Հասարակություն 

Երկրի ղեկավարի նման պահվածքն առաջին հերթին վնասում են մեր պետությանը. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

analitik.am

Իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի դատավորներին թիրախավորելը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը նույն գործողության շարունակական էլեմենտներ են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, փոխանցում է Tert.am-ը:

«Եթե ժամանակագրական առումով նայենք, կհասկանանք՝ երբ իշխանությունները սկսեցին հասկանալ, որ ՍԴ-ն պետք է փոխվի. դա ուղիղ կապ ունի հորս գործի հետ: Անցած տարվա մայիսից սկսած, երբ Առաջին ատյանի դատարանը գործն ուղարկեց ՍԴ, այդ ժամանակ սկսվեց այս ամբողջ գործընթացը՝ թիրախավորել ՍԴ դատավորներին, այնուհետև հայտնի սեպտեմբերի 4-ի որոշումից (այդ օրը, հիշեցնենք, ՍԴ-ն, քննելով «Մարտի 1-ի» գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը. Tert.am) օրեր անց նաև հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, թե չի պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը. «Չգիտեմ՝  ՍԴ դատավորներն ինչքանով տեղի կտան այն հսկա ճնշումներին, որ գործադրվում է նրանց հանդեպ»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե վերջինս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից գրիչ է ստացել, Լևոն Քոչարյանն ասաց. «Երկրի ղեկավարի նման պահվածքը, նման խոսելաոճը, անպատասխանատու հայտարարությունները, կարծում եմ, առաջին հերթին վնասում են մեր պետությանը: Ցանկություն չունեմ խորանալու գրիչի պատմության մեջ, բայց ամենայն անկեղծությամբ, առանց չարախնդալու, առանց անձնավորելու՝ կարծում եմ՝ իրոք մեր պետության համար սա լավ չէ, և կարծես՝ ես էլ ամաչեմ այս ամենի համար, որ տեղի է ունենում: Բոլորիս ամոթն է, որ այսքան ցածրացվել է դիսկուրսի մակարդակը, խոսելաոճը, լեքսիկոնը: Չեմ կարծում, որ դա պատիվ է բերում մեր երկրին»:

Նույն շարքից