Բարի օր Քաղաքականություն 

Սորոսի կադրերին պատահական չեն բերել, բերել են, որպեսզի Հայաստանը հարյուր տոկոսով դառնա արտաքին կառավարելի. Հայկ Այվազյան

analitik.am

Այսօր մեր պետական ինստիտուտների շուրջ տարբեր համաշխարհային ուժային կենտրոնների միջև մրցակցություն է ընթանում, մրցակցող կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել այս կամ այն ինստիտուտը:

Analitik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  վերջին ներքաղաքական զարգացումներին, կարծիք հայտնեց Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:

Ըստ Այվազյանի՝ անցած տարվա իրադարձությունները գունավոր հեղափոխություն էին, որի արտահանողը ԱՄՆ-ն է իր եվրոպական դաշնակիցներով. «Այսօր էլ ներքին պայքար է ընթանում, թե որ ուժային կենտրոնները (ամերիկյա՞ն, թե՞ եվրոպական) մեր պետական ինստիտուտներից որն իրենց վերահսկողության տակ կվերցնեն: Թեև Եվրոպական միությունն ինքն էլ վասալային կախվածություն ունի Միացյալ նահանգներից, բայց փորձելով դիմակայել այդ կախվածությանը՝ ինքն էլ իր հերթին է փորձում իր վերահսկողությունը հաստատել: Մինչդեռ դրանից մեր երկրի ինքնիշխանությունն է տուժում»,- մանրամասնեց քաղաքագետը:

Իսկ հարցին, թե հակասություն չի առաջանում արդյո՞ք, երբ այդ նույն ուժերը «գունավոր հեղափոխության» միջոցով հաստատված իշխանությունների վարած քաղաքականությանը հակառակ տեսակետ են հրապարակում, Հայկ Այվազյանը պատասխանեց, որ նույն այդ թելադրող կազմակերպության ներսում էլ առկա է հակասություն և մրցակցություն. «Չնայած դրան՝ ստրատեգիական կարևոր հարցերի շուրջ միասնական են, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի դեպքում, որտեղ 2014-ին համատեղ ջանքերով հեղափոխություն իրականացրեց Արևմուտքը: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հարցերում են համակարծիք: Հեղափոխություն իրականացնելուց հետո սկսվում է զոհ պետության վերաբաշխում՝ հեղափոխության գործընթացին մասնակից պետությունների միջև: Ուկրաինայում դեռ շարունակվում է այդ վերաբաշխումը»:

Ըստ Այվազյանի՝ նույնն էլ Հայաստանում է տեղի ունենում. «Օրինակ, Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր գործընթացները մեր ինքնիշխանության հաշվին են արվում, անկախ նրանից, թե ով է ետևում կանգնած՝ Եվրոպա՞ն, թե՞ ԱՄՆ-ը», - ասաց Այվազյանը:

Նրա խոսքով՝ մենք ինքներս պիտի որոշենք, թե մեր որ պետական ինստիտուտն ինչ ղեկավար պետք է ունենա և ինչ քաղաքականություն վարի: Վկայակոչելով այլ երկրներում տեղի ունեցած նման եղանակով իշխանությունների զավթման փորձերը՝ Այվազյանն ասաց, մեր երկրի համար գերխնդիր պիտի լինի ամեն գնով ինքնիշխանություն պահելը:

«Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը դրական է մեզ համար այնքանով, որ մեր Սահմանադրությունից ելնելով է արվում և բացառում է օրենքների այն խախտումը, որը տեղի ունեցավ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակման դեպքում: Սակայն, անկախ ամեն ինչից, բոլոր դեպքերում որոշումներ կայացնելու իրավունքն ինքներս պիտի ամրագրենք մեր ինքնիշխանությամբ, որևէ միջազգային կառույց չպետք է միջամտի մեր գործերին»,- ասաց Այվազյանը:

Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ-ն մի շարք միջազգային պարտավորություններ (զանազան փաստաթղթերի, պայմանագրերի ստորագրմամբ և այլն) է ստանձնել, ինչպե՞ս կարող է այդ շրջանակներից դուրս գործել, պարոն Այվազյանը պատասխանեց, որ կան դաշնակից պետություններ, որոնք ևս ժամանակին նման պարտականությունների տակ են մտել, սակայն հիմա փորձում են դրանցից ձերբազատվել և վերականգնել իրենց ինքնիշխանությունը. «Արտաքին քաղաքական կուրսում մենք պիտի բռնենք այդ պետությունների հետ դաշնակցային հարաբերությունների խորացման  ուղղությունը, որը մեզ թույլ կտա միասնական ուժերով միմյանց օգնելով, նաև վերականգնել մեր երկրի ինքնիշխանությունը՝ կամաց-կամաց դուրս գալով ստանձնած միջազգային պարտավորությունների տակից: Հակառակ դեպքում մենք կմնանք այդ պարտավորությունների գերին»:

Ըստ քաղաքագետի՝ այդպիսի պետություն է Ռուսաստանի Դաշնությունը, որը ևս բռնել է Արևմուտքի լուծը թոթափելու ճանապարհը և իր հերթին ազդեցություն տարածել եվրոպական երկրների վրա: «Եթե նախկինում մանևրելու հնարավորություններն ավելի լայն էին, ապա 2018-ից մի քանի անգամ փոքրացել են, հարյուր տոկոսանոց արևմտյան կառավարում է Հայաստանում. Սորոսի կադրերին, որ բերել են, պատահական չեն բերել: Բերել են, որպեսզի Հայաստանը հարյուր տոկոսով դառնա արտաքին կառավարելի: Ավելին՝ որպեսզի պետական ինստիտուտները ավելի քանդվեն, դառնան ավելի անմրցունակ, քան՝ մինչ հեղափոխությունը»,- մտահոգություն հայտնեց Այվազյանը և կրկին շեշտեց ազատվելու համար ռեսուրսներ ունեցող պետության հետ դաշնակցելու անհրաժեշտությունը:

Ռուզաննա Ղազարյան

 

Նույն շարքից