Հայաստան 

Եթե երկար տևեն ՌԴ նկատմամբ սանկցիաները, պրոբլեմները կխորանան. ֆինանսների նախարար

analitik.am

Ելնելով Ռուսաստանի տնտեսությունում առկա անորոշ իրավիճակից` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը Հայաստանի տնտեսությունում ճգնաժամ կանխատեսել չի կարող: Լրագրողների հետ զրույցում ի պատասխան այն հարցի, թե նման միտում տեսնո՞ւմ է, նախարարը պատասխանեց, թե ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի:

«Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները, եթե երկար տևեն, իհարկե, պրոբլեմները կխորանան: Սանկցիաները, եթե երկարաժամկետ չլինեն, բնականաբար, ռիսկերը կթուլանան: Եթե մենք գնում ենք ԵՏՄ, անորոշությունները՝ կապված Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառման տեսակետից, բավարար չեն գնահատելու, թե ինչ կլինի, ոչ ոք չի կարող գնահատել»,-ասաց նա:

 

Հարցին, թե ի՞նչ վնասներ է կրել Հայաստանի տնտեսությունը կոնկրետ այս տարի՝ պայմանավորված ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցներով, նա թվարկեց. «Տնտեսության նվազեցումներն ըստ ճյուղերի, տրանսֆերտները, ֆինանսական հոսքերը, արտահանողների հետ կապված խնդիրները: Հիմա արտահանողները խնդիր ունեն՝ պայմանավորված Ռուսաստանում դոլարի ու ռուբլու փոխարժեքով, դրանք պետք է համապարփակ գնահատել ու ասել, հիմա պետք չէ կանխատեսել: Կանխատեսումները լավ չեն, պետք է գնահատել հստակ, որպեսզի հետո կողմնորոշվել, թե ինչ ուղղություններով պետք է աշխատել»:

Դրան զուգահեռ, պատասխանելով դիտարկմանը, թե գնալով ԵՏՄ՝ ինչպե՞ս է, որ որպես բյուջետային աջակցություն ԵՄ կողմից Հայաստանը 170 մլն. եվրո դրամաշնորհ է ստանում, ֆինանսների նախարարն ասաց, թե բյուջեն ձևավորվում է ներքին ռեսուրսներից և արտաքին աղբյուրներից:

«Իհարկե շատերը հարց են տալիս՝ լավ, ինչպե՞ս եք Եվրասիական միություն գնում և եվրոպական աջակցություն ստանում: Ոչ մի տարօրինակ բան չկա, խելոք, ճկուն քաղաքականություն կիրառողները պետք է կարողանան ցանկացած միությունների առավելություններից օգտվել: Հիմա փորձում ենք դա անել, հլա որ ստացվում է, ի՞նչ եք ուզում»,-ասաց նա։ 
Գագիկ Խաչատրյանը նաև հավելեց, որ Հայաստանը 84 մլն. դոլարի աջակցություն է սպասում ԵՏՄ-ից՝ անդամակցության անցումային փուլը հաղթահարելու համար:

 

Հարցին, թե ԵՏՄ անդամ դառնալուց հետո օտար մաքսավորնե՞ր են հայտնվելու մեզ մոտ, նա պատասխանեց. «Օտար մաքսավորներ չեն լինի, բայց համապատասխան աշխատակիցներ կլինեն, որոնց հետ միասին կաշխատենք: Բազմաթիվ հարցեր կան, մենք հիմա 240 մաքսային կարգավորումներ վրա ենք աշխատում, ծավալուն ու բարդ ընթացակարգեր են»:

Նախարարը նշեց, որ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու հարց ներկա փուլում չի քննարկվում:

Նույն շարքից