Հասարակություն 

Խնամքի ցերեկային կենտրոն և ներառական խաղահրապարակ Սպիտակում /Լուսանկարներ/

analitik.am

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վերաբացվել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը, որն այսուհետ հատուկ կարիքով շուրջ 100 երեխաների կմատուցի նաև ցերեկային խնամքի ծառայություն:

Բացման արարողության ժամանակ ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր` ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի`  ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև` Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ընդլայնման և բարելավման վերաբերյալ:

Կենտրոնի վերանորոգման,  կահավորման  և վերականգնողական նոր ծառայությունների համալրման աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է ՀՀ  կրթության և գիտության նախարարության համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականության իրագործմանը: Նորաբաց կենտրոնը նախկինում եղել  է հատուկ դպրոց. երկու տարի առաջ  Լոռու մարզում ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը,  որի շրջանակում Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ օժանդակ դպրոցը վերածվել է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Կենտրոնն այժմ Սպիտակում ու մոտակա համայնքներում ապրող կրթության հատուկ կարիք ունեցող 124 երեխաների մասնագիտական աջակցություն  է ցուցաբերում: Վերաբացումից հետո Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը դառնում է առաջին մասնագիտացված պետական կառույցը, որտեղ հատուկ դպրոցներից հանրակրթական դպրոցներ տեղափոխված երեխաները ժամը 12:00-ից մինչև 18:00-ը կստանան ամենօրյա ցերեկային խնամք` ներառյալ դասապատրաստման ծառայությունը:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ  ունեցել  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին` ներառական կրթության ներդրման պետական ծրագրին աջակցելու համար. «Մի շարք մարզերում, այդ թվում նաև Լոռու մարզում ամբողջությամբ ներդրվել է ներառական կրթության համակարգը: Հատուկ դպրոցների երեխաները տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ, հաստատվել է ֆինանսավորման նոր սանդղակ, վերապատրաստվել են ուսուցիչները, ներդրվել է ուսուցչի օգնականի ինստիտուտը: Պետական քաղաքականությամբ նախանշված նպատակների իրականացման երաշխավորված հաջողությունը  անհնար կլիներ` առանց միջազգային գործընկերների, մասնավորապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործուն աջակցության: Այս կենտրոնի վերաբացումը այդ աջակցության վառ դրսևորումներից է»:

«Այս կենտրոնում մի տանիքի տակ տարբեր ծառայություններ համախմբելով` մենք ունենք համոզմունք, որ տարբեր կարիքներով երեխաները պետք է ապրեն ընտանիքում: Այստեղ երեխաները կարող են սովորել, շփվել, զարգանալ, բայց միևնույն ժամանակ ապրել տանը»,- իր խոսքում նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

«Հպարտ եմ, որ այս ծրագրին մասնակցել են Արգենտինայի քաղաքացիները:  Զգում եմ, որ այս պահին ես ներկայացնում եմ ոչ միայն իմ երկրի կառավարությանը, այլ նաև իմ երկրի քաղաքացիներին, ովքեր աշխատում են Հայաստանի իշխանությունների հետ` Հայաստանի քաղաքացիների համար: Այսինքն` ես ներկայացնում եմ արգենտինահայերին, ովքեր 100 տոկոս հայ են և 100 տոկոս Արգենտինայի քաղաքացի»,- նշել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

Ծրագիրը, որի հիմնական նպատակներից մեկը հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին իրենց համայնքում որակյալ ծառայությունները հասանելի դարձնելն է, կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի և Արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով:

Ծրագրի շրջանակում Սպիտակում բացվել է նաև ներառական խաղահրապարակ` նախատեսված հատուկ կարիքով երեխաներին համար:

Նույն շարքից