Քաղաքականություն 

«1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը դարձել է մեր աքիլեսյան գարշապարերից մեկը». քննարկում

analitik.am

2020 թվականին լրանում է Հայաստանի 1-ին Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաև Սևրի պայմանագրի 100- ամյակը: Այս առիթով Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը նախաձեռնել է քննարկումների շարք: Երկրորդ կլոր-սեղան քննարկման թեման էր` «1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը և ՀՀ անվտանգության հրամայականները»։

«Այս տխրահռչակ պայմանագիրը փաստորեն սահմանեց Հայաստանի Հանրապետության սահմանները և կարգավիճակը: Միջազգային իրավունքի կտրվածքով այն որևէ քննության չի դիմանում, որովհետև պայմանագիրը ստորագրող սուբյեկտներն ըստ էության միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին, քանի որ Ռուսաստանի ֆեդերատիվ հանրապետությունը և տխրահռչակ քեմալական հանրապետությունը իրավաբանորեն ճանաչված չէին: Հետևաբար այս պայմանագիրը պետք է իրավական ուժ չունենար»,-նշեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը:

Պատմաբանի խոսքով` այս պայմանագիրը հայ իրականությանը զուգընթաց քայլում է մոտ հարյուր տարի և ոչ մի իրավական հիմք չունեցող այս փաստաթուղթը դառել է մեր աքիլեսյան գարշապարերից մեկը:
«Պետք է միջազգային կարող ուժերը երաշխավոր դառնան, որ այդ անիրավ ակտը լուծարվի: Բայց, ցավոք սրտի ՄԱԿ-ի համապատասխան նորմերում կա սահմանում, որ սահմանների վերանայմանը միջազգային հանրությունը վերաբերվում է ոչ դրական»,-ընդգծեց Սուրեն Սարգսյանը:

«Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ը ներկայումս չի ընդունում սահմանների փոփոխությունը, բայց շատ հստակ ձևակերպում կա. Ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով»,-մանրամասնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Արա Պայանի խոսքով` այս դրույթի անփոխելիությունը վերաբերվում է ուժի կիրառմանը և գործում է ի օգուտ մեզ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանն էլ, անդրադառնալով սահմանների փոփոխելիությանը,նկատեց. «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները աշխարհակարգի և քաղաքական սահմանների վրա, մեր աչքի առաջ փոփոխվեցին: Սա նշանակում է, որ 100- ամյա բարձրությունից հետ նայելով պետք է հասկանանք, թե այն ժամանակ ինչ էր տեղի ունենում, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի»:

Մանրամասները` տեսանյութում:

Նույն շարքից