Միջազգային 

Իրանական կողմը լավատեսորեն է տրամադրված «վեցյակի» հետ բանակցությունների հարցում. Մոհամադ Ջավադ Զարիֆը

analitik.am

 Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը National Public Radio ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է «վեցյակի» հետ բանակցություններ վարել միջուկային հարցի շուրջ:

 

«Մենք պատրաստ ենք քննարկել գործարքը: Կարծում ենք՝ դա հնարավոր է: Մենք հավատում ենք, որ եթե բոլոր կողմերը ցանկանում են գտնել հիմնախնդրի լուծումը, եթե բոլորը ցանկանում են հետևել անցյալ տարվա նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա մենք կարող ենք համաձայնության հասնել»,- ասել է Զարիֆը բանակցությունների նախօրյակին:

 

Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայքլ Մանը հայտնել Է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) և Իսլամական Հանրապետության միջև բանակցությունների նոր փուլը սեպտեմբերի 19-ին կսկսվի Նյու Յորքում: «ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ Իրանի հետ բանակցությունների նոր փուլը կսկսվի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի լիագումար նստաշրջանի շրջանակներում»,-ասել Է Մանը:

 

Իրանի ԱԳ նախարարը սեպտեմբերի 1-ին Բրյուսելում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի հետ կայացած բանակցություններից հետո հույս Էր հայտնել, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ որոշում կընդունվի մինչև նոյեմբերի 24-ը: «Ես հուսով եմ, որ պատրաստակամության և քաղաքական կյանքի առկայության դեպքում, ինչը ես տեսնում եմ կողմերի մոտ, որոշումը կընդունվի երեք ամսվա ընթացքում»,-ասել Է Զարիֆը:

 

Իրանը և «վեցյակը» մտադիր են մինչև նոյեմբերի 24-ն ստորագրել համապարփակ համաձայնագիր, որը կերաշխավորի «Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը» և կսահմանի միջազգային հանրակցության կողմից հսկողության միջոցառումները: Այդ փաստաթուղթը պետք Է հիմք դառնա Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկման համար: Կողմերն ակնկալում են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բանակցությունները կդառնան այդ համաձայնության նախապատրաստման աշխատանքի հիմնական փուլերից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից