Հասարակություն 

Ճկուն ողնաշարով դատավորները կարողանում են հարմարվել օրվա իշխանություններին. Հայկ Ալումյան

analitik.am

Երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, 4 օր հետո Հանրապետության հրապարակում այդ դատավորի նկատմամբ ատելության խոսք ասվեց մի անձի կողմից, ով շատ մեծ վստահություն ուներ ժողովրդի մոտ: Ես համոզված եմ, որ այդ ատելության խոսքը որքան ուղղված էր Ազարյանին, այդքան էլ մեսիջ էր Վճռաբեկի այն դատավորներին, ովքեր պետք է քննեին դատախազի բողոքը: Այդ ամեն ինչը չէր կարող չազդել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը. «Պատկերացնո՞ւմ եք, ժողովրդին ասում են, որ այս մարդը թշնամի է, որովհետև ազատ է արձակել Ռոբերտ Քոչարյանին: Դուք հասկանո՞ւմ եք այդ մարդու վիճակը, եթե նման բան ասողն այդքան մեծ հեղինակություն է վայելում»:

«Այն ատելության խոսքը, որը տարածվում էր, դրանից մեծ ճնշում կարելի՞ է պատկերացնել: Ինչպես կարելի է այդ ամենը տեսնել ու որևէ քայլ չանել: ԲԴԽ-ն որևէ բան չձեռնարկեց, իշխանությունները ովքեր պարտավոր էին քրեական գործ հարուցել դատավորի նկատմամբ այդ ամեն ինչի համար, ոչինչ չարեցին: Սա պարզ մեսիջ էր Վճռաբեկի դատավորներին, որ նույնը կլինի նաև նրանց հետ: Դուք մի մտածեք, որ այդ ատելության խոսքը չի ազդում մարդկանց վրա: Դա ուղիղ ուղղորդվել է իշխանությունների կողմից, սակայն եթե նույնիսկ ուղիղ չեն ուղղորդել, առնվազն պարտավոր էին պաշտպանել դատավորին: Պարոն Ազարյանն այս ձևով պատժվեց օրենք կիրառելու համար: Սա հաշվի առնելով՝ մի շարք դատավորներ, ովքեր չէին ուզում իրենց խղճի դեմ գնալ բայց չէին էլ ուզում պարոն Ազարյանի կարգավիճակում հայտնվել, ինքնաբացարկով գործը, այսպես ասած, գցեցին իրենց վրայից»,-ասաց Ալումյանը:

Փաստաբանի խոսքերով, ոչ բոլոր դատավորներն են ենթարկվողի կարգավիճակում, կան դատավորներ, ովքեր պատրաստ են անգամ ամենավատ հետապնդումներին, բայց իրենց մասնագիտական պարտականություններին հակասող բան չանեն. «Ցավոք, նրանք քիչ են: Դրան զուգահեռ կան ճկուն ողնաշարով դատավորներ, ովքեր կարող են հարմարվել, ու նրանք հարմարվում են տվյալ օրվա իշխանություններին, ոչ թե նրանց, ովքեր նշանակել են իրենց»:

Նույն շարքից