Տնտեսություն 

Ո՞վ է մեղավոր սպառող-վաճառող «օրինախախտ» հարաբերություններում

analitik.am

 Հսկիչ դրամարկղային կտրոն պահանջելը դեռևս սպառողին չի ապահովագրում հնարավոր խաբեություններից: Այն կառույցները, որոնք ունեն սուոպերմարկետի կարգավիճակ, պետք է հսկիչ դրամարկղային կտրոններից բացի սպառողին տրամադրեն նաև ապրանքային անվանական կտրոններ, որտեղ հստակ նշված են ապրանքներն առանձին-առանձին անվանումներով ու արժեքներով: Հսկիչ դրամարկղային կտրոնի ու ապրանքային անվանական կտրոնի վրա նշված գումարները պետք է համընկնեն: Բայց դրանցում հիմնականում 2-ից 13-14 դրամի տարբերություն կա: Առանց տնտեսական գիտելիքներ ունենալու էլ կարելի է հաշվել, թե որքան է կազմում ամեն հաճախորդից շորթած ավել գումարը: Լինում են նաև դեպքեր, երբ ապրանքային անվանական կտրոնում գրված ապրանքն ուղղակի չի լինում սպառողի զամբյուղում: Երբեմն էլ, հատկապես նախատոնական շրջանում, երբ վաճառքի ծավալը բազմապատկվում է մի քանի ցուցիչով՝ բիզնեսմեն-վաճառողի մեջ «ստվերում» գտնվելու և ավելի հարստանալու մոլուցքն էլ նույն ցուցիչով աճում է: Խանութներում, սուպերմարկետներում բավարարվում են ապրանքային անվանական կտրոններ տրամադրելով: Եթե սպառողն ուշադիր չլինի կամ չցանկանա պահանջել հսկիչ դրամարկղային կտրոնն, ապա նա չի կարողանա անհրաժեշտության դեպքում օգտվել ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու իր իրավունքից, բացի այդ տվյալ ապրանքի համար չի գանձվի պետական հարկ: Ի՞նչ է ստացվում: Թեև սպառող-վաճառող հարաբերություններում օրենքը հստակ դրույթներ է սահմանում, բայց գործնականում վաճառողնույն այդ դրույթները շրջանցելու հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում են: Ի վերջո, ո՞վ է մեղավոր: Իր իրավունքներին անտեղյակ կամ տեր չկանգնող սպառո՞ղը, թե դրանից օգտվող վաճառողը:


Նույն շարքից