Մշակույթ 

Ցեղասպանության թանգարանը միջազգային ուսումնասիրության կենտրոն կդառնա. Հայկ Դեմոյան

analitik.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն այսօր հանդես եկավ տարեկան հաշվետու ասուլիսով: Առաջինը նա կարևորեց թանգարանում մեկ տարի հետո կայանալիք ցուցադրությունը:

«Ճիշտ մեկ տարի անց թանգարանը կներկայանա իր նոր ցուցադրությամբ, այն բացառիկ է լինելու թե՛ որակով, թե՛ գիտականությամբ: Մշտական ցուցադրության տարածքը մեծացվելու է երկուսուկես անգամ, ներառվող նյութը երկու անգամ ավելի շատ է լինելու, քան նախորդ ցուցադրությանը: Սա բացարձակապես նոր դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաներով ցուցադրություն կլինի: Սա արդյունքն է գիտական-հավաքչական աշխատանքի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժամանակավոր ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն կլինի ապրիլի 21-ին:

Հայկ Դեմոյանը նաև կարևորեց թանգարան-ինստիտուտի դերը գիտահետազոտական աշխատանքների հարցում և նշեց, որ եթե այսօր որևէ մեկը ցանկանա նույնիսկ Հոլոքոստի մասին աշխատանք գրել, կարող է գնալ այնտեղ: «Մենք ունենալու ենք առանձին սենյակ արտասահմանից եկող ասպիրանտների, գիտաշխատողների համար, այսինքն՝ թանգարան-ինստիտուտը վերածվում է միջազգային ուսումնասիրության կենտրոնի»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այս տարի ինստիտուտն ունի մեկ ասպիրանտ Թուրքիայից, ինչը ևս արդյունքներից մեկն է:

Վերջինիս փոխանցմամբ՝ այս տարի նախատեսվում են նաև ևս մի քանի կարևոր միջազգային պայմանագրեր ստորագրել: «Ունենք մեր ենթառազմավարությունը գրահրատարակչության ոլորտում: Անցյալ տարվանից թողարկեցինք մեր առաջին պարբերական հանդեսը, որի անգլերեն տարբերակը շուտով լույս կտեսնի»,- ասաց Հայկ Դեմոյանը:

Կարևոր ձեռքբերումներից նա համարեց ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանագիտության ամբիոնի հիմնումը. «Ավագ սերնդին պետք են փոխարինողներ, և իզուր չէ, որ մասնագիտական հերթափոխն ապահովելու համար իրականացվում են այդ աշխատանքները»:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի քայլերին՝ Հայկ Դեմոյանը նշեց, որ այնտեղ նորանոր ցնցումներ կլինեն, Թուրքիան ոճրագործ պետության իրավահաջորդն է, և դա կարող է լուրջ մարտահրավեր լինել նաև Հայաստանի համար. «Այստեղ մենք գործ ունենք իշխանություն-հասարակություն անջրպետի խորացման հետ: Եվ մենք պետք է ձևակերպենք մեզ համար, թե մենք ինչպես պետք աշխատենք այդ իրավիճակում: Պետք է գտնել խնդիրների ճիշտ լուծում, ոչ թե հարվածների ձևով, այլ փափուկ աշխատանքով»:

Թուրքիայում շեշտակի արագությամբ են տեղի ունենում փոփոխությունները, և ինչպես Դեմոյանը նշեց, Հայոց ցեղասպանության ճանաչում լինի, թե իրազեկվածության բարձրացում, թիրախը թուրք հանրության նոր սերունդ է, և այդկերպ կարելի է հասնել հարցի լուծմանը:

Թանգարանի տնօրենն անդրադարձավ նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի հավանության արժանացնելու նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ դա առաջին անգամը չէ և ուղղակի հայոց ողբերգության գործիքավորումն է կարճաժամկետ խնդիրներ լուծելու համար. «Մեզ արդյոք պե՞տք է սա, որ մեր հարցը վերածվում է մանրադրամի, կարծում եմ, որ ոչ: Թուրքիան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկն է, այնպես որ մեծ ակնկալիքներ չունենանք»:

Հայկ Դեմոյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում այսօր լուրջ խնդիր կա նաև հայ երիտասարդ սերնդի հետ աշխատելու մասով: Եվ իրենք ևս մի կարևոր ուղղություն են վերցնելու, դա կրթադաստիարակչական գործառույթն է լինելու, որպեսզի ապագա սերնդին ճիշտ մատուցվի Ցեղասպանության թեման:

Նույն շարքից