Բարի օր Վերլուծական 

«Անցումային» պատկերացումների հետևանքները

analitik.am

Ցանկացած պետության կայացվածության չափորոշիչներից մեկն այն է, թե որքան է տվյալ պետության օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների աշխատանքն ու իրավական դաշտը կախված իշխող քաղաքական թիմի պատկերացումներից և ունակություններից, կամ որքան է իշխող քաղաքական թիմը կարողանում իր պատկերացումներով խարխլել կայացած պետության հիմքերը:

ՀՀ-ում «հետհեղափոխական» ժամանակահատվածում նման դրսևորումների հետևանքները արդեն իսկ տեսանելի են, իսկ դրանց շարունակականությունը կլինի կործանարար: Եվ ուրեմն.

Անցումային արդարադատության մոլուցք՝ իրավական դաշտի յուրովի մեկնաբանության և մարդուն իր սահմանադրական հիմնական իրավունքներից զրկելու իրավական հիմքի ստեղծում, «սև» կամ «սևացող» մարդկանց համար նոր «արդարադատության» մարմնի ձևավորում, «արդարադատություն» ըստ քաղաքական պատվերի, ճաշակի կամ պատկերացումների.
Արդյունքում՝ անլուրջ և վտանգավոր պետության համբավ, կապիտալի արտահոսք, արտագաղթ՝ առնվազն «սևերի», սկիզբը վերջի…
Իսկ միգուցե չարժե քանդել տասնամյակներով ստեղծված համակագը հանուն մի քանի լոկալ խնդիրներ լուծելու, մի գուցե այդ խնդիրները հնարավոր է լուծել գործող իրավական համակարգի շրջանակներում, մի գուցե պետության համբավն ավելի թանկ արժե, քան այդ մի քանի «թալանչիները», միգուցե չարժե թացը խառնել չորին:

Իրավական դաշտի նորովի /յուրովի/ մեկնաբանություն, քննչական մարմիններին, որպես պատժիչ գործիքի օգտագործում, հրապարակային ճնշում դատարանների վրա, կալանքը, որպես կարճաժամկետ արդյունքի հասնելու միջոցի կիրառում.
Արդյունքում՝ իրավական դաշտի կիրառման երկակի մոտեցում և խառնաշփոթ, «կամավոր» բյուջե վճարվող նվիրատվություններ և «բարեգործություն», բազմաթիվ հանցագործների դիմումներ և հացադուլներ դատական գործերը վերաբացելու, վերանայելու և հանցագործությունները նոր պատկերացումներով մեկնաբանելու և քննելու վերաբերյալ.

Իսկ միգուցե նոր պատկերացումները և մեկնաբանությունները ճիշտ չեն և, լուծելով լոկալ քաղաքական խնդիրներ, կործանում են ամբողջ իրավական դաշտն ու կայացած ինստիտուտները…
Նշվածներից մի մասը արդեն իրողություն է, մյուս մասը՝ խոստում, սակայն դրանց բացասական հետևանքներն արդեն տեսանելի են: Երկրիս համբավը բարձր պահելը յուրաքանչյուրիս պարտքն է, ընդ որում ոչ միայն արտասահմանյան ներդրողների աչքերում, որոնք ցավոք «սպասված» ներդրումները չեն անում և այսպես շարունակվելու դեպքում երբեք չեն անելու:

«Հանրային շահերի ազգային կենտրոն» ՀԿ

Նույն շարքից