Հասարակություն 

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում /Լուսանկարներ/

analitik.am

Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական  հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես ընդգծեց. «Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու տերունի ու տաղավար տոներից է և առանցքային նշանակություն ունի մեր քրիստոնեական հավատքի համար։ Նախ այս իրողությունը մեր Փրկչի հրաշափառ Հարությունից հետո, մահկանացուներիս միջից առաջին հարության դեպքն է։ Աստվածամոր հարությունը և երկինք վերափոխությունը կատարվեց Աստվածորդու հարության ու համբարձման նմանողությամբ։ Եվ ինչպես Հիսուս երեք օր անց կնքված գերեզմանում հարություն առավ և օրեր անց համբարձվելով՝ կանգ առավ հրեշտակների ինը դասերից յուրաքանչյուրում, նույնպես և Տիրամայրը՝ երրորդ օրը հարություն առավ, պատանքները թողեց գերեզմանում և Փրկչի հետ հրեշտակների ինը դասերում կայանելով՝ բարձրացավ երկինք։ Դրա համար էլ Վերափոխման տոնը Հայ Եկեղեցում նշվում է ինն օր շարունակ»։

Վազգեն եպիսկոպոսը նաև հատկանշական համարեց, որ Վերափոխման սուրբ պատմությունը յուրօրինակ դաստիարակչական նշանակություն ունի ընտանեական կյանքում, ծնողների և զավակների փոխհարաբերություններում՝ հաղորդելով մայրական սեր ու գուրգուրանք, հավատարմություն և սրբություն, պատասխանատվություն, երախտագիտություն ու խոնարհում։

Սրբազան Հայրն անդրադարձավ նաև Հայոց Եկեղեցում կատարվող Խաղողօրհնեքի նշանակությանն ու ավանդույթին՝ ի մասնավորի հաստատելով. «Հիսուս Ավետարանում որպես որթատունկ է ներկայացվում, իսկ գինին՝ Տիրոջ արյուն Սուրբ Հաղորդության խորհրդի համար։ Այսօր օրհնվում են դաշտերն ու այգիներն առատ բերքատվության համար։ Եվ կրկին փառք մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորչին, որ կրոնական տոներին միավորել և շաղախել է ժողովրդական ավանդություններն ու սովորությունները՝ դարձնելով  դրանք համազգային տոնախմբություններ, ինչպիսիք են Համաբարձման՝ Ջանգյուլումը, Պայծառակերպության տոնին՝ Վարդավառը և այսօր էլ Խաղողօրհնեքը»:

Վերջում Սրբազան Հայրը հորդորեց հավատացյալներին աղոթքով ու բարեսիրությամբ խնդրել Աստծուց խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց աշխարհը՝ հայ ժողովրդին պարգևելով միմյանց նկատմամբ անսահման սեր ու քաղցրություն, որ Աստվածընկալ Ս. Խորան և Աստվածաբնակ տաճար Մարիամ Աստվածածինը շարունակի բարեխոսել ու հովանավորը լինել Հայոց աշխարհին, մեր Ս. Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին։

Հավարտ Ս. Պատարագի, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը։

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

Նույն շարքից