Հասարակություն 

Կնոջը ծեծող տղամարդը չի դադարելու ծեծել միայն այն պատճառով, որ իր երկրի իշխանությունը ինչ-որ կոնվենցիա է վավերացրել. Միհրան Հակոբյան

Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցում օրվա իշխանությունն անկեղծ չէ և ակնհայտորեն խճճվել է իր դիրքորոշումներում: Մի կողմից պարզ է, որ հանրությունը դեմ է կոնվենցիայի վավերացմանը, որովհետև կոնվենցիայի լոբբիստները չեն կարողանում երաշխավորել, որ կոնվենցիան նույնասեռականներին լրացուցիչ արտոնություններ բաշխելու մասին չէ, մյուս կողմից` չի ստացվում հիմնավորել, որ Հայաստանում կանանց նկատմամբ բռնության խնդիրը հանրային օրակարգի 10 ամենակարևոր հարցերից է: Եվ, սա ոչ թե այն պատճառով, որ կանանց նկատմամբ բռնություն չկա, այլ որ հայկական ընտանիքի օրինաչափությունը կնոջը մեծարելն է, իսկ ծեծելը` բացառություն է: Ընդհանրապես, ավանդական հայկական ընկալումներում կա «հարս ծեծող» հասկացություն, որը ամենաստորին բնորոշիչն է, որով կարելի է նկարագրել մարդուն:

Կանանց նկատմամբ բռնությունը եղել է, կա և լինելու է: Խնդիրը համեմատական վիճակագրության մեջ է, և չի լուծվելու տարատեսակ կոնվենցիաների վավերացմամբ: Ասենք` կնոջը ծեծող տղամարդը չի դադարելու ծեծել միայն այն պատճառով, որ իր երկրի իշխանությունը ինչ-որ կոնվենցիա է վավերացրել: Խնդիրը դաստիարակության, այլ կերպ ասած` կրթության և լուսավորության տիրույթում է: Եթե իշխանությունը կանանց նկատմամբ բռնության խնդիր է տեսնում, ապա պետք է դրա լուծման բանալին որոնի կրթության ոլորտում և ոչ թե փորձի բռնաբարության պատմություններով կեղծ օրակարգ գեներացնել: Իսկ ընդհանրապես, ազնիվ կլիներ, որ ժողովրդի վարչապետի թիմը բացահայտ ասեր` ճնշումների տակ ենք, չենք կարողանում դիմադրել, և հրապարակեր ստամբուլյան կոնվենցիան չվավերացնելու աշխարհաքաղաքական գինը, որի համար ժողովրդի վարչապետն անձամբ և երկիրը պետք է վճարեն:

Միհրան Հակոբյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից