Հասարակություն 

Տարօրինակ ամուսնական ավանդույթներ աշխարհից

analitik.am

Աշխարհի տարբեր մասերում գոյություն ունեն հարսանեկան ուրույն ավանդույթներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է որեւէ բան: Այդ ծեսերից շատերը մեզ կարող են թվալ տարօրինակ, երբեմն էլ նույնիսկ վայրի:

Հնդկաստան

Հնդկաստանի որոշ մասերում, մասնավորապես՝ Փենջաբում, արգելված է ամուսնանալ 3-րդ անգամ: 4-րդ, 5-րդ անգամ ամուսնությունը խրախուսվում է, սակայն 3-րդ անգամը, չգիտես ինչու, համարվում է դժբախտություն: Սակայն հնդիկները գտել են լուծումը․ նրանք 2 անգամ անհաջող են ամուսնանում, որոշում են 3-րդ անգամ ամուսնանալ ծառի հետ, ինչը, իհարկե, արգելված չէ: Ծառի հետ ամուսնանալուց հետո նրանք որոշ ժամանակ ամուսնացած են մնում, հետո որոշում են միայնակ դառնալ․ ծառը կտրում են: Դրանից հետո նրանք հանգիստ ամուսնանում են 4-րդ անգամ, ում հետ որ կկամենան:

Ծառի հնարքը կիրառվում է նաև, եթե Հնդկաստանի ընտանիքներից որևէ մեկում կրտսեր երեխան ուզում է ավագից շուտ ամուսնանալ: Քանի որ դա արգելված է լինում, կրտսերն ամուսնանում է ծառի հետ, որից հետո հանգիստ ամուսնանում է, ում հետ կցանկանա:
Հունաստան

Հարսանեկան առաջին տանգոյի ժամանակ՝ փեսայի ոտքին կանգնելուց հետո, հարսը կարող է վստահ լինել, որ ընտանիքում ինքն իր տեղը կունենա, ու իր խոսքը ազդեցիկ կլինի ամուսնու համար:

Հունաստանում նաև հենց առաջին հարսանեկան գիշերը զույգերը պետք է պարտադիր երեխաներ ունենան: Չէ՛, խոսքն իրենց սեփական երեխաների մասին չէ, այլ ուրիշի երեխաների, ովքեր պետք է թռվռան իրենց անկողնուն, որպեսզի զույգը ևս շատ առողջ երեխաներ ունենա:
Նիկոբարյան կղզիներ

Ամենատարօրինակ ավանդույթը․Հնդկական օվկիանոսում գտնվող Նիկոբարյան կղզիների բնակիչ տղամարդիկ, եթե հավանում են որևէ աղջկա, ապա պետք է պատրաստ լինեն 6 ամսով նրան ստրուկի պես ծառայել ու ապրել աղջկա տանը: Եթե 6 ամիս հետո աղջիկը հավանում է տղայի ծառայությունը, ապա նրանք ամուսնանում են, եթե ոչ, տղային ուղարկում է հոր տուն:

Այս կղզիներում կնոջը փառաբանելու մշակույթն այնքան մեծ է, որ տղամարդը կնոջը ծառայելու միջոցով ցույց է տալիս, թե իրենց ամուսնական կյանքի ընթացքում ինչքան սիրալիր ու հավատարիմ է լինելու նրա հանդեպ՝ կատարելով նրա բոլոր հնարավոր ու անհնարին ցանկությունները։

Գերմանիա

Պոլտերաբենդը մի տեսակ երեկույթ է հարսանիքի նախօրեին, որի ժամանակ կոտրում են այն ամենն, ինչ ընկնում է ձեռքի տակ: Հյուրերը հարսին եւ փեսային մատուցում են նոր սպասք, որպես նվեր, որն այնուհետեւ նրանք պետք է ջարդուփշուր անեն: Ենթադրվում է, որ կոտրվող առարկաների ձայնը նախատեսված է չար ոգիներին վախեցնելու համար: Բացի այդ, հրապարակավ կոտրել ամանեղենը հարսանիքի նախօրեին նշանակում է նորապսակներին նախապատրաստել ապագա դժվարություններին` միաժամանակ նրանց հաջողություն մաղթելով:

Ռումինիա

«Հարսնացուի առեւանգման» արարողությունը հին ավանդույթ է Ռումինիայում: Տղամարդը պետք է առեւանգի աղջկան, ում հետ նա ուզում է ամուսնանալ` առանց ծնողների համաձայնության: Ենթադրվում է, որ եթե առեւանգողին հաջողվի բռնել կամ համոզելու ճանապարհով առեւանգել աղջկան եւ պահել իր մոտ առնվազն 2-3 օր, ապա վերջինս պաշտոնապես կդառնա նրա կինը:

Շվեդիա

Եթե երիտասարդներից մեկը հեռանում է սեղանից (օրինակ՝ կարիքները հոգալու համար), ապա այդ պահին նորապսակներից մյուսն իրավունք ունի համբույր ստանալ հյուրերից որեւէ մեկի կողմից:

Ինդոնեզիա

Ինդոնեզիայի Տիդոնգ համայնքում նորապսակները հարսանիքից հետո երեք օր ու երեք գիշեր դուրս չեն գալիս տնից եւ նույնիսկ զուգարան ու բաղնիք չեն գնում: Այս ընթացքում զույգին հետեւում են մի քանի մարդ, որոնք նորապսակներին տրամադրում են նվազագույն քանակով սնունդ եւ ջուր: Ենթադրվում է, որ տնային կալանքի տակ նման մեղրամիսը նպաստում է երջանիկ ամուսնությանը եւ առողջ երեխաներ ծնելուն:

Ներքին Մոնղոլիա, Չինաստան

Չինաստանում` Ներքին Մոնղոլիայի տարածքում ապրում է Դաուր ժողովուրդը: Ըստ նրանց հավատալիքների՝ հարսանիքի օրը նշանակելիս պետք է դանակով մի ճուտ սպանեն, որին հարսը եւ փեսան բռնելու են միասին: Այնուհետեւ նրանք պետք է հանեն ճտի լյարդը, ապա նշանակեն հարսանիքի ամսաթիվը:

Կորեա

Ըստ կորեական հարսանեկան ավանդույթի՝ մինչ հարսանեկան առաջին գիշերը փեսայի կրունկներին հարվածում են փայտով կամ ձկով: Արարողակարգը կարող է լինել փոքր-ինչ ցավոտ, բայց հիմնականում դա արվում է զվարճանքի եւ ոչ թե դաժանության համար: Սա արվում է, որպեսզի փեսան չհիասթափեցնի հարսին հարսանեկան գիշերվա ընթացքում:

Չինաստան

Որոշ հարսնացուների համար հարսանիքի օրը կարող է լինել ծանր, զգացմունքային եւ հուզիչ: Չինաստանում բնակվող Տուցզյա ժողովրդի հարսնացուները սկսում են լաց լինել արարողությունից մեկ ամիս առաջ: Համարվում է, որ հարսանիքից առաջ «կուշտ լաց եղած» աղջիկն իր համար ապահովում է երջանիկ ամուսնություն առանց արցունքների: Նախանձելի հարսնացու դառնալու եւ խաղաղ ընտանեկան կյանք երաշխավորելու համար այստեղ աղջիկները լաց լինել «սովորում են» 12 տարեկանից, իսկ որոշ ընտանիքներ նույնիսկ «լացի մասնագետներ» են հրավիրում: Լացին կարող են միանալ նաեւ ընտանիքի իգական սեռի մյուս անդամները:

Նույն շարքից