Գլխավոր Իրավական Հասարակություն 

Դատարանի անկախությանը սպառնացող որևէ փորձ թույլատրելի չէ. Արտակ Զեյնալյան

analitik.am

Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը և նրան ազատ արձակել 25 միլիոն դրամ գրավի դիմաց, բողոքի ակցիաներ սկսվեցին նախ Էջմիածնում, ապա ակցիայի մասնակիցները սկսեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել նաև Երևանում: Քաղաքացիները պահանջներ ունեն Արդարադատության նախարարությունից ևս և նույնիսկ պատրաստվում էին ակցիա անել նախարարության մոտ: Որքանո՞վ  է արդարացված Արդարադատության նախարարությունից ինչ-որ բան պահանջել կամ ի՞նչ կարելի է ասել ցուցարարների այն հայտարարությունների մասին, թե ճնշում են գործադրում դատարանների վրա: Analitik.am-ն այս հարցերի շուրջ  զրուցեց  Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ, ով  անթույլատրելի համարեց  դատարանի անկախությանը սպառնացող որևէ փորձ:

Որքանո՞վ է արդարացված արդարադատության նախարարից ինչ-որ բան պահանջելը, եթե հաշվի առնենք այն, որ նախարարությունն ընդհանրապես կապ չունի խափանման միջոցը փոխելու մասով դատարանների որոշման հետ:

Արդարադատության նախարարն ու Արդարադատության նախարարությունը կալանավորման կամ գրավի կիրառման վերաբերյալ որոշումը բողոքարկելու իրավունք չունեն: Քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն ամրագրում է, որ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, և գրավը՝ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, կիրառվում են բացառապես դատարանի որոշմամբ: Նշված որոշումը կայացվում է քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանական կողմի միջնորդությամբ:

Ինչպես յուրաքանչյուր այլ դատական ակտ, անձի նկատմամբ կալանք կամ գրավ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը նույնքան անկախ է և գործում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Ոչ միայն արդարադատության նախարարն ու Արդարադատության նախարարությունը, այլև որևէ անձ, լինի քաղաքացի, ընդհուպ՝ քաղաքացիների խումբ, կամ պաշտոնատար անձ, որևէ կառույց, պետական կամ այլ մարմին իրավունք չունի (չունեն) միջամտել դատարանի գործունեությանը: Պետությունը պարտավոր է ապահովել դատարանի անկախությունը և զերծ պահել նկարագրածս միջամտություններից. նման միջամտության համար անգամ քրեական պատասխանատվություն է սահմանված:

Մենք պետք է գիտակցենք, որ անկախ դատարանը ենթադրում է նաև, որ «փոքրամասնությունը» ևս կարող է գործ շահել, և, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, պետք է ունենա օրենքով հավասար պաշտպանության իրավունք:

Դատական իշխանության նկատմամբ որևէ ճնշում, դատարանի անկախությանը սպառնացող որևէ փորձ չպետք է թույլատրվի: Նույնը վերաբերում է նաև փաստաբանների նկատմամբ հնարավոր հասարակական ճնշումներին ու սոցիալական ցանցերում նրանց հասցեին հնչող ատելության խոսքի դրսևորումներին: Փաստաբանի մասնագիտական գործունեության հանդեպ հարգանքը ևս կարևոր պայման է հասարակության մեջ իրավունքի գերակայության և ժողովրդավարության համար: Ի վերջո, թավշա, ոչ բռնի հեղափոխության նպատակը Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և ԻՐԱՎԱԿԱՆ պետություն ունենալն էր, իսկ դրա իրականացման հարցում պատասխանատու ենք յուրաքանչյուրս մեր արարքով:

Ինչ վերաբերում է օրենքով սահմանված կարգով իրականացվող բողոքարկմանը, ապա քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր կարող են վերաքննիչ դատարան բողոքարկել կալանավորման կամ գրավի կիրառման վերաբերյալ որոշումը: Քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դա դատախազն է, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը:

Ինչպես տեղյակ եք դատախազությունն արդեն վերաքննիչ ատյան է մուտքագրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ բողոքը:

Եթե հանրամատչելի ձևով բացատրելու լինենք, ի՞նչ կապ կա Արդարադատության նախարարության և դատարանների միջև: Այս երկու մարմինների աշխատանքները որտե՞ղ են խաչվում, ինչպե՞ս  են դրանք հարաբերվում իրար հետ: Սա թերևս կարևոր է ֆիքսել, քանի որ մարդկանց մոտ տպավորություն է, որ նախարարությունն ուղիղ կապ ունի դատարանների և դրանց կայացրած որոշումների հետ:

Այո, Նախարարության անունը շփոթություն է ստեղծում, և մեր քաղաքացիները մտածում են, թե դատարանների ղեկավարը կամ «դիրեկտորը» Արդարադատության նախարարությունն է: Այս առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ նշեմ, որ Արդարադատության նախարարությունը մշակում և իրականացնում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը: Մասնավորապես՝ իրականացնում է հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը:

Նախարարությունը վերահսկողություն չի իրականացնում դատարանների գործունեության նկատմամբ, միակ գործառույթն այս ոլորտում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումն է:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվում է այն դեպքում, երբ դատավորը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում կամ կոպտորեն խախտել է դատավորի վարքագծի կանոնները կամ չի անցել պարտադիր վերապատրաստում կամ իր գործունեության նկատմամբ միջամտության մասին չի հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

Հարկ է նաև ընդգծել, որ ՀՀ արդարադատության նախարարը հարուցում է կարգապահական վարույթ, այսինքն՝ դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկում է բացառապես Բարձրագույն դատական խորհուրդը:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից