Գլխավոր Իրավական Տեսանյութեր 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո Հայաստանը դադարելու է լինել իրավական պետություն. ՍԴ նախագահի խորհրդական

analitik.am

Իրավական հետևանքները լինելու են հիմնարար, դրանց հաղթահարման համար անհրաժեշտ կլինի առնվազն մեկ տասնամյակ: Այսօր «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավագիտության, սահմանադրական իրավունքի մասնագետ, ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ խոսելով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետևանքների մասին:

Մուրադյանը հայտարարեց, որ Հայաստանում իրավագիտությունը վերջնականապես տապալված է. «Քանի դեռ այս գործընթացներում բեկում չլինի, մենք մեր պետությունում չվերականգնենք սահմանադրական կարգը, իրավական պետության տարրական իրավաընկալումը, իրավագիտության մասին խոսել պետք չէ»:

ՍԴ նախագահի խորհրդականի խոսքերով, ժամանակակից սահմանադրական պետությունն իր արժեհամակարգերով ու ինստիտուտներով անհամատեղելի է ծայրահեղական պոպուլիզմի հետ. «ՍԴ-ն՝ որպես սահմանադրության բարձրագույն պահապան, սահմանադրական արժեհամակարգը պետք է պահպանի ցանկացած ոտնձգությունից»:

Մուրադյանը նշեց, որ ծայրահեղական պոպուլիզմի  գոյատևման համար անհրաժեշտ է թշնամի, հակառակ դեպքում այն գոյատևման շանսեր չունի. «Ինձ մոտ տպավորություն է, որ մենք ետ ենք շպրտվում նախորդ դարի 30-ականներ, երբ այս նույն կարգախոսներով ոչնչացվում էին տարբեր մարդիկ: Ես համոզված եմ, որ դրան հիմա չենք հասնի, սակայն պարտադիր չէ, որ այդ ծայրահեղական մարդատյանց դրսևորումները լինեն»:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Սահմանադրությունը կեղծված է, Մուրադյանը նշեց, եթե այդպես է, պետք է փոխել Սահմանադրությունը, ոչ թե առանձին կետ:

Նա կարևորեց նաև դատավորների անփոփոխելիությունը՝ նշելով, որ դա ուղիղ կապ ունի նրանց անկախության հետ: Եթե այդ սկզբունքը խախտվում է, երկիրը դադարում է դառնալ իրավական պետություն:

Նույն շարքից