Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Պետական բյուջեի հաշվին տոնում են իրենց հաջողությո՞ւնը. Քաղաքագետները՝ Քաղաքացու օրը տոնելու համար 124 միլիոնի հատկացման մասին

analitik.am

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացնել 124 միլիոն դրամ։

Analitik.am-ն այս հարցի վերաբերյալ զրուցեց մի քանի քաղաքագետների հետ: Քաղաքագետ Արմեն Վարդանյանն ասաց, որ Կառավարության այս որոշումն իր համար անհասկանալի է. «Դեռևս անհասկանալի է, թե ինչի համար է այդ գումարը և ինչ միջոցառումներ են նախատեսված: Կարծում եմ, որ պետք չէր նման կարգի մեծ գումարներ ծախսել, քանի որ ավելի հրատապ և լուծման կարիք ունեցող խնդիրներ կան»:

Քաղաքագետ Արմեն Բադալյանի կածիքով էլ դա իշխանությունների կողմից ստեղծված տոն է, և այդ միջոցառումն իրականացնելու համար  Կառավարությունն իր գրպանից կլորիկ գումար է հատկացնում իրենց տոնին. «Դա նորություն չէ, նախկինում ՀՀԿ-ներն էլ էին նույն մեթոդով աշխատում, և որևիցե խնդիր չկա: Եթե գումարը հատկացվում է այն սկզբունքներին, ինչը նշվում էր հեղափոխության ժամանակ, մասնավորապես, որ այսուհետև պետական բյուջեն չի ծախսվելու ոչ նպատակահարմար, բայց քանի որ հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել, ապա կարող ենք ասել, որ դա այն պետական բյուջեն է, որը գոյանում է բոլոր քաղաքացիների կողմից վճարված պետական հարկերի հաշվին և իրենց հարկերից հատկացվում է գումար՝ նշելու համար այն միջոցառումը, որը նպատակահարմար է գտնում իշխող քաղաքական ուժը»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը քննադատաբար է վերաբերվում այդ որոշմանը. «Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչի համար է այդ օրը, որովհետև հետհեղափոխական Հայաստանում պետք է իշխանությունները գոնե որևիցե ոլորտում հաջողության հասնեին, նոր այդ օրը տոնեին: Իրենց ո՞վ է ասել, որ հեղափոխությունն ավարտվել է»:

Համբարյանի խոսքերով, ԱԺ ընտրություններով ավարտվել է հեղափոխության առաջին փուլը. «Իրենց ո՞վ է ասել, որ հեղափոխությունն ամբողջովին է ավարտվել: Ամենակարևոր խնդիրն այն է, որ նույն ՔՊ կուսակցությունը, որը ջանադրաբար տոնում է «քաղաքացու օրը», որևէ ոլորտում շոշափելի արդյունքի չի հասել: Միայն ուզում եմ իմանալ, թե ինչն են տոնում, այ եթե հասնեին ինչ-որ հաջողության, այդ ժամանակ կհասկանայի, թե ինչն են տոնում: Նախ պետք է որոշ ժամանակ անցներ, նոր այդ որոշումն ընդունվեր, որ հասկանայինք արդյո՞ք տոնելու բան կա, թե չէ: Այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակին այդ գումարները, որ հատկացվում է օրը տոնելու համար, ինչի՞ համար է այդ ամեն ինչն արվում: Դուրս է գալիս, որ իրենք պետական բյուջեի հաշվին տոնում են իրենց հաջողությո՞ւնը: Քի՞չ էր այն, որ մի քանի ամիս ղեկավար նստելով իրենք իրենց պարգևավճարներ էին տալիս, հիմա էլ քաղաքացու օրն են տոնում, ավելի կոնկրետ ոչ թե քաղաքացու օրը, այլ իրենց հաղթանակը: Շատ մեծ խնդիր է, արդյո՞ք բոլորը գոհ են հեղափոխությունից և շատ բարձր տրամադրությամբ տոնելու են այդ օրը: Այսինքն, կարելի՞ է այդ ահռելի գումարները տրամադրել այդ օրը տոնելու համար: Եթե ցանկանում էին իրենց հաղթանակը տոնեին, թող իրենց դոնորների միջոցով դա անեին, ոչ թե պետական բյուջեի»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից