Գլխավոր Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Մինչ այսօր Ադրբեջանի տարածքները և սահմանները միջազգայնորեն դե յուրե ճանաչված չեն. Պատասխան Ադրբեջանի իշխանություններին

analitik.am

Վերջերս Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններով են հանդես գալիս Արցախի և Հայաստանի հանրապետությունների հետ ունեցած հակամարտության վերաբերյալ, և այդ հայտարարություններում իրենք նշում են, որ 2019 թ-ին ունեն իրենց՝ Ադրբեջանի, համար որոշակի բարենպաստ զարգացումների ակնկալիքներ:

Մասնավորապես՝ 2018 թ-ի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի ԱԳՆ նախարար Է. Մամեդյարովը «Ինտերֆաքս- Ադրբեջան» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Կարծում եմ, որ Միլանում տեղի ունեցած վերջին հանդիպմանը իմ հայ գործընկերոջ հետ մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասանք փոխըմբռնման»: Իսկ 2018թ-ի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ նախարարը նույն ինֆորմացիոն գործակալությանը տրված հարցազրույցում հույս է հայտնել, որ 2019 թ-ին որոշակի առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման գործընթացում և Հայաստանը զինված ուժերը դուրս կբերի «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», տեղի կունենա երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորում, ինչը Հայաստանի համար կբացվեն տնտեսական աճի որոշակի հնարավորություններ:

Այդ հարցազրույցի ընթացքում Մամեդյարովը նաև հայտնել է, որ Բաքուն ունի պատրաստակամություն ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն եւ բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունքը Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում : Մամեդյարովը նշել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների շփումները վերականգնելու կարևորությունը :

Ըստ Մամեդյարովի, այդ լավատեսությանը իրենց մոտ առաջացել է  Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո, իսկ Դուշանբեում եւ Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովներում Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ տեղի ունեցած բանակցությունները, ինչպես նաեւ իր՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի, երեք հանդիպումները հայ գործընկերոջ հետ հիմք են տալիս որոշակի լավատեսության համար՝ բանակցային գործընթացի առաջխաղացման տեսակետից : Ըստ Մամեդյարովի՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական հանդիպուման արդյունքում ձեռք բերված համաձայնությունները և ընդունված համատեղ հայտարարությունը վկայում են երկու կարեւոր հանգամանքի մասին: Առաջինը՝ այն որ բանկցությունները կշարունակվեն Հայաստանի հետ և Արցախը չի վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և երկրորդը՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով տեղի կունենան ինտենսիվ, արդյունքներին միտված բանակցություններ :

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր պատասխան հայտարարությունում վերահաստատել է Հայաստանի հանրապետության շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ, կոչ է արել ադրբեջանական կողմին ցուցաբերել զսպվածություն հանրային հայտարարություններում: «Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնել: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»- նշել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը :

Պարոն Մամեդյարովը, ով 2004թ-ից հանդիսանում է Ադրբեջանի ԱԳՆ, այսքան տարիների ընթացքում ներգրաված լինելով բանակցային պրոցեսում, պետք է որ արդեն հստակ տեղյակ լիներ, որ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունները և տեսակետները որևէ կերպ չեն կարող նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչևէ, ստիպված ևս մեկ անգամ պետք է հիշեցնենք Ադրբեջանի իշխանություններին իրականությունը, այսինքն ՝

Արցախը երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս: Արցախի բնակչությունը բազմիցս (դեռևս 1918-1921 թթ.-ին) իրացրել է իր «ինքնորոշման իրավունքը»: Ներկայիս հակամարտության փուլում դա արտահայտվել է 1991թ-ի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով, ինչպես նաև 2006թ-ի դեկտեմբերի 10-ի, 2017թ.-ի փետրվարի 10-ի սահմանադրական հանրաքվեներով: Ուստի Արցախի Հանրապետության (ԼՂՀ) կարգավիճակը բազմիցս որոշվել է իր բնակչության կողմից՝ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է անկախ, ինքնիշխան պետություն և նրա անկախության ճանաչումն այլընտրանք չունի: Սա է Արցախի բնակչության և ողջ հայության դիրքորոշումը:

Չի լինելու երբևէ միակողմանի, կամ ոչ համարժեք, ոչ հավասարազոր փոխզիջում: Արցախի Հանրապետության բնակչության և առհասարակ հայ ժողովրդի կողմից բացառվում է «խաղաղություն հողերի դիմաց» հակամարտության լուծման տարբերակը:

Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների անդամ, պարտավոր է կատարել և պահպանել միջազգային նորմերը: Ուստի Ադրբեջանը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կհանդիսանա միջազգային նորմի խախտում: Ըստ 1974թ.-ի դեկտեմբերի 14-ի N 3314 (XXIX) ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևի մեջ նշված «ագրեսիայի» սահմանման ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ մոտ 3 տասնամյակ իրականացվող շրջափակումը  համարվում է ագրեսիա (հոդված 3): Բացի դա, ըստ վերը նշված ՄԱԿ-ի բանաձևի առաջին հոդվածի, անկախ պետության ճանաչված-չճանաչած լինելուց, մեկ այլ պետության զինված ուժի կիրառումն նրա նկատմամբ, համաձայն միջազգային իրավունքի համարվում է ագրեսիա : Ուստի, ըստ միջազգային իրավունքի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի հանրապետության դեմ 1991թ-ից ի վեր իրականացված բոլոր ռազմական գործողությունները համարվում են ագրեսիայի ակտեր :

Ադրբեջանի ղեկավարության կողմից պատերազմական ակտիվ գործողությունները չվերսկսելը, կայուն և լիարժեք զինադադարի հաստատելը, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ շրջափակման վերացնելը չեն կարող դիտարկվել որպես զիջում Ադրբեջանի ղեկավարության կողմից, քանզի հանդիսանում են Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում:

Ադրբեջանը պարտավոր է կատարել Վիենայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և հայերի նկատմամբ ատելության քարոզը: Դա «ուժի չկիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառման» միջազգային սկզբունքի պահանջն է: Իսկ ՀՀ զինված ուժերը հանդիսանում են Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը և տեղակայված են այն վայրերում, որտեղ իրենց առջև դրված ռազմական առաքելությունն ավելի արդյունավետ կարող են իրականացնել:

Ադրբեջանական ԽՍՀ–ի ղեկավարությունը իր երկրի անկախացման գործընթացը իրացրել է խախտելով ինչպես ԽՍՀՄ օրենքները, այնպես էլ միջազգայնորեն ճանաչված նորմերը:

1991թ-ին Ադրբեջանի Հանրապետությունը ապօրինի անկախանալուց հետո, մինչ օրս չի իրականացրել իր հարևան երկրների՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի, հետ սահմանների դելիմիտիզացիա և դեմարկացիա: Անկախության հռչակելը չի իրականացվել ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա (անկախություն հռչակելուց առաջ չի անցկացվել հանրաքվե): Բացի այդ անկախության հռչակագրում խորհրդային ժամանակահատվածն Ադրբեջանի իշխանությունները որակել են որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարիներ  և ինքն իրեն հռչակել 1918-1920 թվականներին գոյություն ունեցող ԱԴՀ-ի իրավահաջորդ, որի տարածքները և սահմանները այդպես էլ իր անկախության ժամանակ չորոշվեցին և չճանաչվեցին :

Հետևաբար մինչ այսօր դեռևս Ադրբեջանի տարածքները և սահմանները միջազգայնորեն դե յուրե ճանաչված չեն: Ուստի՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, նրան հարակից նախկին խորհրդային Ադրբեջանի 7 շրջանները և հյուսիսային Արցախի տարածքները դե յուրե չեն հանդիսանում Ադրբեջանի տարածքներ:

Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և նախաձեռնած պատերազմի արդյունքում են առաջացել նաև փախստականները և տեղահանված անձիք: Փախստական են դարձել նաև 350-500 հազար ազգությամբ հայեր : Եվ նրանց իրավունքները ևս պետք է վերականգնվեն և նրանց ևս պետք է տրվի փոխհատուցում:

ՀՀ իշխանությունների ընտրություններին մասնակցություն չեն ունենում Արցախի ժողովուրդը: Արցախի Հանրապետությունը հանդիսանում է անկախ պետություն, որի ժողովուրդն ընտրությունների միջոցով ձևավորում են սեփական անկախ կառավարությունը: Որևէ պետության իշխանություն իրավասու չէ բանակցել մեկ այլ պետությանը վերաբերվող հարցերի շուրջ, ուստի ՀՀ իշխանությունները կարող են միայն բանակցել Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցերի շուրջ: Այսինքն՝ Արցախին վերաբերող հարցերի շուրջ իրավասու են բանակցել միայն Արցախի իշխանությունները: Իսկ հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանի իշխանությունները, ներկայացնում են բանակցային սեղանի շուրջ իր երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում և ադրբեջանցի փախստականների: Ուստի այս պահի դրությամբ ադրբեջանցի փախստականները փաստացի ներկայացված են բանակցային պրոցեսում ի դեմս Ադրբեջանի նախագահի: Ուստի, հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է Արցախի բանակցային սեղանի շուրջ վերադարձը:

Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և նախաձեռնած պատերազմի արդյունքում 1994 թ-ին ձևավորվել են ներկայիս դե ֆակտո գոյություն ունեցող սահմանները: Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտիզացիա և դեմարկացիա, ինչպես նաև փոխադարձ տարածքային ճշգրտումները (Արցախի Հանրապետության տարածքների մի զգալի մասը այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո և ցանկացած տարածքային փոփոխություն պետք է լինի հավասարազոր և համարժեք) կարող են տեղի ունենալ միայն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև փոխադարձ իրավական ճանաչումից հետո:

Ահա սա է այն իրականությունը, որի հետ վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշվի հստել Ադրբեջանի իշխանությունը: Եվ ինչքան շուտ դա տեղի ունենա այնքան շուտ մենք կհասնենք հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Քոթանջյան Տիգրան

 

Նույն շարքից