Բիզնես 

Կոմունալ ծախսերը որպես հետամանորյա շրջանի հիմնական հոգս

analitik.am

Հայաստանի բնակչության հիմնական մասը վախենում է ծանոթանալ կոմունալ ծախսերին՝ դեկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի ու գազի հաշիվներին: Բացի այն, որ այս տարվա հուլիսի 1-ից գազը թանկացել է 18.2%-ով, իսկ էլեկտրաէներգիան՝ 26.7%-ով, այս տարվա ձմռան եղանակային պայմանները նախորդ տարվա համեմատ շատ ավելի խստաշունչ են: Թե՛«ՀայՌուսգազարդ»-ից, թե՛«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից  հայտնեցին, որ այս տարի դեկտեմբեր ամսին նախորդ տարվա համեմատ գազի և էլեկտրաէներգիայի սպառումը զգալիորեն ավելացել է։

 

«Ճիշտ ասած՝ վախենում եմ՝ գնալ-նայել: Մենք վառում ենք միայն հոսանք, բայց երևի մի 100 հազար դրամի հաշիվ եկած կլինի»,-  ասաց Երևանի 16-րդ թաղամասի բնակիչ Մարիամ Խաչատրյանը:
Նման «վախերի» մասին այս օրերին կարելի է լսել բազմաթիվ մարդկանցից:

 

Բացի այն, որ այս տարվա հուլիսի 1-ից գազը թանկացել է 18.2 %-ով, իսկ էլէկտրաէներգիան` 26.7 %-ով, այս տարվա ձմռան եղանակային պայմանները նախորդ տարվա համեմատ շատ ավելի խստաշունչ են:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց գազի սակագինը մինչև 10 հազ խմ սպառողների համար 1 խորանարդ մետրի դիմաց սահմանել 156 դրամ՝ նախկին 132 դրամի փոխարեն, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ 38 դրամ՝ ցերեկվա և 28 դրամ՝ գիշերվա համար՝ նախկին 30-ի և 20-ի փոխարեն՝ համապատասխանաբար։

 

«ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտնեց, որ եթե 2012-ի դեկտեմբեր ամսին բնակչության կողմից սպառվել է 84,3 մլն խ/մ, ապա 2013-ի դեկտեմբերին՝ 122 միլիոն խ/մ գազ:

 

«Այսինքն սպառումն ավելացել է՝ հաշվի առնելով դրսի ջերմաստիճանային պայմանները»,-ասաց Շուշան Սարդարյանը:

Նա նպատակահարմար չհամարեց ներկայացնել, թե ֆիզիկական անձ սպառողների կողմից որո՞նք են եղել ամենամեծ կոմունալ հաշիվները՝ նշելով, որ այդ տվյալները «ՀայՌուսգազարդ» -սպառող պայմանագրերին առնչվող անձնական տվյալներ են: 

 

Շուշան Սարդարյանը նշեց, որ այս ընթացքում գազի բաժանորդներից պայմանագրերը խզելու դեպքեր չեն եղել: Հակառակը, Շուշան Սարդարյանը ներկայացրեց, որ նախորդ տարվա հուլիսից դեկտեմբերը ներառյալ մոտ 7580 բաժանորդներ միացել են ցանցին:

 

Էլեկտրաէներգիայի՝ նախորդ տարվանից ավելի մեծ սպառման մասին հաղորդեց նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Նատալյա Սարջանյանը՝ 2013-ի դեկտեմբերին միայն Երևանի կտրվածքով՝ սպառված էլեկտրաէներգիան կազմել է 580 մեգավատ, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 50 մեգավատով ավել: 

 

Ի պատասխան հարցի, թե այս ընթացքում քանի՞ բաժանորդի էլեկտրամատակարարումն է անջատվել՝ չվճարումների պատճառով, ՀԷՑ մամուլի քարտուղարն ասաց. «Եզակի դեպքեր են, քանի որ մենք 100 տոկոսանոց հավաքելիություն ունենք, և եթե հոսանքազրկումների դեպքեր էլ կան, դրանք լոկալ բնույթ են կրում»: 

 

Ինչպես կանխատեսեց Գյումրիի «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը՝ ամսվա վերջին Գյումրիում համատարած անջատումներ կլինեն:

 

«Էդ պրոբլեմը կծագի ամսի 20-ից հետո, երբ մասսայական անջատումներ գնաց, շենքերով, թաղամասերով: Օրական երևի մի 4 հեռախոսով որ զանգեն՝ 25-30 զանգ ենք ստանում, որ մարդիկ խնդրում են իրենց կոմունալ վարձերը վճարել: Բայց մենք նման միջոցներ չունենք, առանց այն էլ այս տնակային ավանները «նվիրել են» մեզ»,-ասաց Վահան Թումասյանը:

 

Հիշեցնենք, որ Գյումրիում պաշտոնապես աղքատության մակարդակը մոտ 48 տոկոս է:

 

Ինչ վերաբերում է տնակային ավաններում գտնվող սոցիալապես անապահով ընտանիքներին «հոսանքազրկումներին ու գազազրկումներին», ապա նման վտանգ, ըստ Վահան Թումասյանի՝ վերջիններիս չի սպառնում:

«Քանի որ նրանք միշտ աղբ են վառում, կամ՝ մեր տված վառելափայտը: Գազ չունեն, հոսանք էլ որպես տաքանալու միջոց չեն օգտագործում»,-ասաց Վահան Թումասյանը:





Սկզբնաղբյուրը` www.tert.am

Նույն շարքից