Հայաստան Քաղաքականություն 

Եթե մենք լավը լինեինք, ձեր տեղը նստած կլինեինք. Էդուարդ Շարմազանովը` կառավարությանը

analitik.am

Ապագա պատմաբանները միգուցե Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն անվանեն հեղափոխություն, միգուցե հեղաշրջում, կամ իշխանափոխություն կամ իշխանազավթում: Այսօր` նոյեմբերի 14-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ ժողովուրդն ուներ չբավարարված սպասումներ, միգուցե եղել են արդարության հետ կապված խնդիրներ:

Շարմազանովի խոսքերով, այսօր Նիկոլ Փաշինյանը շատ բարձր պլանկա է դրել, մարդկանց մոտ լուրջ սպասումներ կան:

ԱԺ խոսնակը համաձայն չէ այն մտքի հետ, որ ներկայացված բյուջեն իներցիոն է, քանի որ նոր կառավարության ներկայացրած բյուջեն չի կարող լինել իներցիոն: Նրա խոսքերով, իներցիոն եղել է 2018 թվականի բյուջեն, որը եղել է Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեի շարունակությունը:

Շարմազանովը հայտարարեց, որ 2018 թվականի բյուջեում 6,5 տոկոս տնտեսական աճ է նախատեսվել, իսկ հաջորդ տարվա համար 4,9 տոկոս տնտեսական աճ, հետևաբար հարց է առաջանում, թե ինչպես են մարդիկ ավելի լավ ապրելու:

ԱԺ փոխխոսնակը խոսեց նաև ներդրումների կտրուկ անկման, արտահանման ծավալների անկման մասին. «Այս քանի օրն  էլ իմացանք, որ հեղափոխական Հայաստանում էվոլուցիոն օպտիմիալացում է լինելու: Այն, ինչ այսօր կառավարությունն անում է, շատ դեպքերում հակասում է իր լիդերի հռչակած սկզբունքներին: Երբ մենք էինք իշխանություն, ասում էինք, որ անհնար է խուսափել դրանից, դուք ասում էիք, որ անհնար չէ: Դուք այդ խոստումներով եք եկել իշխանության»:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, Շարմազանովն ասաց, որ այն չի կարող լինել ասֆալտին փռելով, պետք է լինի քաղաքական կամք ու օրենսդրական բարեփոխումներ:

ԱԺ փոխխոսնակը նշեց նաև մարդու իրավունքների մասին` հայտարարելով, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ. «Եվ ամենակարևորը` Հայաստանի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է: Ես նկատի չունեմ միայն տեսանելի հակառակորդը, նկատի ունեմ այն վատ երևույթները, որոնք կան: Այդ իմաստով չեմ տեսնում հայագիտության բլոկը որպես ռազմավարական բլոկ: Միգուցե մեր ժամանակ էլ չի եղել ու դուք կարող եք այդպես ասել, բայց եթե մեր իշխանությունը լավը լիներ, ես նստած կլինեի ձեր տեղը, դուք էլ կքննադատեիք: Պետք է լինի կիրառական հայագիտություն: Ադրբեջանն ու Թուրքիան միլիոնավոր դոլարներ է ներդնում մեր դեմ, մենք այս պայքարում տանուլ ենք տալիս: Հարցը հասել է նրան, որ Ալիևը լկտիաբար հայտարարում է, թե Երևանն ու Արցախն ադրբեջանական հող են, իսկ մեզ թվում է, թե մենք կարող ենք լռել, քանի որ իբր ամբողջ աշխարհը գիտի իրականությունը»:

Շարմազանովն ապա դիմեց ԿԳ նախարարին` ցանկանալով իմանալ, թե ինչպես է վերջինս վերաբերում դպրոցներում Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդմանը և ռազմահայրենասիրական դոկտրինին:

Նույն շարքից