Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ Սենատում մեկնարկել են Թրամփին իմփիչմենթի ենթարկելու լսումները

Սենատում երեքշաբթի օրը մեկնարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու լսումները: Կողմերը պատրաստվում են քաղաքական պայքարի՝ օրենսդրական կանոնակարգի սահմաններում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

ԱՄՆ Սենատում մեծամասնության ղեկավար, հանրապետական սենատոր Միչ Մաքքոնելը ներկայացրել է նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարևկելու գործընթացի ընթացակարգը, որի շուրջ պետք է տեղի ունենա քվեարկություն Սենատում: Ըստ առաջարկված ընթացակարգի, կողմերից յուրաքանչյուրը ստանում է 24 ժամ երկու օրվա ընթացքում սեփական փաստարկներն առաջ քաշելու համար:

Մաքքոնելի առաջարկությունը չի պարունակում տեղեկություն, թե արդյոք լսումների ընթացքում ելույթով հանդես կգան վկաները, թե ոչ: Դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը վստահ է՝ առանց վկաների ու առանց նոր ապացույցների ուսումնասիրության այս լսոմներն իմաստազուրկ են:

«Մենք` դեմոկրատներս նպատակ ունենք բացահայտել ճշմարտությունը և խուսափել սխալներից, ուստի կպնդենք, որ քվեարկություն կայանա նոր վկաներին լսելու հարցի շուրջ, և հանրապետականները պետք է որոշեն, թե արդյոք կանգնած են մեր Սահմանադրության, ժողովրդավարության, օրենքի գերակայության կողքին, թե կողմ են նախագահ Թրամփի ցանկությանը քողարկելու ճշմարտությունը, երբ իմ կարծիքով, նա գիտակցում է, որ մեղավոր է»,- ասում է սենատոր Շումերը:

Թրամփի փաստաբանական թիմը սակայն պնդում է, որ պաշտոնազրկման այս գործը վտանգ է Սահմանդրությանը , քանի որ նախագահ Թրամփը չի կատարել որևէ անօրինական քայլ՝ ճնշում գործադրելով Ուկրաինայի վրա հետաքննություն սկսելու համար, որը բխում է նրա քաղաքական շահերից:

Ներկայացուցիչների պալատը մեղադրում է Թրամփին իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մեջ: Սա ԱՄՆ պատմության երրորդ իմպիչմենտն է: Նախկինում դրանք տեղի էին ունեցել նախագահ Էնդրյու Ջոնսոնի օրոք 1868 թվականին և 1998 թվականին նախագահ Քլինտոնի կառավարման ժամանակ: Երկու դեպքում էլ իմպիչմենտի մասին որոշումը կայացվել է Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատը դեմ է հանդես եկել այդ որոշմանը, և նախագահները շարունակել են պաշտոնավարել:

1974 թվականին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Վոթերգեյթի սկանդալի արդյունքում ևս առերեսվում էր պաշտոնազրկման հեռանկարին: Այս դեպքում այն կարող էր տեղի ունենալ նաև Սենատում, սակայն Նիքսոնը հրաժարական տվեց նախքան Ներկայացուցիչների պալատի որոշումը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից