Միջազգային 

Ուկրաինայում հրադադարի ռեժիմը ցանկացած պահի կարող է խախտվել. «EUobserver»

analitik.am

Զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում վերլուծաբան Էնդրյու Ռեթմանի՝ «EUobserver» առցանց-թերթում հրապարակված հոդվածը:


Ուկրաինայում հրադադարի ռեժիմը ցանկացած պահի կարող է խախտվել: Իսկ եթե այն պահպանվի եւ պատերազմը դրանով ավարտվի, ապա հարց կառաջանա. ո՞վ հաղթեց: Ռազմական տեսանկյունից պատասխանն ակնհայտ կթվա. ռուսական առաջնորդ Վլադիմիր Պուտինը:


Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի առաջնորդներին խնդրեց իր երկրին զենք մատակարարել: Նրանք էլ ասացին, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Սակայն Պուտինը ցույց տվեց, որ նման լուծում գոյություն ունի. մի քանի հազար ռուսական հետեւակայիններից ստորաբաժանումներ ձեւավորվեցին, որոնք մարտնչում էին տանկերի եւ հրետանու օգնությամբ:


Ռուսաստանի ներխուժումը եւ Արեւմուտքի աջակցության բացակայությունը հանգեցրեցին նրան, որ Ուկրաինան անցյալ ուրբաթ ստորագրեց «Մինսկի արձանագրությունը». 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիր: Այն մեծ հնարավորություն է տալիս, որ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները դե-ֆակտո պետություններ կդառնան, իսկ այդ մի քանի տասնամյակ կխանգարի Ուկրաինային անդամակցել Եվրամիությանը, էլ չենք խոսում ՆԱՏՕ-ի մասին: Բայց եթե Պուտինը հաղթեց Ղրիմում, Դոնեցկում եւ Լուգանսկում, նա կորցրեց Ուկրաինայի մնացած մասը, այնպես չէ՞: Ռուսաստանի հարձակումը հանգեցրեց երկրի մնացած մասերում արեւմտամետ տրամադրությունների աճին: Հարցումները հիմա ցույց են տալիս, որ ուկրաինացիները ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին:


Եթե անգամ Պուտինը հաղթեց, ապա գինը, որը նա վճարեց, շատ բարձր է, այնպես չէ՞: Այդ գինը վճարեցին մեռած ռուս զինվորները եւ նրանց ընտանիքները: Սակայն ռուսաստանցիների մեծ մասը երբեք չի իմանա այդ մասին, քանի որ ապրում է ավտորիտար պետությունում, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու ազատ մամուլը պաշարված են: Պուտինի ընկերներից ոմանք նույնպես վճարեցին այդ գինը՝ հայտնվելով Եվրամիության եւ ԱՄՆ-ի սեւ ցուցակում, իսկ տնտեսական պատժամիջոցների հետեւանքով առաջացած անկումը կվնասի Ռուսաստանի միջին դասին:


Ի՞նչ ստացավ Պուտինը փոխարենը: Արեւելյան Ուկրաինան, եթե մի կողմ թողնենք դրա ռազմավարական նշանակությունը, պատերազմից բզկտված եւ տնտեսական անկում ապրող գոտի է, որի արդիականացման համար միլիարդներ են անհրաժեշտ: Առանց զբոսաշրջության եւ քաղցրահամ ջրի պաշարների կամ էներգետիկայի Ղրիմը վատ վիճակում է:


Իսկ հետո՞: Ինչ էլ տեղի ունենա հետո, «Ո՞վ հաղթեց Ուկրաինայի պատերազմը» հարցը, թերեւս, տեղին արված հարցադրում չէ: Մաչո Պուտինի տեսանկյունից այն ճգնաժամ է ներկայացնում: Ճշմարտությունն այն է, որ բոլորն էլ պարտվեցին: MH17 չվերթի ինքնաթիռի Եվրամիությունից քաղաքացիական անձինք, 2.600 ուկրաինացիները եւ ով գիտե՝ որքան ռուսաստանցիները կորցրեցին կյանքը: Ուկրաինան տարածք կորցրեց: Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն կորցրեցին հեղինակությունը:


Սակայն Պուտինը պատմության մեջ կմնա որպես ամենաշատ պարտվածը. նա կորցրեց բնական պաշարների եւ մշակույթի տեսանկյունից Ռուսաստանն աշխարհի ամենահարուստ երկիրը, ինչպես նաեւ Ռուսաստանի շրջակայքը կյանքի համար նորմալ վայր դարձնելու հնարավորությունը:

Նույն շարքից