Հայաստան Քաղաքականություն 

Դպրոցներում չեն լինելու խմբակներ, որոնք միլիոններ են ստանալու տուշոնկայով հարստացածներին գովերգելու համար. Արայիկ Հարությունյան

analitik.am

ՀՀ-ում կրթությունը պետք է լինի ներառական և արդար: Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ վերջին 6 ամիսներին արված քայլերը միտված են այդ գաղափարին:

Նախարարի պաշտոնակատարի խոսքերով, որակյալ կրթությունը պետք է լինի բոլորին հասանելի, իսկ նախկինում ոլորտում եղել են պաշտոնյաներ, որոնք առաջնորդվել են անձնական շահերով, արդյունքը եղել է այն, որ կրթական ոլորտի ղեկավարի զավակը գնացել է մասնավոր դպրոց, դա նույն է, որ Պաշտպանության նախարարի զավակը ծառայի օտար բանակում. «Այ սա է եղել նախկինում մեր կրթույան վիճակը, իսկ 6 ամսիների ընթացքում մենք շատ լուրջ քայլեր ենք արել: Ասում են, թե ապաքաղաքականացումը դարձրել ենք մեր դրոշակը: Բա ինչ անեինք, եթե ընտրությունից ընտրություն ուսուցիչներին ստիպում էիք նվաստանալ, ընտրությունը կեղծել, հետո գնալ աշակերթ կրթելու: Պետք է ապաքաղաքականցնեինք, որովհետև դա ազդում է կրթության որակի վրա: Հեգնանքով ասում եք, թե կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել ենք դրոշակ:Բա ինչ պետք է անեինք: Դպրոցից, բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչները չեն ազդում արդյոք կրթության որակի վրա, իհարկե ազդում են: Մինչդեռ այդ միջոցները կարելի էր ներդնել կրթության որակի վրա»:

Հարությունյանի խոսքերով, շատ դպրոցներում նույնիսկ սովորական զուգարաններ չկան, հնարավոր չէ ճահճի վրա կառուցել, պետք է համակարգը լինի արդար, որպեսզի մարդիկ հաճույքով աշխատեն և արդյունքի տան:

Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև օպտիմալացման մասին՝ հայտարարելով, որ ազատված ուսուցիչներին աշխատանքով ապահովելու համար պետք է ստեղծել համակարգ, որպեսզի նրանց զբաղվածության հարցը լուծվի: Իսկ մինչ այդ համակարգը ստեղծված չէ, կտրուկ քայլեր չեն արվելու:

Հարությունյանը հայտարարեց, որ առաջիկայում հաշվետվությամբ են հանդես գալու, բոլորը կտեսնեն, թե ինչպես են միլիարդավոր դրամներ ծախսվել տարբեր մարդկան շահերից բխող ծրագրերի վրա. «Ծրագրեր են գրված եղել, որոնք եղել են այդ մարդկանց կրթական կենտրոնների համար, ոչ թե ընդհանուր կրթական համակարգի: Մենք օր ու գիշեր աշխատում ենք ու այդ խնդիրներն իր հայտ են գալիս»:

Անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի հարցադրումներին՝ մասնավորապես կիրառական հայագիտությանը, Հարությունյանը հայտարարեց, որ այդ նպատակին միլիարդավոր դրամներ են տրամադրվում, բայց արդյունքը շատ փոքր է. «Հիմա մենք ուսումնասիրում ենք, թե ուր են գնում այդ գումարները, որ հիմնադրամներին, ամսագրերին: Հայ եկեղեցու պատմության մասին: Անընդհատ այսպիսի թեմաներով՝ Հայ եկեղեցու պատմություն, ԼԳԲՏ, փորձում են դիսկուրս փոխել: Բոլոր առարկաները լուրջ վերանայման կարիք ունեն, այդ թվում նաև հայ եկեղեցու պատմության առարկան: Այս մանիպուլացիաներով փորձում են խանգարել մեզ, սակայն մենք առաջ ենք գնալու»:

Ինչ վերաբերում է գիտության ազգային նկարագիր ունենալու հարցադրմանը, ԿԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարեց՝ իհարկե պետք է ունենա. «Ռազմահայրենասիրական դաստիարակության մասին: Պետք է ասեմ, որ մեր դպրոցներում այլևս չպետք է լինեն խմբակներ, որոնց տրվում են 100 միլիոնավոր դրամներ պետբյուջեից, որտեղ գովերգվելու են տուշոնկայով հարստացած նախկին զինվորականներ: Սա չի լինելու: Սա էլ թող չշահարկեն, թե տարբեր խմբերի գումարները կտրել ենք: Կտրել ենք ու տրամադրելու ենք այլ նպատակներին, որպեսզի ՀՀ քաղաքացի դաստիարակվի»:

Նույն շարքից