Հասարակություն 

Կենդանի գարեջուրը ևս կտրել է Տաթևի արտագաղթը

analitik.am

Գարու ածիկ, գայլուկ, ածխածնի երկօքսիդ և սառնորակ ջուր. տնական գարեջուրը պատրաստ է, մի փոքր պղտոր, մի փոքր տամուկ, սակայն սառը և հաճելի, նաև գլխապտույտով:

Արդեն 4-րդ տարի է ահա այսպիսի գարեջուր է պատրաստում Սյունիքի մարզի Տաթև համայնքում Դերենիկ Հարությունյանը: Իր տան նկուղահարկը վերածել է թե՛ հյուրասիրության սրահի, թե՛ գարեջրի պատրաստման. անկյունից անկյուն սեղան է ու գարեջուր, նստում ես սեղանի շուրջ, լցում են տնական գարեջուր, փոքր պատուհանից Տաթևի բակն է, իսկ թե ժամանակը երբ կավարտվի՝ տեղյակ են միայն գարեջրի սիրահարները: Ինչևէ:

Analitik.am-ի հետ զրույցում Դերենիկը հայտնեց, որ գարեջրի գաղտնիքներին ծանոթացել է համացանցից նաև գարեջրի մասնագետ հարևան են ունեցել և երևի թե առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել է տնական գարեջուրը: Պահպանվող տարածքների աջակցման ծրագրից ստացել է 450 հազար դրամ, գնել սարքավորումներ, բարելավվել է տարածքը, սակայն ինչպես խոտովանում է, այդ գումարը բավարար չի եղել ևս 1 մլն դրամ ներդրում են արել և ինչպես պարզվեց ոչ իզուր:

Այժմ, ըստ նրա, իր մոտ գալիս են զբոսաշրջիկներ՝ փորձելու տնական գարեջուր, նաև իր գարեջրի սեղանն են կիսում Տաթև համայնքի գարեջրի սիրահարները: Խոստովանում է, որ տարբեր են գործարանային գարեջրի և տնական գարեջրի համերը, սակայն տնական գարեջուրն առավելություն ունի. այն պահպանում է սպիտակուցի մանրէները, որն այնքան օգտակար է օրգանիզմին:

Դերենիկը նաև նշեց, որ տարածքն են բարելավվել՝ ծլեցում, չորացում պետք է տեղի ունենա մաքուր պայմաններում, որը և ապահովել են, նաև գարեջրի պահպանման համար անհրաժեշտ այլ բաղադրիչներ են ձեռք բերել:

Դերենիկի տիկինը Տաթև վանական համալիրից ոչ հեռու տաղավար ունի, որտեղ և իրացնում են տնական գարեջուրը․ «Տարեկան արտադրում ենք 300-400 լիտր, մեկ լիտրն արժե 800 դրամ, թեև համը մի փոքր անսովոր է գործարանային գարեջրի սիրահարներին, սակայն գնահատում են կենդանի գարեջրի համը»,-ասաց նա և հավելեց, որ ինչպես տնական պանիրն ու կարագն է համով տարբերվում գործարանայինից, այնպես էլ գարեջուրը:

Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը նշեց, որ վերջին տարիներին գյուղից արտագաղթ գրեթե չկա, համայնքի շուրջ 40 տոկոսը ներգրավված են զբոսաշրջության և առևտրի ոլորտում:

Ըստ նրա, 2010 թ-ից ասֆալտապատվել է դեպի Տաթև հասնող ճանապարհը մինչև Սատանայի կամուրջն այս տարի ասֆալտապատվում է մնացած 6.5 կմ դեպի համայնք, որն էլ կնպաստի Տաթևում զբոսաշրջության զարգացմանը:

«Տաթև համանքից 15-20 ընտանիք առևտրի ոլորտում է, 25 ընտանիք տները վերանորոգել է և օտարեկրացիներին վարձով են տալիս, Տաթևից 17 հոգի աշխատում են Տաթևի ճոպանուղում, նաև համայնքի բնակիչներն իրենց սեփական մեքենաներն են որպես տաքսի օգտագործում»,-ասաց Սիմոնյանը:

Համայնքում բնակվում է 830 հոգի, որից 40 տոկոսը զբաղվածություն ունի, ըստ համայնքի ղեկավարի, սակայն խուսափում են զբաղվել անասնապահութամբ, իսկ թե որն է պատճառը, Սիմոնյանը չկարողացավ բացատրել:

Տաթև համայնքի ղեկավարը նաև նշեց, որ գյուղի հարակից տարածքում ջերմոցի համար տարածք են հատկացրել, որտեղ նորագույն տեխնոլոգիաներով մշակում են բրոկկոլի, լոբի, ունեն կաթիլային ոռոգում:

Ջերմոցում համայնքից աշխատում է 7 հոգի, սակայն շուտով բերքահավաք է և նախատեսվում է ջերմոցի տարածքն ընդլայնել, որը ևս նոր աշխատատեղեր ունենալու հնարավորություն է համայնքի բնակիչների համար:

Ջերմոցի ֆինանսավորումը ևս տրամադրել է Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստանը:

Համայնքում, ըստ համայնքի ղեկավարի, տարբեր ծրագրեր են իրականացվում, որը նպաստում է, որ տաթևցիները մնան հայրենի գյուղում. չէ որ հեռավոր երկրներից են Տաթևի վանական համալիրը գալիս տեսնելու, իսկ Տաթևի բնակիչները դրա կարիքը չունեն՝ նրանք արթնանում և քնում են հենց 1000-ամյա վանական համալիրի զանգերից:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից