Գլխավոր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Բոլոր խոշոր խաղացողները փորձում են Հայաստանյան նոր իշխանություններին տարբեր «կտեր» տալ. Տիգրան Քոչարյան

analitik.am

Օրեր առաջ ՀՀ ժամանեց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն:

Analitik.am-ը Բոլթոնի այցի և նրա արած հայտարարությունների մասին  զրուցեց  քաղաքագետ Տիգրան Քոչարյանի հետ, ով ասաց, որ  Բոլթոնի այցը Հայաստան հիմնականում հիմնված էր 2 թեզի վրա. «Առաջինը, որ ԱՄՆ-ն շարունակելու է խիստ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ,  և բոլոր տարածաշրջանային երկրները, որոնք սահմանակցում են Իրանին, պետք է դա լավ հասկանան: Երկրորդ՝ բացեիբաց ասաց, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից  պետք է քչանա և համապատասխան քայլեր առաջարկվեց՝ զենքի վաճառք Ադրբեջանին ու Հայաստանին: Երևի, սրանք ավելի շատ աշխարհաքաղաքական, քան տարածաշրջանային խնդիրներ էին, և Հայաստանը ինչ-որ չափով ներգրավված է այս ամեն ինչի մեջ»:

Մեր այն հարցին՝ կա՞ արդյոք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն, քաղաքագետն ասաց, որ պետք է հասկանալ, թե հին մակարդակն ինչքանով է վատ եղել ՀՀ-ի համար. «Շատ հաճախ  ավելի կարևոր է լինում մեծ խաղերի մեջ չմտնելը, որովհետև ի զորու չես որևէ ռեսուրսներով մասնակցել՝  որպես հավասար: Իմ կարծիքով, այն հարաբերությունները, որը եղել է ԱՄՆ-ի հետ, բավականին նորմալ է ՀՀ-ի համար: Արդյո՞ք պետք է մտնել այս խաղի մեջ և ինչ-որ գործիքակազմ դառնալ ԱՄՆ-ի նպատակների համար  այստեղ կամ որևէ այլ երկրում: Ցավոք սրտի կամ փառք Աստծու, մենք միջազգային այն օբյեկտը չենք, որը կարող է գլոբալ պրոցեսներում ինքնուրույն խաղ խաղալ»:

Ինչ վերաբերում է Բոլթոնի այն հայտարարությանը, որ հայ-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են ԱՄՆ-ի համար առաջնահերթ կարևորության խնդիր և դրանք իրենց համար ռազմավարական նշանակություն ունեն, պատրաստ  են իրենց աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Քոչարյանն ասաց, որ ժամանակին այդպիսի բաներ շատ մարդիկ են ասել. «Սովորաբար, երբ ՀՀ-ում նոր ընտրություններ է լինում և իրավիճակ է փոխվում, անպայման հնչում են նման հայտարարություններ՝ Արցախյան հարցը լուծելու հույս են հայտնում: Այստեղ արդեն պետք է հետևել, թե ինչքանո՞վ է Բոլթոնի այս հայտարարությունն ուղղակի հայտարարություն, թե՞ ԱՄՆ-ն ձեռնարկել է այդ հարցով ինչ-որ քայլեր: Ամեն ինչ ավելի շատ կախված է ԱՄՆ-Իրան հարաբերություներից, և եթե ԱՄՆ-ն որոշի շարունակել Իրանի մասով իր քայլերը, որոնք Թրամփի ադմինիստրացիայի գալով ավելի են հաստատվել, այստեղ իրոք կարող է ինչ-որ խնդիրներ առաջանալ, որովհետև Արցախի հարցն այս տարածաշրջանում ամենակարևոր հարցերից մեկն է: Չպետք է մոռանալ նաև, որ Արցախն էլ է սահմանակից Իրանի, իսկ  ինչքանո՞վ է սահմանակցող շրջանները կարևոր ԱՄՆ-ի համար և ո՞ւմ են նախատեսում ամերիկացիները տեսնել այնտեղ, եթե սկզբունքներն ի կատար ածվեն և այնտեղ տեղակայվեն  խաղաղապահ ուժերը: Արդյո՞ք ԱՄՆ-ն զուտ «բզբզում» է նրա համար, որպեսզի ՌԴ-ին ներվայնացնի, դա էլ է հարց, բայց ամեն դեպքում,  ՀՀ-ն պետք է պատրաստ լինի այդ բոլոր քայլերին և մաքսիմալ կերպով պետք է կարողանա անվնաս  դուրս գալ, որովհետև ԱՄՆ-ն և ՌԴ-ն հեռու են տարածաշրջանից՝ չնայած հետաքրքրված են տարածաշրջանով, բայց Իրանը մեր հարևանն է, և իմ կարծիքով,  այդպես էլ մնալու է: Պետք է ամեն ինչ անենք, որ խոսափենք Իրանի հետ որևէ կոնֆլիկտի մեջ մտնելուց»:

Քոչարյանն անդրադարձավ նաև Բոլթոնի և վարչապետ Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկված երկու երկրների միջև տնտեսական ոլորտում աշխուժությանը և Հայաստանում ԱՄՆ ներդրումներին, նշելով, որ ճիշտ մոտեցում կլինի այն, որ սկզբից ներդրումներ անեն, հետո փորձեն այդ ներդրումների հաշվին ինչ-որ դիվիդենտներ ձեռք բերել. «Իմ կարծիքով, անընդհատ ինչ-որ բաներ խոստանալը ոչ կառուցողական մոտեցում է, որովհետև որևէ երաշխիք չկա, որ խոստումներն  ի կատար կածվեն, երբ-որ այդ քայլերն արվեն: Պատկերացրեք, եթե ՀՀ-ն սկսի ինչ-որ ուղղությամբ անզգույշ քայլեր անել, ենթադրենք, կրկին հարաբերությունները վատացնի ՌԴ-ի հետ, իսկ ԱՄՆ-ն իր խոստումը չկատարի, ինչը հաճախ լինում է: Եթե տեսնենք, տարբեր երկրներում խնդիրներ են առաջացել, հետևելով Եվրամիության ու ԱՄՆ-ի խոստումներին, քայլեր են արել պետությունները ,  այնուհետև հայտնվել են տնտեսական բավականին ծանր վիճակում, տարածքային ամբողջականության խնդիրներ են առաջացել: Ավելի ճիշտ կլինի, որ ներդրումներն արվեն և ըստ կատարված ներդրումների ու հաջողությունների, փորձեն ինչ-որ քաղաքական միավորներ ձեռք բերել, հակառակ դեպքում  անխոհեմություն կլինի ուղղակի խոստումների հետևից գնալը»:

Քաղաքագետը  նաև նշեց, որ իր կարծիքով,  ՀՀ-ի նոր իշխանություններն այդքանը հասկանում են և չմտածված քայլեր չեն անի: Մեր մյուս հարցին, թե  ի՞նչ մոտեցում ունի ԱՄՆ-ն Արցախի հարցի հետ կապված, ի՞նչ օրակարգ էր Բոլթորը բերել տարածաշրջան, Քոչարյանն ասաց, որ խոշոր խաղացողներն իրենց քայլերն անում են և փորձում են տեսնել, թե ինչպիսին կլինի արձագանքը. «Սովորաբար, եթե քաղաքականության մեջ ինչ-որ քայլ ես անում և որևէ դիմադրություն չի լինում, ապա շարունակում ես անել հաջորդ քայլը: Իմ կարծիքով, Բոլթոնի այցը Հայաստան հիմնականում «բզբզոց» քայլ էր, որպեսզի տեսներ, թե Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ինչպես կարձագանքեն այս ամեն ինչին: Չեմ կարծում, որ նա անշրջելի քայլ արեց, բայց պետք է հաշվի առնել այն, թե ինչո՞վ է տարբերվում Բոլթոնի այցը նախորդ այցերից կամ հայտարարություններից: Այս անգամ  բավականին կոպիտ հայտարարություններ եղան, և ԱՄՆ-ն իր քայլն արդեն արել է, մնում է միայն, որ Հայաստանն ու մնացածները կարողանան համարժեք արձագանքել, որովհետև պարզ է, որ ԱՄՆ-ն առաջ է տանելու իր շահերը:

Մեր այն հարցին, թե կարելի՞ է Բոլթոնի այցը Հայաստան՝ առանց գործնական ծրագրերի առկայության, համարել հայ-ամերիկյան հարաբերություններում բարելավում, քաղաքագետն ասաց, որ բարելավում ասելու համար պետք է այդ բարելավման արդյունքները տեսնել. «Դեռևս շատ քիչ է անցել այցից, որ բարելավում տեսնենք, կարելի է ֆիքսել, որ ամերիկյան իշխանությունները՝ չեմ կարող ասել շատ բարձր մակարդակով, բայց ինչ-որ մակարդակով Հայաստանի հետ շփում ունեցան, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Իսկ ինչ վերաբերում է բարելավմանը, դրա մասին  բավականին բարդ է խոսելը, որովհետև դա իր տակ ունի և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, և՛ մարդկային, և՛ մասնագիտական աջակցություն: Ժողովրդական լեզվով ասած, բոլոր խոշոր խաղացողները փորձում են Հայաստանյան նոր իշխանություններին տարբեր «կտեր» տալ և չգիտեմ ինչքանով է փորձառու Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը, որպեսզի այդ կտերը չուտեն, հակառակ դեպքում բավականին բարդ կլինի»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից