Միջազգային 

Կարևոր է ժողովուրդներին պատրաստել խաղաղության, որը ներառում է ցավոտ, բայց անխուսափելի փոխզիջումներ. ՄԹ դեսպան

analitik.am

Ինչպիսի՞ արձագանք կունենա Շոտլանդիայի հանրաքվեն որպես քաղաքակիրթ լուծում թե՛ եվրոպական, թե՛ հետսովետական տարածաշրջանի այն երկրների համար, որտեղ ազգերի ինքնորոշման խնդիր կա, այդ թվում՝ նաև ԼՂ-ի համար. Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. տիկին Քեթրին Ջեյն Լիչն այս հարցին դժվարանում է պատասխանել։ Այսօր հրավիրված ասուլիսին դեսպանն ընդգծեց, որ յուրաքանչյուր դեպքում տարբեր մոտեցումներ են անհրաժեշտ։ «Դժվար է յուրաքանչյուր դեպքի պարագայում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները համատեղել»,-ասաց նա։

«Դժվար է ընդհանուր դասեր քաղել այս հանրաքվեից, դժվար է ցանկացած դեպքի պարագայում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները համատեղել, իրենք, այսպես թե այնպես, հակասության մեջ են, բայց ամեն դեպքի համար պետք է գտնվի իր լուծումը։ Օրինակ՝ որոշ դեպքերում այն շատ պարզ է ընկալվում, բայց որոշ տեղերում, որտեղ կրոնական ու էթնիկական հարցեր կան, այդ դեպքում արդեն ավելի բարդ է»,-նշեց նա։

Հարցին, թե ԼՂ հարցի առնչությամբ կոնկրետ դեսպանն ի՞նչ դիրքորոշում ունի Ադրբեջանի նման հակառակորդ ունեցող երկրի համար, դեսպանը մեջբերեց. «Չգիտեմ Չերչիլն է ասել, թե ոչ, բայց նման արտահայտություն կա, որ խաղաղություն են փնտրում ոչ թե ընկերների, այլ՝ թշնամիների հետ։ Իմ կարծիքով՝ շատ կարևոր է ժողովուրդներին պատրաստել այդ խաղաղությանը, ինչը, այո, ներառում է խոսակցություն շատ ցավոտ փոխզիջումների մասին, բայց դրանից խուսափել հնարավոր չէ»:

Ըստ դեսպանի՝առանցքային է, որ քաղաքական համաձայնություն լինի արդյունքներն ընդունելու համար, ինչպիսին Շոտլանդիայի դեպքում էր։ «Ես մեր փորձից օրինակ բերեմ, թե ինչպես ենք աշխատել Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի պարագայում։ Շոտլանդիայի պարագայում մեզ մոտ ստացվեց, որովհետև ներգրավված կողմերից բոլորն էլ հետևում էին խաղաղության սկզբունքին, և արդյունքն ընդունելու համաձայնություն կար։ Այս պահին Հյուսիսային Իռլանդիայի հանրաքվեի մասին խոսք չկա, բայց կա «Բարի ուրբաթի» համաձայնագիրը, որ եթե մի օր ժողովուրդը որոշի հանրաքվե անցկացնել, դա կընդունվի»,-ասաց նա և ընդգծեց, որ այս պահին Հյուսիսային Իռլանդիայում երկու համայնքներ հակասական մոտեցումներ ունեն իրենց ապագան որոշելու հարցում։

«Երկու կողմերն էլ հավասարաչափ հասկանում են, որ ժամանակ է պետք՝ միմյանց հասկանալու համար, որին արդեն կհաջորդի հանրաքվե։ Ինչո՞ւ եմ սա ասում, որ յուրաքանչյուր դեպքում լուծումներն ու մոտեցումները տարբեր են»,-ասաց նա։

Քեթրին Լիչին հարց ուղղեցին տարածաշրջանում սպառազինությունների մրցավազի մասին, մասնավորապես այն փաստի, երբ Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք է մատակարարում Ադրբեջանին և միաժամանակ հանդես գալիս որպես հարցի կարգավորման միջնորդ կողմ։

Դեսպանը խնդրեց այս հարցն ուղղել ոչ թե իրեն, այլ ՌԴ դեսպանին. «Ես կարող եմ միայն այս դեպքում նշել ԵԱՀԿ-ի սպառազինությունների մրցավազքի արգելքի մասին, որին ԵՄ երկրները հետևում են»,-նշեց նա։

Նույն շարքից