Հայաստան 

Ռուս-աբխազական համաձայնագրով Աբխազիան ևս մեկ աստիճանով հեռանում է Վրաստանից

analitik.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը գտնում է, որ Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը փոքր-ինչ վնաս կհասցնի աբխազական երկաթուղու հնարավոր գործարկմանը:

«Առանց այն էլ հեղհեղուկ վիճակում էր աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը, քանի որ խնդիրը Վրաստանի, Ռուսաստանի, Աբխազիայի հետ է կապված: Մենք ենք ամենաշահագրգիռ կողմը երկաթուղին բացելու հարցում, և վրացական ու ռուսական կողմը պետք է մեծ քաղաքական կամք դրսևորեն դրա բացման համար: Իսկ այս համաձայնագիրը, որը որոշակիորեն սրեց ռուս-վրացական հարաբերությունները, բնականաբար ավելի մշուշոտ դարձրեց աբխազական երկաթուղու բացման հնարավորությունը: Ավելի մշուշոտ` բայց ոչ անհնարին, քանի որ, կարծում եմ, ի վերջո տրամաբանությունը և տնտեսական շահերի առաջնահերթությունը պետք է հաղթեն, և պետություններն իրենց մեջ պետք է ուժ գտնեն՝ վերագործարկելու աբխազական երկաթուղին»,-ասաց նա:

Շիրակ Թորոսյանը կրկին նշեց, որ ռուս-վրացական հարաբերությունները ռուս-աբխազական համաձայնագրից հետո որոշակի սրացում կունենան. «Ռուս-աբխազական համաձայնագրով Աբխազիան ևս մեկ աստիճանով հեռանում է Վրաստանից, իսկ Վրաստանը պայքարում է իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու՝ Աբխազիան և Հարավային Օսիան վերամիավորելու համար»։

Շիրակ Թորոսյանը, սակայն, կարծում է, որ այդ սրացումը չի լինի տևական և մեծ հաշվով չի ազդի ռուս-վրացական հարաբերությունների ամբողջական տիրույթի վրա: Նա նկատեց, որ այս համաձայնագրով առանձնապես նոր կարգավիճակ չի ստեղծվում, քանի որ արդեն եղել է Աբխազիային անկախության հռչակումը և Ռուսաստանի կողմից ճանաչումը:

«Այդ խնդիրների առաջացումից հետո վրաց և ռուս ժողովուրդները կարողացել էին իրենց մեջ պոտենցիալ գտնել և փորձել ստեղծել հարաբերությունների մի հարթակ, որտեղ կարելի էր քննարկել ռուս-վրացական տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացումը` առանց շոշափելու Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը»,-ասաց նա:

 

Վրացագետ Ալիկ Էրոյանցը ևս գտնում է, որ թեև աբխազական երկաթուղու գործարկումը շահավետ է Հայաստանի համար, սակայն ներկա փուլում շատ քիչ հավանականություն կա, որ այն կյանքի կկոչվի` կապված Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի կնքելու հետ, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել Վրաստանում:

 

«Վրաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները այդ մասով արտահայտվել են բավականին բացասաբար և դիմել են միջազգային հանրությանը` մեղադրելով Ռուսաստանին անեքսիայի, Վրաստանի տարածքների օկուպացման համար»,-ասաց նա:

Վրացագետը կարծում է, որ այս համաձայնագիրը նոր՝ ավելի բացասական երանգ է հաղորդում առաջին հերթին ռուս-վրացական հարաբերությունների բարելավման գործընթացին:

«Կարծում եմ՝ սա նաև մեծապես կխոչընդոտի աբխազական երկաթուղու վերաբացմանը, և դրա հավանականությունը կարծես ավելի հեռու է գնում, որը բացասական երևույթ է նաև մեզ համար: Այսինքն՝ դեպի փակուղային վիճակի է տանում, քանի որ ռուս-վրացական հարաբերությունների բացասական ֆոնին դժվար է պատկերացնել աբխազական երկաթուղու վերաբացումը, իսկ վրացական կողմը շատ բացասական է տրամադրված»,-ասաց նա:

 

Ալիկ Էրոյանցը նշեց, որ աբխազական երկաթուղու վերաբացման հարցում կա տնտեսական և քաղաքական կողմ:

«Տնտեսական շահավետությունը հասկանալի, է սակայն, մյուս կողմից, կա քաղաքական հարց, և Վրաստանը չի ընդունում իր նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականությունը»,-ասաց նա:

Ի լրումն վերոնշյալի, վրացագետն առանձացրեց ֆինանսական կողմը՝ երկաթուղու բացումը նաև կապված է ֆինանսական մեծ ներդրումների հետ: Նա ասաց, որ եթե նույնիսկ քաղաքական առումով համաձայնություն լինի այն գործարկելու հարցում է, սակայն միևնույն ժամանակ առաջացնելու է դժվար լուծելի ֆինանսական խնդիր, քանի որ պետք է որոշվի, թե ով կգնա այդ քայլին և ինչ չափով իր դերակատարությունը կունենա ֆինանսական առումով:

Չնայած դրան, վրացագետը գտնում է, որ այլ իրավիճակում կամ որևէ ժամանակահատվածում կարող են իրադարձություններն այլ կերպ զարգանալ և երկաթուղին գործարկվի, սակայն ներկա շրջափուլում հավանականությունը քչանում է:

Նույն շարքից