Բարի օր Տնտեսություն 

Ձիերի երամակը կանգնեցնելու համար, դու պարտադիր ինչ-որ տարածք պետք է իրենց հետ վազես. Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ աշխատակիցների պարգևավճարներին վերաբերող նախագծի մասին

analitik.am

Այսօր՝ ապրիլի 4-ին, կայացած  ՀՀ կառավարության նիստի ժամանակ քննարկվեց նախագիծ, որով  ներկայացվում է աջակցություն ՊԵԿ-ի կողմից իրականացվող ծրագրերին, այլ կերպ ասած, ՊԵԿ-ի չակերտավոր արտաբյուջետային ծախսերին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց նախագիծը. «Եկամուտների մասն ավելացնել 1,5 միլիարդ դրամով և այն ուղղել արտաբյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման պահուստային հոդվածին: Հոդվածում արդեն ունենք շուրջ 833 միլիոն դրամ, և դրա հանրագումարը 2 միլիարդ 330 միլիոն դրամն առաջարկում ենք ուղղել արտաբյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հարկային և մաքսային աշխատողների պարգևատրում հոդվածին, այլ կերպ ասած, ծախսային հոդվածի վերաբաշխում ենք առաջարկում: ՊԵԿ-ի արտաբյուջեի 2019-ի թվականի հունվարի 1-ի մնացորդն՝ այսինքն 2018-ի թվականի բյուջեի իրականացման ծախսերի նկատմամբ մուտքերի գերազանցումը կազմել է 2 միլիարդ 79 միլիոն ՀՀ դրամ, որն էլ ամբողջությամբ հիմք է  տալիս կանխատեսելու 1.5 միլիարդ դրամով կոմիտեի բյուջեի եկամտային մասի ավելացման իրատեսական լինելը: Այլ կերպ ասած, միջոցներ մենք ունենք, տարեսկզբի ազատ միջոցներ մենք ունենք, և ազատ միջոցների հաշվին արտաբյուջեի եկամուտների չափն ավելացնում ենք, նույն միջոցների հաշվին ավելացնում ենք ծախսերը»:

Անանյանը հստակեցրեց, որ տարեսկզբի ազատ միջոցը շուրջ 2 միլիարդ 80 միլիոն է, դրանից 1,5-ն առաջարկում են որպես եկամուտ ավելացնել՝ ՊԵԿ-ի սեփական միջոցների հաշվին. «Առաջին անգամ և երևի միակ անգամն է, որ ազատ միջոցը մուտքագրվում է որպես եկամուտ և հավելյալ եկամուտների հավաքագրման կամ այլ ծախսերի կրճատման ինքը չի հանգեցնելու»,-նշեց Անանյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ վերջերս իմացել է այն մասին, որ շարքային մաքսավորը ստանում է 160 000 ՀՀ դրամ աշխատավարձ ՝ հարցնելով Անանյանին, թե ճիշտ են ասել իրեն: Ի պատասխան Անանյանը նշեց, որ՝ այո, մաքսային աշխատակցի դրույքն առանց պարգևավճարի այդպիսին է: Փաշինյանը նշեց. «Այսինքն, այն մաքսային ծառայողը, որն օրեկան տասնյակ, երբեմն հարյուրավոր միլիոնների արժողության ապրանքների հետ գործ է ունենում, ստանում է 160 000 ՀՀ դրամ աշխատավարձ: Մենք, ի՞նչ է նշանակում, ասում ենք, գնա յոլա գնա, հեռուստացույցով ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, բան, բայց իրականում ասում են, գնա քո գլխի ճարը տե՞ս: Իհարկե, ես չեմ ասում, որ մեկը մյուսի հետ կապ ունի, բայց հաշվի առնելով, որ այն պոզիտիվ միտումները, որ մենք ունենք բյուջեի եկամուտների մասով, այս պահին այս որոշումը պետք է կայացնենք»:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նախագծի մասով նշեց, որ անցյալ տարի սահմանել են պարգևատրման մասով աշխատավարձի 30-ի  տոկոս չափով սահմանը. «Տրամաբանությունն այն էր, որ որպես անցումային ժամանակաշրջան էինք դիտարկում այս տարին, և դա էլ պայմանավորված էր նրանով, որ մենք չունեինք համոզմունք, և հիմա էլ չենք կարող ասել, որ մենք գործում էինք ամենաօպտիմալ կառուցվածքով, օպտիմալ թվաքանակով, հետևաբար անարդյունավետ վիճակում ներդնելով մեխանիզմ որևէ արդյունքի չէինք հասնի: Հաջորդ մասը վերաբերում էր արտաբյուջեներին, մենք գնահատեցինք, որ կապ չունի, թե ինչ աղբյուրներից են առաջանում այդ միջոցները, և այդ գնահատականը կարծես թե նոր չէ: Անկախ նրանից, թե որ մարմնի գործունեությունից են առաջանում այդ ազատ միջոցները, դրանք պետք է միասնական օգտագործել: Հետևաբար, արտաբյուջեն, որը երկու հիմնական տարբերություն ունի բյուջեի հետ համեմատած՝ առաջինը, որ ԱԺ-ն չէր հաստատում, այդ հարցն անցյալ տարի լուծվեց, ԱԺ-ն հաստատեց, երկրորդը, որ կոնկրետ եկամտի տեսակ կապակցվում է որևէ ծախսի, օրինակ, որևէ պաշտոնյայի գործունեության արդյունքում ձևավորված եկամտից կախված է այդ պաշտոնյայի բարեկեցության աստիճանը»:

Ջանջուղազյանը նշեց, որ փաստացի ստացվում էր, որ պաշտոնյան ոչ թե ցանկանում էր խախտումները կանխել, այլ քանի որ իր եկամուտը կախված է խախտումների չափից, ապա ցանկանում էր, որ դրանք տեղի ունենային. «Հետևաբար, մեր մոտեցումն այնպիսին էր, որ արտաբյուջետային հաշիվները կդադարեն գոյություն ունենալ բովանդակային առումով, ոչ միայն ձևի, այլ նաև բովանդակային առումով և յուրաքանչյուր մարմնի համար նախատեսված ծախսը կքննարկվի ընդհանուր գերակայությունների համատեքստում, ոչ թե կախված նրանից, թե այդ մարմինն ինչքանով է ջանք գործադրել, որպեսզի այդ միջոցներն առաջանան: Մենք առայժմ չունենք միասնական փաթեթ, ենթադրում եմ, որ նոր նախագծով կփակվի արտաբյուջեն և այդ հարցը կլուծվի օրենսդրական մակարդակով»:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի չափին, ապա Ջանջուղազյանը նշեց, որ սպասարկման շուկան յուրաքանչյուր տեսակ աշխատանքի կատարման համար նախատեսում է որոշակի վճարման չափ. «Այսինքն՝ եթե մենք ելնում ենք նրանից, որ յուրաքանչյուր մաքսավոր իր աշխատավայրում պետք է որոշումներ կայացնի, և այդ որոշումները կարող են ազդեցություն ունենալ, իհարկե, ձեր ասած ռիսկը կա, բայց այդ ձեր ասած ռիկսը, որևէ փողով, ներողություն արտահայտության համար, հնարավոր չի կանխարգելել, որովհետև, միևնույն է, եթե ինքը որոշումներ է կայացնում, այդ գումարներն ավելի մեծ են, քան ցանկացած պարգևատրման գումար, որ կարող է տրամադրվել, որովհետև խոսքը վերաբերում է, օրինակ, ներմուծման 5 միլիարդ դոլար ծավալի և արտահանման մոտ 2.5 միլիարդ դոլար ծավալի հետ առնչվելուն, հետևաբար որոշումների կայացման գործընթացը պետք է առաջին գծից տեղափոխվի»:

Ջանջուղազյանը նաև նշեց, որ հիմքերից մեկը, որ դրված է նախագծում այն է, որ շուրջ 27 տարի ՊԵԿ-ի խնդիրները լուծվել են ֆոնդի հաշվին, որն էլ հանդիսացել է որպես կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման միջոց՝ նշելով, որ դժվար է արձանագրել, որ դա հաջողվել է, եթե խոսքը վերաբերում է 27 տարիների ընթացքում տեղի ունեցած այս նպատակներին ծառայելուն. «Հաջորդը, որը նշվում է, այն է, որ այս միջոցները նախատեսվում է, որ կնպաստի հսկողական մեխանիզմների կատարելագործմանը,  գործիքակազմի արդյունավետության բարձրացմանը, մեր ընկալմամբ որևէ գումարի չափ չի կարող լուծել այս խնդիրները, այսինքն դա փողով, գոնե պարգևատրման եղանակով տրվող փողով այս խնդիրները հնարավոր չի լուծել»:

Ջանջուղազյանը նշեց, որ եթե  քննարկելու լինեին միջոցառումներ, որոնցով այդ նպատակներին հասնելու էին, հասկանալի կլիներ, բայց այս դեպքում կունենան հավասարների մեջ ավելի հավասար. «Ըստ էության, ՊԵԿ-ն այս որոշման ընդունման դեպքում կգնահատվի բացարձակ տարբերվող մնացած մարմիններից, և իր կողմից արված աշխատանքը՝ որպես ամենակարևոր աշխատանք, որը թույլ տվեք մի քիչ վերապահումով վերաբերվել, քանի որ կարծում եմ, որ բոլոր պետական մարմիններն էլ կարևոր աշխատանք են կատարում: Միայն այն, որ 2019-ին միջոցները չեն բավարարում, որպեսզի խրախուսեն այնպես, ինչպես 2018-ին, դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք, դե ուրեմն եկեք ավելացնենք այդ միջոցները: Մենք չենք կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ունենալու ենք այն արդյունքն, ինչն ակնկալվում է  այս որոշման ընդունմամբ»:

Փաստացի, նախագծով ՊԵԿ նախագահն Անանյանն առաջարկում է , որպեսզի խրախուսվեն այն բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող ՊԵԿ աշխատակիցները, որոնց հեռացումը համակարգից կարող է ստեղծել կարճաժամկետ ռիսկեր, իսկ Ջանջուղազյանն առաջարկում էր, որպեսզի լինի միասնական մոտեցում, այլ ոչ թե նման մոտեցում միայն ՊԵԿ-ի աշխատակիցների մասով:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն, ինչ ասաց Ջանջուղազյանը 100 տոկոսով ճիշտ է. «Մենք, ըստ էության, ձևակերպում ենք այն քաղաքական ռազմավարությունը, որը մենք որդեգրել ենք: Կա այսպիսի մի ճշմարտություն՝ ձիերի երամակը կանգնեցնելու համար, դու պարտադիր ինչ-որ տարածք պետք է իրենց հետ վազես: Ես ինչի եմ ձիերի երամակի այդպիսի թևավոր օրինակը բերում որևէ պրոցես կանգնեցնելու համար: Ես կարծում եմ, որ մենք այս պրոցեսի մեջ ենք և նաև այս որոշումը կայացնելիս: Հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել՝ 2018-ի բյուջեով ՊԵԿ-ն ունեցել է 6 միլիարդ դրամի պարգևատրման հիմնադրամ, այսինքն բացի այս 6 միլիարդ պարգևատրումից, ըստ օդում կախված լուրերի, եղել է  նաև ծրարով վճարումների պրակտիկա, և գիտենք, որ նաև եղել է այս պրակտիկան: Մենք պետք է հասկանանք, որ մենք ամբողջ համակարգը տակից կտրում ենք, հետո ասում ենք, շատ լավ արեցինք՝ այդ համակարգը կտրում ենք: Մենք փուլային տարբերակով ենք գնում: Ասում եք, որ որևէ փողով հնարավոր չի կանխարգելել, դե եկեք բոլորին աշխատավարձից կտրենք, ասենք, մեկ է, ոչ մի փողով չենք կարող կանխարգելել: Մենք հիմա ունենք բացատրություն, թե ինչ է գնում դրան»:

Փաշինյանն իր խոսքում ասաց, որ 400 միլիարդի հետ կապված ամեն շաբաթվա կտրվածքով խոսում են Անանյանի հետ, որին ի պատասխան Անանյանն արձագանքեց՝ ասելով, որ 40, ոչ թե 400, Փաշինյանն ասաց, որ ապագան ի նկատի ունի. «Դուք 400 ասեցիք, ես սփրթնեցի արդեն, 40 միլիարդ»:

Փաշինյանը նշեց, որ այս որոշմանը գնում են, որպեսզի ՊԵԿ-ն ավելացնի պետական եկամուտները: Հարցը դրվեց քննարկման՝ դեմ էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Որոշումն ընդունվեց, որի համաձայն ՊԵԿ եկամուտների մասն ավելացվեց 1,5 միլիարդ դրամով և այն ուղղվեց արտաբյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման պահուստային հոդվածին՝ հարկային և մաքսային աշխատողների պարգևատրում հոդվածին:

Նույն շարքից