Բարի օր Հասարակություն 

Անասնաբույժը գիշերվա ժամը 12-ին կնգա գրկից կիգա՝ կովս կազատի՞. Բրուցելյոզի անուշադրության մատնված դեպքեր Վայոց Ձորում

analitik.am

Արդեն մի քանի տարի է Վայոց Ձորի մարզի որոշ համայնքներում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների շրջանում արձանագրվում է բրուցելյոզ հիվանդությունը: Մարզում կա 19 000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 8200 կթու կով և 14 000 մանր եղջերավոր, որից 4000-ը՝ այծ:

Այս տարի բրուցելյոզի հիմնական հարվածը հասել է Քարագլուխ համայնքին, այստեղ և' կենդանիներն են հիվանդացել, և' մարդիկ:

2019թ-ին Վայոց Ձորի մարզում գրանցվել է բրուցելյոզից մարդու հիվանդացության 4 դեպք՝ 3 Քարագլուխ համայնքում, մեկը՝ Եղեգնաձոր, իսկ 2018թ-ին՝ 6 դեպք:

Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեցին Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից:

Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց, որ փետրվար ամսին Քարագլուխ համայնքում նկատվել է կենդանիների վիժման դեպքեր, որից հետո պարզվել է խնդիրը ու 84 գլուխ բացահայտվել է, որ վարակված են բրուցելյոզով, սպանդի են ենթարկվել, այնուհետև ևս 10 կենդանի է սպանդի ենթարկվել: Ընդհանուր Քարագլուխ համայնքից 134 գլուխ է խոտանվել:

Վայոց ձորի մարզի Քարագլուխ համայնքի բնակիչ Զարզանդ Զոհրաբյանն այս տարի երկու ամիս առաջ թուլություն է զգացել, տաքություն, սառնություն ու դող, ոտքերը թուլացել են, դիմել է բժշկի, պարզվել է, որ բրուցելյոզով է վարակվել, ստուգել են նաև տան կենդանիներին, որոնք նույնպես վարակված են եղել բրուցելյոզով՝ մորթել-թաղել են:

«8 հատ մանր ունեինք, էկան էրուն վերցին, ասին բրուցիլոզ ի, մորթինք-թաղինք: Կնիկս էլ վիճակ չունի, կվախնա էթա բժշկի, բուժումը փողի հետ կապված ի: Ես 70-80 հազար ծախս ենք արել, չհաշված ճամփեքը»,- ասաց նա:

Զարզանդը դարձյալ մտադիր է այծ ու կով պահել, սակայն մտածում է, թե փող որտեղից գտնի, կինը ևս առողջական խնդիր ունի, սակայն ոչ թոշակ է ստանում, ոչ էլ այլ եկամուտ կա: Պետք է նաև ախտահանել գոմը: Մարզպետարանը փոխհատուցել է 20 հազար դրամ, այնինչ իր ունեցածը մոտ 300 000 էր գնահատվում՝ չհաշված ձագերը, կաթն ու պանիրը:

Քարագլուխ գյուղի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ գյուղում և հարակից գյուղերում բրուցելյոզի վարակ կա, սակայն ուշադրություն դարձնող չկա, արյուն են վերցնում կենդանուց, մեկ ամիս հետո են բերում պատասխանը, իսկ այդ ընթացքում հիվանդ կենդանին կարող է վարակել 10 կենդանու:

Ըստ նրա, բրուցելյոզի վարակը տարածված է Եղեգիս խոշորացված համայնքում, Եղեգնաձորի տարածքում: Գյուղում կան կրթված անասնաբույծներ՝ Սամվելը, Մանվելը, Ապրեսը, սակայն մարդկանց փող չեն տալիս, որ աշխատեն և նրանք էլ այլ աշխատանքի են անցել:

«Գյուղի անասնաբույժ Հերմոնից է, որը շատ հեռու, էդ մարդուն էլ ոչ հեռախոս ունենք զանգեք-կանեչեք, ոչ բան: Կովը ձագ ա բերում, չենք կարողանում օգնություն ցույց տալ, մինչև Հերմոից գա, վիզը կկտեն-կգցեն էլի, էդ վիճակն է: Կամ ժամը 12-ին կովը ծնել, ես ո՞նց անհանգստացնեմ անասնաբույժին, ամսական տալիս են 30 հազար դրամ, կներես, ինքը կնգա գրկից կիգա՝ կովս ազատի՞, մեռնեմ օրենքին»,-հարցնում է քարագլխեցին:

Ըստ վերջինիս, 20 օրը մեկ արյուն են վերցնում, հիվանդությունը մի անգամ դրական, մյուս անգամ բացասական եզրակացություն է տալիս: Նաև նրա բրուցելյոզով վարակված կովին  «արտաշատցին 150 հազար դրամով առել-տարել էր», ոչ էլ թաղել են: Համագյուղացիները նաև վարակված կենդանիներին տանում են Մարտունու շուկա, որը, ըստ որոշ տեղեկությունների, անվերահսկելի վայր է և վաճառում՝ այսպիսով նաև տարածելով վարակը:

«Եզդին առնում-տանում է վարակված ոչխարը, ամեն մի եզդու հետև մի հատ պատգամավոր է կանգնած, եզդին տանում-ֆռացնում է բրուցելյոզով հիվանդ ոչխարը, բերում ծախում է մեր ժողովրդին»,-ասաց նա:

Քարագլուխի բնակիչը նաև համոզված է, որ վարակը եզդիներն են տարածում, երբ իրենց ոչխարի հոտը տանում են ամառանոցներ, ու նստում են Վայոց ձորի մարզի լեռնային արոտավայրերում: Ըստ նրա, հոտը ոչ ոք չի ստուգում, այնինչ նախկինում հոտը տեղափոխելու համար պետք էին համապատասխան փաստաթղթեր՝ ճանապարհային, բժշկական, նաև տեղում էր ստուգվում հոտը և հետո էր թույլատրվում հոտի մուտքն ամառանոց-արոտավայրեր, իսկ հիմա, ըստ նրա, ոչ ոք չի ստուգում, «բժշկին էլ փող են տալիս, թուղթ ա գրում տալիս»:

Նշենք նաև, որ վերջերս Քարագլխի բնակիչները փակել էին ճանապարհը և չէին թողել Եղեգնաձորից դեպի Գեղարքունիք գնացող ճանապարհով ոչխարի հոտ անցնի՝ վախենալով վարակից, կենդանիներին մեքենաներով էին տեղափոխել:

Նշենք, որ Բրուցելյոզի նկատմամբ ընկալունակ են գյուղատնտեսական և ընտանի բոլոր կենդանիները: Բրուցելյոզի հարուցիչի հիմնական շտեմարանը գյուղատնտեսական կենդանիներն են, չնայած որ վայրի կենդանիները նույնպես կարող են մասնակցել համաճարակի ընթացքին:

Վարակի տարածման տեսանկյունից մեծ վտանգ են ներկայացնում կենդանիների չվերահսկվող տեղափոխումները, հիվանդ և առողջ կենդանիների համատեղ պահվածքը, կարանտինային կանոնների խախտումը: Մարդը հիվանդ կենդանուց կարող է վարակվել, թե ուղղակի շփման միջոցով և թե, մսեղիքի, կաթ-կաթնամթերքի միջոցով: Թեև միսը եռացնելուց դառնում է անվտանգ, սակայն որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս չօգտագործել:

«Վայոց Ձորի մարզից Սննդի անվտանգության պետական ծառայությունը բրուցելյոզի վերաբերյալ ահազանգ չունի»,-այս մասին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը Analitik.am-ի հետ զրույցում, նաև հավելեց, որ պատվաստումներն արվել են:

Հիշեցնենք, որ անասնաբույժը պարտավոր է տարին երկու անգամ արյուն վերցնել կենդանուց, ահազանգի դեպքում հարկադիր սպանդի ենթարկել գլխաքանակը: Պատվաստումներ որպես այդպիսին չկան, համապատասխան կառույցը պարտավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, անասնաբույժներ որպես այդպիսին չունի ՍԱՊԾ-ն, մոնիտորինգ չի արվում, ստուգումներ՝ նույնպես, միայն պատվաստումներով, անասնաբույժներին վճարում են կոպեկներ, տրանսպորտ չեն տրամադրում, գյուղնախարարությունն արդեն գոյություն չունի:

Այս ամենի արդյունքում զարմանալի չէ, որ ՍԱՊԾ-ն անգամ բրուցելյոզի ահազանգ չունի մարզից:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից