Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Սալոմե Զուրաբաշվիլիի հաղթանակից հետո Սաակաշվիլին չի կարող վերադառնալ Վրաստանի քաղաքականություն. Ջոնի Մելիքյան

analitik.am

Վերջերս Վրաստանում տեղի ունեցավ նախագահական ընտրություններ, և ձայների մեծամասնությամբ Վրաստանի նախագահ ընտրվեց Սալոմե Զուրաբաշվիլին:

Analitik.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ դեկտեմբերի կեսերին, երբ տեղի ունենա նախագահի երդմնակալության արարողությունը, Վրաստանն արդեն լիարժեք պառլամենտական հանրապետություն կդառնա, որտեղ նախագահի լիազորություններն այնպիսին  կլինեն, ինչպիսին Հայաստանում են. «Ոչ մի լուրջ փոփոխություն չեմ սպասում, բայց այս պարագայում դեռ ներկա նախագահն կոնֆլիկտային իրավիճակներ էր ստեղծում մեր նախագահի և կառավարության, կամ պառլամենտական մեծամասության միջև, և իրենք չէին համագործակցում ու առանձին էին աշխատում: Սալոմե Զուրաբաշվիլիի պարագայում առաջին փուլում, չեմ պակերացնում, որ ինչ-որ կոնֆլիկտ լինի, դրա համար մտածում եմ, որ համագործակցություն տեղի կունենա, և նախագահն իր լիազորությունների շրջանակներում կփորձի լինել միջնորդի դերում՝ իշխանությունների և ընդդիմության միջև՝ արտաքին քաղաքականության հարցում, կփորձի ներկայացնել երկիրը, որոշ կապեր կստեղծի արտաքին աշխարհի հետ: Այս պարագայում արդեն հայտարարվել է, որ նա տեսնում է առաջին այցերը դեպի Եվրոպա, ինչն էլ նշանակում է, որ լինելով Ֆրանսիայում նախկին դիվանագետ, ունենալով կոնտակտներ Փարիզում, պարզ է, որ եվրոպական ուղղվածությունն ավելի կամրանա և չեմ կարծում, որ կանտեսվի մեր տարածաշրջանը, քանի որ հարևան Հայաստանը,  նաև Թուրքիան կարևոր են Վրաստանի արտաքին տարածաշրջանային քաղաքականության համար, ուստի հրավերի առկայության դեպքում կարելի է սպասել, որ գալիք տարի նա կայցելի Երևան»:

Վրացագետը նշեց, որ չի կարծում, որ հայ-վրացական  հարաբերությունները վատ վիճակում են. «Նախկինում էլ վատ չէին հարաբերությունները, բայց այս պարագայում, եթե նորմալ կառուցողական հարաբերություններ լինեն նախագահի, կառավարության և պառլամենտի միջև, իմ կարծիքով՝ արդեն թիմային աշխատանքով ավելի էֆեկտիվ կլինի»:

Պարոն Մելիքյանը նշեց նաև, որ եթե Սալոմե Զուրաբաշվիլին նորմալ կառուցողական հարաբերություններ կառուցի ներկայիս վարչապետի ու պառլամենտի հետ, կարող է ներդրում ունենալ հայ- վրացական հարաբերությունների մեջ. «Ցանկալի կլինի, որ ընտրությունների ավարտից հետո մի քանի անգամ հայ-վրացական հանդիպումներ լինեն, և այս մեկ տարվա ընթացքում բարձրաձայնած ծրագրերն ու նպատակները սկսեն իրականացվել»:

Հարցին, թե Վրաստանում հայ համայնքի հետ կապված փոփոխություններ կարո՞ղ ենք սպասել Սալոմե Զուրաբաշվիլից, վրացագետն ասաց, որ եթե վերջինիս գործունեությունը գնահատենք պրագմատիկ, ապա կտեսնենք, որ նախկինում շատ կարևոր քայլեր է արել. «Երկքաղաքացիության օրենքի մշակումը նրա կողմից էր սկսվել, և դեռևս վերջնական ավարտին չի հասել, սահմանադրությամբ արգելքը հանված է, բայց այդ մեխանիզմի վերջնական ընդունումը դեռևս հարկավոր է: Երկքաղաքացիության հարցի լուծումը մեր համայնքի վրա բավականին լավ ու դրական ազդեցություն կթողնի, քանի որ շատերը զրկված են Վրաստանի քաղաքացիությունից և կարիք կա, որ վերականգնեն: Իմ կարծիքով՝ Զուրաբաշվիլին Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի շատ հոգատար նախագահ»:

Մելիքյանը նաև մեկնաբանեց Analitik.am-ին տված հարցազրույցներից մեկում իր նշած այն միտքը, որ  եթե Սալոմե Զուրաբաշվիլին դառնա նախագահ, ապա և՛ վրացական երազանքն  իրեն կոմֆորտ կզգա, և՛ արտաքին քաղաքականությունը. «Եթե հաղթեր Գրիգորի Վաշաձեն, բավականին լուրջ խնդիրներ կսեղծվեին վրացական երազանքի համար, քանի որ ի վերջո, չնայած որ սահմանափակ լիազորություններ ունի նախագահը, կունենար հնարավորություն արտերկրյա այցերում քննադատել գործող իշխանություններին և բավականին դժվարացնել իրենց առօրյա աշխատանքային հնարավորությունները: 2020 թվականին պառլամենտական ընտրություններն են, ի վերջո պետք է հասկանանք, որ այս շրջանում վրացական երազանքի հաղթանակը կա, բայց մյուս կողմից՝ գոհ լինելով այս արդյունքներից, պետք է շարունակեն բարեփոխման աշխատանքները, ապահովեն տնտեսական աճ, որպեսզի ապագայում ունենան պառլամենտական մեծամասնություն»:

Այն հարցին, թե ինչ զարգացումներ կունենան վրաց-ռուսական հարաբերությունները և հնարավո՞ր է դրանք վատանան, Մելիքյանն ասաց, որ այս պահին նման վտանգ չի տեսնում. «Իմ կարծիքով՝ այդ վտանգը հիմա չկա, որովհետև Վաշաձեն իր հերթին ինչ-որ չափով կարող էր վատացնել այդ հարաբերությունները, բայց այսօրվա դրությամբ Սաակաշվիլին որոշ հայտարարություններ արեց, ինչպես նաև փորձեց Վրաստանում վիճակն ավելի սրել, իսկ հիմա հասկանալով, որ առջևում դեռ 2020 թվականի ընտրություններն են, և կա լուրջ զանգվածի աջակցություն, փորձեցին այդ իրավիճակի սրմանը չգնալ և մերժեցին Սաակաշվիլիին, ում պատճառով նաև Վաշաձեն պարտվեց: Սաակաշվիլիի ակտիվ գրառումն այս նախընտրական շրջանում ավելի շատ վնաս տվեց Վաշաձեին, քան՝ օգուտ: Իմ կարծիքով՝ նոր նախագահի օրոք  շատ լավ հնարավորություն կա, որ տարիներ հետո Ռուսաստանի և Վրաստանի նախագահների միջև հանդիպման առաջարկ լինի»:

Մելիքյանը նաև նշեց, որ Սաակաշվիլիի վերադարձը քաղաքականություն կարող է տեղի ունենալ միայն իշխանափոխության միջոցով. «Սաակաշվիլի վերադարձը քաղաքականություն կարող է տեղի ունենալ միայն իշխանափոխության ժամանակ: Վաշաձեն չէր էլ թաքցնում, որ համաներում կհայտարարեր և քաղաքացիություն կարող էր վերադարձնել, ինչն էլ իր լիազորությունների մեջ էր մտնում, և արդեն այդ քայլից հետո Վրաստանի ներքին իրավիճակը բավականին լուրջ կդառնար, սակայն հիմա այդ մասով կարող ենք հանգիստ լինել»:

Օֆելի Իսրայելյան 

 

Նույն շարքից