Բարի օր Հասարակություն 

Մեզ ֆինանսավորող ընկերություններն ասում են՝ ինչո՞ւ ֆինանսավորենք, եթե երաշխիքներ չկան. «Սանիթեք» ընկերության գլխավոր տնօրեն

analitik.am

Խնդիրներն այս պահին չեն ծագել, եղել են պայմանագրի կնքման օրվանից, որովհետեւ Հայաստանը որոշակի առումով չի համապատասխանում մեր պահանջներին։ Մենք խնդիրներ ունենք թե՛ ճանապարհների առումով, թե՛ աղբամանների հետ կապված, թե՛ Նուբարաշենի աղբավայրի։ Եվ, ինչպես Դուք գիտեք, Հայկ Մարությանն էլ երբ դարձել է քաղաքապետ, ինքն էլ առաջինն այցելել է Նուբարաշենի աղբավայր։ Եվ մենք, երբ սկսել ենք աշխատել, բոլոր այդ խնդիրները բարձրացրել ենք։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Սանիթեք» ընկերության   գլխավոր տնօրեն Նիկոլա Էլ Թավիլը:

«Ես կուզեմ մի կարեւոր շեշտադրում անել՝ «Սանիթեքը» միջազգային ներդրող է, որը ոչ մեկի անվան հետ կապ չունի։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում բոլորին, լինի դա Տարոն Մարգարյանը, Հայկ Մարությանը, թե մեկ ուրիշը։ Մենք քաղաքապետարանին որպես կառույցի ենք վերաբերվում, որպես ինստիտուտի։ 2014 թվականից սկսած՝ շատ նամակներ ենք ուղարկել քաղաքապետարան ու հիմա էլ ուղարկում ենք։ Պարոն քաղաքապետն ասել է, որ խնդիրներից մեկը, որ «Սանիթեքն» առաջացրել է, այն է, որ աղբամանները չեն ապահովագրվել։ Բայց Հայաստանում չկա ոչ մի ապահովագրական ընկերություն, որը կապահովագրի մեր աղբամանները։ EBRD-ն եւ EIB-ն Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ իրականացրած իրենց հետազոտության մեջ արձանագրել են, որ Նուբարաշենի աղբավայրն աղետալի վիճակում է։ Պարոն քաղաքապետը նաեւ նշել է, թե «Սանիթեքը» չի իրականացրել իր պայմանագրային պարտավորությունները՝ ասելով, թե փոխանակ ունենալու 8 հազար աղբաման, ունենք 5 հազար։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ մաքսային մարմինների տրամադրած տեղեկատվության հիման վրա «Սանիթեքը» 2014-ից ի վեր ներկրել է ավելի քան 9 հազար 700 աղբաման։ Մենք հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նամակների միջոցով տեղեկացրել ենք քաղաքապետարանին, որ մոտ 4 ամսից, եթե հիմնարար լուծում չգտնվի, կրիզիսային իրավիճակում կհայտնվենք։ Ամեն ինչ փաստաթղթավորված է, ողջ նամակագրությունն առկա է»,- նշել է նա։

Ընկերության բաժնետեր Սարրի Հադդադն էլ նշել է, որ պետք է հասկանալ, թե ինչ է ուզում քաղաքապետարանը որոնք են նպատակները.  «Դուք հարցրիք, թե որն է մեր խնդիրը քաղաքապետարանի հետ։ Հարցը պետք է մի փոքր այլ կերպ ձեւակերպել՝ ի՞նչ է ուզում քաղաքապետարանը, որո՞նք են նպատակները, որովհետեւ խնդիրը հայտնի է, լուծումը՝ նույնպես։ Ինչպես Նիկոլան նշեց, մենք որոշակի ստանդարտների համապատասխանող շարժակազմ ենք բերել, որին Երեւանը չի համապատասխանում որոշ պատճառներով։ Այլ կերպ ասած՝ մեր մեքենաներն ավելի բարձր դասի են, քան Երեւանը կարող է իրեն թույլ տալ։ Երբ մենք սկսեցինք, այդ հնարավորությունը չունեինք՝ Երեւանին համապատասխան շարժակազմ բերել։ Մենք պետք է բերեինք ավելի բարդ մեխանիզմներով մեքենաներ, որ ավելի ուժեղ ազդեցություն ունենայինք քաղաքի վրա, այդ ոլորտում։ Երեւանում այս տիպի եվրոպական մեքենաների տեխսպասարկման հնարավորություն չկա։ Մենք այս պահին խոսում ենք կոմպակտերների մասին ու դեռ չենք խոսում փոշեկուլների մասին, որոնք ավելի բարդ մեխանիզմ են, ու եթե պետք է դրանք վերանորոգել, մենք դրսից ենք մասնագետ հրավիրում։ Սա՝ տեխսպասարկման մասով։ Իսկ բուն խնդիրը, որի հետեւանքով մեքենաները փչանում են, Նուբարաշենի աղբավայրն է։ Ինչ տեխնիկա էլ որ բերվի, եթե Նուբարաշենի աղբավայրի հարցը չլուծվի, ոչ մի բան տեղից չի շարժվի։ Ճանապարհները, որոնք տանում են դեպի Նուբարաշեն, եւ Նուբարաշենն ինքնին վատ վիճակում է՝ մեքենաներն աղբը թափում են հենց աղբի վրայով անցնելով։ Մենք նամակներ ունենք մեր ապահովագրական ընկերությունից, որ եթե մեր մեքենաները փչանում են աղբավայրում եւ աղբի հետեւանքով, նրանք չեն փոխհատուցում։ Մենք նկարներ ու տեսանյութեր ունենք, թե ինչպես է աղբը յուղի, վառելիքի համակարգի միջոցով մտնում մեր մեքենաների ագրեգատների մեջ՝ հասնելով ընդհուպ շարժիչին ու խափանում այն»։

Նրանք նաև նշել են, որ ունեն ներդրողներ, ովքեր պատրաստ են ֆինանսավորել, սակայն դա չեն անում, քանի որ երաշխիքներ չունեն.

«Մինչև  հիմա էլ մեզ ֆինանսավորող ընկերությունները պատրաստակամ են տրամադրել գումար, բայց ասում են՝ ինչո՞ւ պետք է ֆինանսավորենք, եթե երաշխիք չկա։ Մենք մինչ այս պահը տասնյակ միլիոնների ներդրում ենք արել։ Բայց ներդրում անելը պետք է արդարացված լինի։ Եթե մենք հիմա էլի բերենք մեքենաներ, եւ իրավիճակ չփոխվի՝ Նուբարաշենի աղբավայրը եւ մյուս խնդրները չլուծվեն, 1 տարի հետո մենք նորից նույն խնդրի առաջ կկանգնենք։ Նույնիսկ եթե քաղաքապետարանը սկսի զբաղվել դրանով, իրենք ունենալու են նույն խնդիրները, ինչ մենք ունենք։ Բայց եթե հանկարծ պարզվի, որ Նուբարաշենի աղբավայրի խնդիրը լուծվում է, նշանակում է՝ վատ նպատակներ կային մեր մասով։ Եվ չպետք է մոռանանք, որ մեր պայմանագրով մենք չենք կարող ռուսական արտադրության մեքենաներ գնել, դրա համար մենք պետք է քաղաքապետարանի թույլտվությունն ունենանք, քանի որ, համաձայն պայմանագրի, այդ մեքենաները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին։ Եվ պետք է նշեմ, որ մինչեւ հիմա մենք այդ ձեռք բերվող ռուսական մեքենաների տեսակի, տեխնիկական տվյալների մասին ինֆորմացիա չունենք։ Նորից շեշտեմ՝ մեր բանակցությունները քաղաքապետարանի հետ ամբողջովին դադարեցված են՝ հայտնի չէ, թե ինչու, ինչը շատ տարօրինակ է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից