Բիզնես Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանն ու Ռուսաստանը կստորագրեն ԱԷԿ-ի հիմնանորոգման ֆինանսավորման պայմանագիրը

analitik.am

Հայաստանը պայմանագիր կստորագրի Ռուսաստանի հետ հայկական Ատոմային էլեկտրակայանի վերանորոգումը 300 մլն դոլարով ֆինանսավորելու վերաբերյալ:  ՀԱԷԿ կատարած այցի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարանը նշեց, որ Ռուսաստանի հետ բանակցություններն արդեն ավարտական փուլում են: «Հավանաբար մոտ օրերս կստորագրվի համապատասխան պայմանագիրը: Ֆինանսավորման համար բանակցությունները տարվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև և պայմանավորվածություն է ձեռք բերվել 300 մլն դոլարի շուրջ: Խոսքը գնում է ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկավորման մասին»,- ասաց Զախարյանը: Նա տեղեկացրեց, որ պայմանավորվածությունների շրջանակում ներառված են բոլոր հարցերը` կապված միջուկային վառելիքի ձեռքբերման հետ մինչև 2026 թվականը:


Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հիմնանորոգումը կմեկնարկի 2017 թվականին և կավարտվի 6 ամիսների ընթացքում, որը հնարավորություն կտա շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը:

 

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը նշեց, որ մինչ ԱԷԿ-ի հիմնանորոգումը, սեպտեմբերին կանցկացվի հերթական պլանային վերանորոգումը:  «Այդ ընթացքում  աշխատանքներ կտարվեն ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովելու համար:  Ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 45 օրով, սակայն կփորձենք հնարավորության շրջանակում կրճատել այդ ժամկետները, քանի որ դրա ժամանակավոր կանգնեցումը մեծ հետևանքներ է ունենում»,- ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ պլանային վերանորոգումն ազդեցություն չի ունենա արդեն իսկ բարձրացված սակագների վրա, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագները բարձրացնելիս հաշվարկել էր նաև դա: Զախարյանը հիշեցրեց, որ նախորդ տարի չնախատեսված կանգառների հետևանքով մոտավորապես 320 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա չէր արտադրվել, ինչի հետևանքով ՀԷՑ-ն ավելի թանկ էլեկտրաէներգիա էր վերցրել «Հրազդան ՋԷԿ»-ից և Հրազդանի 5-րդ էներգաբլոկից:

 

Երվանդ Զախարյանը նշեց, որ ԱԷԿ-ն այսօր ունի կուտակված ֆինանսական պարտավորություններ: «Դրանց ծավալը շուրջ 9-9,5 մլրդ դրամ է: Ֆինանսական պարտավորություններն առաջացել են փոխառությունների ու վարկային միջոցների կառավարման արդյունքում: Մենք պետք է կարողանանք հետագա տարիներին ավելի արդյունավետ կառավարում իրականացնել»,- ասաց նա:  

 

Նախարարն անդրադարձավ նաև նոր ատոմակայանի կառուցմանը` տեղեկացնելով, որ նոր  բլոկի արժեքը կկազմի մոտ  4,5 մլրդ դոլար: «Դրա մի մասը Ռուսաստանի կառավարությունը կտրամադրի ապրանքների, սարքավորումների տեսքով, իսկ մյուս մասը մենք կլրացնենք այլ երկրներ հետ բանակցություների  արդյունքում ձեռք բերված ֆինանսական օժանդակությունների միջոցով»,-ասաց Զախարյանը: Նա նշեց, որ շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019 թվականներին:

 

Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 1970-ին: 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո այն փակվել է, բայց 1995-ին այն կրկին վերագործարկվել է:

Նույն շարքից