ակնկալվում, որ ուղղակիորեն իրենց պետք է ասվի: Ցանկացած գործողություն իրանցիները դիտակում են որպես դրական կամ բացասական ուղերձ: Գործողության բացակայությունը նույնպես դիտարկում են որպես դրական կամ բացասական ուղերձ, հետևաբար մենք պետք է աշխատենք շատ նրբորեն: Հայաստան-Իրան հարաբերությունները ենթակա չեն վատթարացման որևէ պարագայում, սա ուղղակի կործանարար կլինի թե՛ մեզ համար, թե՛ իրանցիների համար, սա իրենք էլ են շատ լավ հասկանում, բայց նման ուղերձների փոխանակումը շատ կարևոր է փոխվստահության և գործակցային մթնոլորտը պահպանելու համար:

Շատ դեպքերում իրանցիներն արձագանքում են ոչ անմիջապես, այլ բազմաթիվ ոլորանների միջոցով: Երբեմն տպավորություն է, որ Իրանում ինչ-որ բան տեղի ունեցավ, որը կարող է գնահատվել որպես հակահայկական բնույթի գործողություն և ինչո՞ւ դա այդպես տեղի ունեցավ: Մենք պետք է շատ ավելի հետ գնանք իրական շղթան վերականգնելու համար և տեսնենք, թե դա մեր որ գործողության պատասխանն էր: Բնական է, հազարամյա պետականություն ունեցող պետությունն աշխատում է շատ նուրբ դիվանագիտության մեխանիզմներով, որը շատ դեպքերում ոչ մասնագետի համար անահասկանալի է մնում Հայաստանում:

Մենք կարո՞ղ ենք ֆիքսել, որ անպատասխան թողնված այսօրինակ հայտարարությունները կարող են Իրանի մոտ դեպի Հայաստանը բացասական վերաբերմունքի պատճառ դառնալ:

Նման հնարավորություն կա և մենք պետք է գնահատենք այդ ռիսկերը և փորձենք  չեզոքացնել ցանկացած ռիսկ, որը կարող է ազդել ՀՀ-Իրան հարաբերությունների վրա: Այս համատեքստում իրանցիների մոտ լրացուցիչ անհանգստությունների տեղիք չտալու համար նման շղթայի դեպքում պետք է արձագանքել կամ առնվազն ամրագրել Հայաստան-Իրան հարաբերությունների  բարեկամական բնույթն այլ դաշտում այլ գործողությամբ:

Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված ներկայիս իշխանության կողմից այսօրինակ լռելու կամ գուցե անտեսելու գործելաոճը՝ փորձի, մասնագիտական հմտությունների պակա՞ս է, թե այլ պատճառ կարող է լինել:

Կարծում եմ՝ մի քանի գործոններ կան՝ առաջինը ներքաղաքական խնդիրների վրա ուշադրությունը կենտրոնացնելն է, ցավոք, Հայաստանը գտնվում է երկարատև  նախընտրական շրջանում, որը սկսվել է մայիսից և հայտնի չէ՝ մինչև երբ կշարունակվի, իսկ դա բերում է նրան, որ պետական կառույցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է ներքաղաքական գործոնների վրա: Երկրորդ գործոնը Ձեր նշածն է՝ որոշակի մասնագիտական փորձի, հմտությունների պակաս, ինչն անշուշտ պետք է լրացնել մասնագետների, մարդկանց ներգրավմամբ, ովքեր ճանաչում են Իրանը, կապեր ունեն Իրանում: Իրանական աշխարհայացքում մարդկային հարաբերությունները կարող են որոշիչ դեր ունենալ: Արևմտյան պետություններում նույնպես սա կարևոր է, մարդկային հարաբերությունները կարող են շատ բան որոշել չոր դիվանագիտական, քաղաքական կապերին զուգահեռ, բայց Արևելքում մարդկային հարաբերությունների դերը շատ ավելի որոշիչ է: Այս համատեքստում կարևոր է, որպեսզի մենք կարողանանք բալանսավորել մեր խնդիրները, մեր արտաքին քաղաքական ուղղությունները, որպեսզի մեկը մյուսի հաշվին չիրականացվի:

Ներկայիս կառավարության կազմում չկա՞ն մարդիկ, ովքեր ունեն կամ կարող են ունենալ Իրանի հետ նման հարաբերություններ:

Այս պահին չկան նման մարդիկ, միգուցե լինեն, բայց այս պահին, կարծում եմ՝ անհրաժեշտ է ունենալ բարձր մակարդակի հանդիպում՝ ՀՀ վարչապետի այցելություն կազմակերպել դեպի Իրան կամ Իրանի նախագահի կողմից այցելություն դեպի Հայաստան, որի ընթացքում անձնական հարաբերություն կառուցելու փորձ կարվի, որովհետև Իրանի քաղաքական համակարգը բավականին հետաքրքիր կառուցվածք ունի. Շատ կարևոր է Իրանի հոգևոր առաջնորդի, Իրանի խորհրդարանի տարբեր շրջանակների հետ կապերը, որովհետև Իրանի խորհրդարանում կան բազմաթիվ լոբբիստական խմբեր, որոնք Իրանի այս կամ այն հարևանի շահերի տիրույթում են գործում՝ բնականաբար, որպես առաջին շահ դիտարկելով Իրանի շահը: Այս տիրույթում ակտիվացումը կարող է լրջագույն օգուտ բերել Հայաստանին: Ցավոք, մեր երկու պետությունների ներուժի շատ փոքր մասն ենք մենք հիմա օգտագործում և պետք է աշխատենք այն լիարժեք օգտագործելու ուղղությամբ:

Զրուցեց՝  Ա. Հովհաննիսյանը

Նույն շարքից