Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Պուտինը շախմատ է խաղում, Թրամփը՝ պոկեր, իսկ Էրդողանը՝ լոտո

analitik.am

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոչիում Պուտինի և Էրդողանի հանդիպման նախօրեին ասել է․ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Թուրքիան մնա Սիրիայում, թույլտվություն կարող է տալ միայն Դամասկոսը»։ Այս մասին ասված է inosmi.ru-ի վերլուծության մեջ:

Դամասկոսն, իհարկե, առանձնապես ցանկություն չունի տեսնելու թուրքերին իր տարածքում, և դա բոլորը գիտեն։ Բացի այդ, Բաշար Ասադն Իդլիբում սիրիական զորքերի հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Էրդողանը գող է։ Նա գողացել է արտադրամասերը, ցորենն ու նավթը։ Հիմա նա գողանում է մեր հողերը»։

Ասադը նավթ գողանալու հարցում սլաքները չի ուղղում Թրամփի կողմ, ով միշտ է դա արել և չի թաքցրել, այլ մեղադրում է Էրդողանին։

Թրամփն ասել է, որ ինքը դեռ ցանկանում է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայից, բայց Իսրայելը և Հորդանանը խնդրում են, որ ԱՄՆ-ի զինված ուժերի մի մասը մնա Սիրիայում։ Թրամփի հայտարարության համաձայն, խոսքը փոքր թվով զինծառայողների մասին է, որոնք կլինեն Սիրիայի այլ շրջաններում՝ Հորդանանի և Իսրայելի հետ սահմանի մերձակայքում՝ նավթը պաշտպանելու համար։

«Եթե հիշում եք, ես դեմ էի Իրաքի պատերազմին։ Դա լավագույն որոշումը չէ, և ես դա միշտ եմ ասել։ Եթե ներխուժում ես, ապա վերահսկիր նավթը։ Նույն բանն այստեղ է։ Մենք ուզում ենք պաշտպանել նավթը»,-ասել է Թրամփը։

Այսպիսով, ո՞վ է գողանում նավթը

Ի վերջո, ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում: Փորձագետ Նայիմ Բաբիրօղլուն ասել է. «2014 թվականին ԱՄՆ նախկին պետքարտուղար Քիսինջերը նշել է, որ 1919-1920 թվականներին հաստատված ազգային սահմանները պետք է քանդվեն, իսկ Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդի ղեկավար Ռ.Հաասը 2014 թվականին Սիրիայի մասին ասել է. «Ասադը ղեկավարելու է ալավիական շրջանը: Քրդերը կունենան ուժեղ ինքնավարություն: Սուննիների շրջանը կդառնա ԻՊ-ի միջև պայքարի ասպարեզ»: Եվ այդպես էլ եղավ:

Լավ, այդ դեպքում ի՞նչ տեղ է զբաղեցնում Թուրքիան այս սցենարում:

2011 թվականից ի վեր Թուրքիան աջակցում է Սիրիայում ԱՄՆ գործողություններին։ Այժմ, երբ այս սխալ քաղաքականության հետևանքներից մեկը Թուրքիայի հարավում ահաբեկչական պետության ստեղծման հավանականությունն է, Էրդողանը ձեռնամուխ եղավ «Խաղաղության ակունք» գործողությանը։ Բայց այս գործողության նպատակը Սիրիայի հյուսիս-արևելքում 32 կմ խորությամբ «անվտանգ գոտի» ստեղծելն է։ Եթե նույնիսկ այդ նպատակն իրագործվի, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, Ժողովրդավարական միություն կուսակցության ուժերն անվնաս կտեղափոխվեն հարավ, իսկ վտանգը կշարունակվի։

Ինչի՞ կհասնի Թուրքիան

Մեկ այլ փորձագետ Ֆաթմա Բարիշը նշել է․ «Մերձավոր Արևելքում Ռուսաստանը շախմատ է խաղում՝ կարող է տեսնել երեքից չորս քայլ առաջ, Ամերիկան պոկեր է խաղում՝ անընդհատ բլեֆ է անում, իսկ Թուրքիան լոտո է խաղում՝ հետո՝ ինչպես կստացվի»։

Թուրքիան մեծ գումարներ է ծախսում ինչպես ռազմական գործողությունների, այնպես էլ սիրիացի փախստականների վրա: Եվ դա հանգեցնում է նրան, որ պակասուրդը ծածկվում է հարկերի հաշվին: 2020 թվականի բյուջեն նախատեսում է հարկային եկամուտների ավելացում՝ 600-ից մինչև 785 միլիարդ լիր: Իսկ երբ սպառողական հարկն ընկավ սպառման անկման հետևանքով, կառավարությունը սկսեց մշակել հարկային բարեփոխումների փաթեթ՝ հարկային կորուստները հոգալու համար։

Մյուս կողմից հաղորդվում է, որ Կայսերիում Կոջասինան շրջանի վարչակազմը տեղացի ֆերմերներին բաժանել է, այսպես կոչված, ցորենի մեկ հացահատիկի սերմեր, որը ենթադրվում է, հազար տարվա պատմություն ունի, իսկ հավի կեղտը որպես օրգանական պարարտանյութ:

Անցյալ տարի տնկված մեկ հացահատիկով ցորենի բերքի մասին խոսել է Կոջասինանի վարչակազմի ղեկավար Ահմեթ Չոլակբայրաքդարը, ում խոսքով՝ թաղային իշխանություններն աշխատում են տարածաշրջանում այս տեսակի տարածման ուղղությամբ, և այդ փորձը պետք է դառնա օրինակ ամբողջ Թուրքիայում:

Միևնույն ժամանակ, տարվա առաջին 8 ամիսներին ցորենի ներմուծումը Թուրքիա հասել է 5,5 միլիոն տոննայի։ Թուրքիայում արտադրված ցորենն արդեն սակավ է։

Այսպիսով, միակ հույսը հիմա ցորե՞նն է և հավի կե՞ղտը:

Թող Թուրքիան աճեցնի մեկ հացահատիկով ցորեն և կիսվի Սիրայի հետ․․․ Եվ ոչ մեկից չի գողանա ցորեն, նավթ և հողեր։

Նույն շարքից