Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանում հայ քաղաքացիները անհանգստացած են կորոնավիրուս վարակից. տանից դուրս չեն գալիս

analitik.am

«Իրավիճակը մեր քաղաքում այդքան էլ լավ չէ, մարդիկ նախընտրում են տանը նստել»,-Analitik.am-ին ասաց Չինաստանում որպես անգլերենի ուսուցչուհի աշխատող Ա.-ն՝ հավելելով, որ իրենց քաղաքը հեռու է գտնվում Ուհանից, բայց այնտեղ ևս վիճակը լարված է:

«Թեև այս պահին դուրս եմ եկել, սակայն ես էլ եմ աշխատում շատ դուրս չգալ: Հիմա Չինաստանում Նոր տարի է և դասեր չկան, բայց չգիտեմ հետո ինչ է լինելու»,-ասաց Ա.-ն և հավելեց, որ ընկերուհին ցանկանում է վերադառնալ Հայաստան, սակայն դեռևս չի կողմնորոշվում, անգամ ճանապարհներն անվտանգ չեն:

Ա.-ի խոսքով, Չինաստանում աշխատող անգլերենի ուսուցիչներն անհանգստացած են, ընդհանուր հարթակում անընդհատ փոխանակվում են տեղեկություններով, բոլորն էլ աշխատում են հնարավորինս շատ տեղեկություններ իմանալ:

Գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ հայեր են աշխատում՝ թե՛ չինացիները, թե՛ այլազգիները փորձում են հնարավորինս քիչ դուրս գալ փողոց և շփվել մարդկանց հետ:

Նշենք, որ այսօր արդեն կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել նաև Կիևում, որը չինական ծագման կորոնավիրուսը չէ, այլ դրա տարատեսակն է: Ուկրաինայի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ ևս 3 անձի դեպքում կասկածներ կան. 2-ի մոտ լաբորատոր հետազոտությունը բացահայտել է գրիպ, իսկ 3-րդ հիվանդի հիվանդության տեսակը ստուգվում է:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակն արդեն հասել է նաև Թայվան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Վիետնամ ու Սինգապուր: Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

Նախնական տվյալներով, վարակի տարածումը սկսվել է Ուհանի շուկայում, որտեղ ծովամթերք ու օձեր են վաճառվում: Այն արդեն ավելի քան 80 մարդու կյանք է խլել, 1000-ից ավելին վարակված են: ԶԼՄ-ները հայտնում են, որ Չինաստանում համաճարակի պատճառ դարձած վտանգավոր կորոնավիրուսի պատվաստանյութը Ռուսաստանում կպատրաստեն կես տարուց ոչ շուտ: ԱՄՆ-ն հայտնել է, որ իր քաղաքացիներին հանում է Չինաստանից, իսկ թե ինչ է անում Հայաստանը Չինաստանում ապրող և աշխատող իր հայ քաղաքացիների համար, դեռևս պարզ չէ:

Այս պահին ԱԳՆ ֆեյսբուքյան էջում նախորդ օրվա հայտարարությունն է, որ կապվեն Չինաստանում Հայաստանի դեսպանատան հետ, իսկ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որը վարակի օջախն է, 3 հայ քաղաքացի կա:

Հիշեցնենք, որ Չինաստանում պաշտոնապես ֆեյսբուքը չի գործում, հայ քաղաքացիներն այս սոցիալական հարթակից օգտվում են միայն VPN-ի միջոցով:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից