Հասարակություն 

«Ամեն սև բան դեռևս Օթելլո չէ, մանչս». ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառումը

analitik.am

«Ամեն սև բան դեռևս Օթելլո չէ, մանչս»: Այս խոսքերը մեծանուն հայ դերասան Վահրամ Փափազյանինն են՝ ուղղված երիտասարդ դերասաններին: Նույնկերպ գեղեցիկ մակդիրներով շարադրված, «հուզիչ» վերնագրերի ներքո «դիվանագիտություն» եզրույթը ամեն տողի վրա օգտագործող հոդվածները դեռևս վերլուծական կամ քննադատական նյութեր չեն կարող լինել: Լրագրողի, թե՞ վերլուծաբանի կոչմանն է հավակնում մի նյութի հեղինակը, ով Գերմանիայի կանցլերին «տեղավորում» է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում, կարծես անեկդոտ է պատմում:

Կամ «ի՞նչ են անում մեր դիվանագետները» հռետորական հարցին արդյո՞ք նախորդել է թեկուզ հպանցիկ ծանոթությունն արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ կողմից իրականացվող քայլերին, երկկողմ և բազմակողմ հարթակներում մեր ներգրավվածության բազմաթիվ դրսևորումների հետ, որի մասին ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն է տրամադրվում: Եթե ծանոթացել է, շատ շնորհակալ կլինենք, եթե կարողանա մատնացույց անել ինչ-որ բացթողումներ կամ ձախողումներ, լուծումներ առաջարկելու մասին, խնդրելն անիմաստ էԻսկ հզորագույն փաստարկը, որի դեմ «անզոր» ենք բոլորս՝ «ինչ է կորցրել Ուրուգվայը Հայաստանում» նախադասությունն է: Միայն մեկ անկեղծ խորհուրդ-դիտարկում կարող եմ անել: Հարգելիս, դիվանագիտությունը ոչ թե կորցնելու, այլ գտնելու արվեստ է, աշխարհագրական հեռավորությունները հաղթահարելու, քաղաքակրթական և լեզվամշակութային տարբերությունները կամուրջելու արվեստ:

Իսկ թե մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պաշտոնյաների քանի այց է եղել Հայաստան, նշեմ, որ չհաշված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ այցելած մոտ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններին՝ 2018թ․ մայիսից առ այսօր Հայաստան է այցելել 92 օտարերկրյա պատվիրակություն, որոնցից 15-ը` պետությունների և կառավարությունների ղեկավարների և նրանց տեղակալների, իսկ մնացածը՝ նախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մակարդակով:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան

Նույն շարքից