Հայաստան 

Թուրքական սփյուռքի ներկայացուցիչները պահանջում են ճանաչել Ցեղասպանություն

analitik.am

Եվրոպայի Խաղաղության Դեմոկրատական Մեջլիսի (ABDEM) մի խումբ անդամներ, որոնք համարվում են թուրքական սփյուռքի ներկայացուցիչներ, այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ իրենք ապրիլի 24-ին կայցելեն Ցեղասպանության հուշահամալիր և հայտարարությամբ հանդես կգան՝ պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կրել Եղեռնի ողջ պատասխանատվությունը։

Կազմակերպության անդամ, ազգությամբ քուրդ, Ֆրանսիայի քաղաքացի Րոժդա Յիլդիրիմը նաև ուրախություն հայտնեց Հայաստանում լինելու համար և նշեց, որ իրենք Մեջլիսի անդամ լինելով՝ Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդին քաջալերելու համար են Հայաստանում: «Խաղաղության համար ենք այստեղ և կուզենք, որ այս հարցը խաղաղությամբ լուծվի: Մեր այցելության նպատակը Հայոց ցեղասպանության օրն է, ցեղասպանություն ապրած բոլոր ժողովուրդները մեզ համար կարևոր են, մենք ուզում ենք, որ Հայոց ցեղասպանության իրողությունն ամեն տեղ ասվի և ամեն տեղ ճանաչվի»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իրենք ուզում են, որ Թուրքիան իր պատմության հետ առերեսվի և ճանաչի իր արածները, իսկ եթե դա չլինի, Թուրքիայում դեմոկրատիա չի լինի, և թուրք ժողովուրդը պետք է առերեսվի այդ ոճրի հետ:

Անդրադառնալով իրենց կազմակերպությանը՝ նա նշեց, որ այն հիմնադրվել է Եվրոպայում և կապ չունի թուրք կառավարության հետ: Հայաստան գալուց առաջ էլ մամուլի ասուլիս են հրավիրել և ասել, որ գալիս են Հայաստան: «Մենք 2013թ-ին ենք ստեղծվել, մենք ուզում ենք, որ Թուրքիայում խաղաղություն և դեմոկրատիա լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք չեն պատկերացնում Թուրքիայի դեմոկրատիան առանց Հայոց ցեղասպանության ճանաչման:

Նշենք, որ Մեջլիսի բոլոր անդամները թուրքական արմատներ ունեն և գաղթել են Եվրոպա: Կազմակերպության կենտրոնը Գերմանիայում է, բայց բոլոր երկրներում խմբեր ունեն և ավելի քան 1 մլն. անդամներ:

Ասուլիսի մյուս բանախոս, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Ալիէքբաֆ Փեկթաշը նույնպես նշեց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու առթիվ: «Մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը և այսօր այստեղ ենք։ Մենք այսօր ալևիների ձայնն այստեղ նաև բերելու համար ենք եկել, քանի որ Թուրքիայի մեկ երրորդը ալևի է»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե ինչպես է թուրք գործիչը պատկերացնում Հայոց ցեղասպանության հատուցման գործընթացը, պատասխանեց. «Թուրքիայի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի, հայերն ինչ ուզում են, Թուրքիան պետք է կատարի, մենք կողմ ենք հայերի պահանջներին»: 

Նույն շարքից