Կորոնավիրուս Հասարակություն 

Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել «Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար» միջոցառմանը

analitik.am

Փետրվարի 19-ին ՀՀ նկարիչների միության մեծ ցուցասրահում տեղի ունեցավ «Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ նկարիչների միության կողմից։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Միջոցառման ներկաներին ուղղված իր խոսքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց․ «Թույլ տվեք ողջունել բոլորին այսօր Հայաստանի նկարիչների միության հարկի տակ անցկացվող այս խորհրդանշական միջոցառմանը, որի նպատակն է մեր զորակցությունը և քաջալերանքը հայտնել բարեկամ Չինաստանին և չին ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ այս անգամ մշակութային արտահայտմամբ։

Մեր ժողովուրդների միջև մշակույթի տարբեր ճյուղերի և տարաբնույթ միջոցառումների միջոցով փոխադարձ կապերը եղել են շարունակական և վերընթաց։ Դրանք նպաստել են մեր ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ու բարեկամության ամրապնդմանը։ Եվ ահա այս դժվարին ժամանակներում հայ ժողովուրդը բարեկամ չին ժողովրդի կողքին է»։

Միջոցառման ավարտին ՀՀ ժողովրդական և վաստակաշատ նկարիչների և տաղանդավոր ուսանողների կողմից ստեղծված «ԱՂՈԹՔ» կտավը հանձնվեց ՀՀ Չինաստանի դեսպանությանն՝ ի նշան չին ժողովրդի նկատմամաբ մեծ հարգանքի և աջակցության:

Նույն շարքից