Միջազգային 

Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը պատրաստ կլինի հունիսի 1-ին

analitik.am

Եվրասիական տնտեսական միության հիմքում պետք է լինի լայնաֆորմատ Մաքսային միությունը: Միության անդամների միջև չպտեք է լինեն սահմանափակումներ ապրանքների շարժի առումով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որը տեղի ունեցավ Մինսկում ապրիլի 29-ին: Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, նիստի օրակարգը նախատեսում էր երկու կարևոր թեմաների քննարկում. ԵՏՄ մասին պայմանագրի նախագծի մշակման ընթացքն ու Մաքսային միության Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված մի շարք միջոցառումների իրագործումը:

 

Բացելով նիստը՝ Լուկաշենկոն ափսոսանքով նշեց, որ այսօր արդեն ձևավորվել է այն հարցերի շրջանակը, որոնց շուրջ կողմերի կարծիքները տարբեր են, ու այդ հարցերի ցանկը մտավախություն է առաջացնում: «Ուստի մենք հավաքվել ենք այդ հարցերին լուծում տալու համար»,-ասել է նա:

 

«Մեզ առաջարկում են այսօր չլուծված թողնել այն խնդիրները, որոնք պետք էր լուծել դեռ նախորդ փուլերում: Ըստ մեր համոզման, մենք պետք է կոնկրետ խնդիրներ լուծենք, որից մեկը լիարժեք Մաքսային միությունն է: Միության անդամների միջև չպետք է սահմանափակումներ լինեն ապրանքաշրջանառության առումով»,-ասել է Բելառուսի նախագահը: Ըստ նրա, ապրանքների շարժի ցանկացած սահմանափակում, առավել ևս էներգակիրների դեպքում, անցանկալի նախադեպ կառաջացնի:

 

Լուկաշենկոն նշել է, որ մտավախություն է առաջանում, որ այստեղ կարող են տնտեսական ու բյուջետային բնույթի բարդություններ լինել: «Բայց ինձ թվում է, այդ դեպքում Եվրասիական տնտեսական միության մասին հնարավոր կլինի խոսել 10 տարի անց, եթե մենք այսօր պատրաստ չենք»,-ասել է Բելառուսի նախագահը: Ինչ վերաբերում է օրակարգի երկրորդ կետին, ապա բելառուսական կողմը կողմ է, որպեսզի նոր անդամներն ընդունվեն փաթեթային սկզբունքով առանց հատուկ պայմանների կամ կարգավիճակների:

 

«Կարծում եմ, որ դա արդար կլինի, առաջին հերթին մեր երկրների դեպքում, որոնք անցել են ինտեգրման գործընթացի բոլոր փուլերով»,-ասել է Լուկաշենկոն: Իր հերթին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ առկա տարաձայնությունները Եվրասիակն տնտեսական միության ճանապարհին հաղթահարելի են: Նա նշել է, որ կողմերը կատարել են աշխատանքի մեծ մասը, ստեղծվող միության հանդեպ հետաքրքրություն են դրսևորում այլ գործընկերներ, և հիշեցրել, որ այս տարի լրանում է եվրասիական ինտեգրման 20-ամյակը:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես խոստովանել է, որ կան չլուծված հարցեր, սակայն վստահություն հայտնել, որ դրանք կարելի է լրամշակել ու փոխզիջման գալ: Նիստի ավարտին պետությունների նախագահները հանձնարարել են ավարտել ԵՏՄ մասին պայմանագրի բոլոր նրբությունների մշակումը, որպեսզի փաստաթուղթը եռյակի ստորագրմանը ներկայացվի Աստանայում մայիսի 29-ին կայանալիք գագաթաժողովում: ԵՏՄ մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի բազային հիմքը, որով նախատեսվում է, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան ժամկետից մի փոքր շուտ կսկի գործել, քանի որ արդեն 2 տարի է նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: 2016 թվականին նախագահները կհաստատեն շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018-ին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը: Մինչև 2025 թվականը նավթի, նավթամթերքի ու գազի ոլորտներում գործակցության հետ կապված հարցերը կկարգավորվեն ըստ գործող համաձայնագրերի, որ կնքվել են 2010 թվականին, և ըստ լրացուցիչ երկկողմ պայմանավորվածությունների, որոնք կստորագրվեն ու կապահովեն կողմերին բավարարող գործակցության կարգավիճակը:

 

Ինչ վերաբերում է ՄՄ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրին, ապա փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի քննարկմանը մայիսի 29-ին: Նախագահները հավանություն են տվել Մաքսային միությանը Հայաստանի միանալու ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքին: Մասնավորապես, 126 կետից 111-ն արդեն կատարված է, իսկ 15-ը ներառվել են ՄՄ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին բուն պայմանագրում:

 

ՀՀ նախագահը չի մասնակցել գագաթաժողովին: «Դեռ չանդամակցելով ՄՄ-ին ու ԵՏՄ-ին Հայաստանը չի մասնակցում Մինսկում ընթացող Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստին: Ըստ օրակարգի, Հայաստանի ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը ՄՄ անդամ երկրների նախագահներին կներկայացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը»,-հայտարարել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նույն շարքից