Բիզնես 

ՀՀ-ում վերջնական խոսքը քաղաքացունն է

analitik.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը չի կարող լինել վերջնական խոսք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկան «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամները։

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էկոնոմիկայի նախարարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Փառք աստծո, որդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է»:

 

Հիշեցնենք նաև, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, որում տեղ գտած պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու՝ ոչ իշխանական խմբակցությունների առաջարկն ավելի վաղ ԱԺ-մ մերժել էր, 2014թ. հունվարի 1-ից սկսած` 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք պարտադիր կերպով պետք է իրենց աշխատավարձի շուրջ 5-10%-ը փոխանցեն կուտակային ֆոնդերին: Այդ գումարները, որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:

 

Այս օրենքը լայն դժգոհությունների և բողոքի ակցիաների տեղիք է տվել հիմնականում երիտասարդության շրջանում: Պարտադիր կուտակային վճարների դեմ հանդես եկող խումբը ստեղծել է սեփական կյանքը և ունի մոտ 20.000 անդամ իր ֆեյսբուքյան էջում:

 

«ՀՀ-ում վերջանական խոսքը քաղաքացունն է։ ՀՀ նախագահը թագավոր չէ, իսկ ՀՀ-ն հանրապետություն է և ոչ միապետություն: Ո՞վ է ասել, որ ՀՀ նախագահի հայտարարությունը վերջանական է, և հետդարձի ճանապարհ չկա: Քաղաքացիները, եթե համախմբված պայքար տանեն օրենքի դաշտում և հնարավորությունն օգտագործեն, ցանկացած օրենք էլ հնարավոր է փոփոխել»,-հայտարարեց Դավիթ Մանուկյանը, ով մասնագիտությամբ քաղաքագետ է։

 

Օրենքի դեմ պայքարող նախաձեռնության անդամներից ծրագրավորող Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, թե ՀՀ-ում, ըստ Սահմանադրության, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ «Իշխանությունը` որպես գործիք, մենք ժամանակավորապես տրամադրել ենք այս կամ այն ուժին՝ երկրում խնդիրներ լուծելու համար, մե՛նք ենք նրանց այդ իշխանությունը տրամադրել և մենք էլ մեզ իրավունք ենք վերապահում պահանջներ ներկայացնել, որ պահպանվեն Սահմանադրությունը և օրենքները»,-նշեց նա։

 

Նախաձեռնության անդամները հիշեցրին, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 12:30-ին հավաքվելու են Ազատության հրապարակում, որտեղից շարժվելու են Սահմանադրական դատարան: Նշենք, որ քաղաքացիական խմբի նախաձեռնության և ԱԺ չորս խմբակցությունների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կասեցնելու պահանջով գործը գնալու է ՍԴ:

 

Ըստ Գևորգ Գորգիսյանի՝ քաղաքացիների մեծ մասը չի գիտակցում, որ իրենց էլ է օրենքը վերաբերում, և որ իրականում աշխատավարձից պահումը 5% չէ, այլ՝ 6-10%։ «Երբ մարդիկ կհասկանան, որ խաբվել են՝ շարժումը նոր թափ կստանա։ Մենք ցանկանում ենք հայտարարել, որ պայքարի հերթական քայլն ենք անում և փորձելու ենք ամեն կերպ մարդկանց գիտակցության մեջ մտցել, որ իրենց փոխարեն իրենց իրավունքների համար ոչ ոք չի պայքարելու»,-ասաց նա։

 

Դավիթ Մանուկյանը հստակեցրեց, իրենց պայքարը քաղաքական չէ, այլ՝ քաղաքացիական: Իրենք չեն պահանջում Կառավարության հրաժարականը, բայց քանի որ իշխանության են ՀՀԿ-ականները, ապա նրանք էլ պարտավոր են հաշվի նստել իրենց ընտրողների հետ։ «Սա ՀՀԿ-ի դեմ չէ, այլ ընդամենը օրենքի ընդունման դեմ է»,-ասաց նա։

 

Միևնույն ժամանակ նա ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից մանրամասներ, երբ, ըստ նրա, վերջինս հայտարարել էր, թե նախաձեռնության անդամների պահանջը «ֆանտաստիկայի ժանրից» է։ «Հիմա մի փոքր փակագծերը բացեմ, վարչապետն ասում է, որ ֆանտաստիկայի ժանրից է, երբ ասում ենք, որ աշխատատեղեր ստեղծեն, աշխատավարձը բարձրացնեն, կոռուպցիան վերացնեն։ Եթե նա դրանք ֆանտաստիկայի ժանրից է համարում, ուրեմն թող հեռանա»,-ասաց նա։

 

Մեր դիտարկմանը, թե նշանակում է, որ փաստացի պահանջում են վարչապետի հրաժարականը, Դավիթ Մանուկյանը հստակեցրեց. «Եթե ցանկացած Կառավարություն ֆանտաստիկ է համարում այս ամենը, ինքը պետք է գիտակցի, որ անելիք չունի»։

 

Նա նշեց, որ կհասնեն մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ցույց տալու, որ «հակասահմանադրական է առանց թույլտվության մտնել ուրիշի գրպանը»։

 

Ի դեպ, ինչ վերաբերում է որոշ գործատուների հայտարարությանը, թե իրենք պատրաստ են փոխհատուցել այդ վճարները, Դավիթ Մանուկյանը նշեց, որ իրենք չեն ցանկանում անդրադառնալ այդ երևույթին, քանի որ աշխատավարձ բարձրացնելու որոշումը գործատուի իրավունք է։

 

«Բայց դա խնդրի լուծում չէ, եթե մի մարդ ասում է, որ իմ գործատուն բարձրացրեց աշխատավարձը, և ես այլևս կարիք չունեմ փողոց դուրս գալու... ներողություն, բայց այդ մարդն ինձ համար այն նույն մարդն է, որը պատրաստ է ընտրություններին իր ձայնը վաճառել 5000 դրամով»,-եզրափակեց նա։

Նույն շարքից