Կորոնավիրուս Հասարակություն 

Միայն դիմակ կրելը չի օգնում պաշտպանվել կորոնավիրուսից. Կան այլ պահանջներ

analitik.am

Դեղատներում դիմակների պակասի կա ոչ միայն Հայաստանում, այլ նաև մի շարք այլ երկրներում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

Վանյանը հիշեցրեց ՏՄՊՊՀ հայտարարությունը՝ ուղղված տնտեսվարողներին, որ պետք չէ գները բարձրացնել. «Նախարարությունն այսօր որոշակի քանակի դիմակներ ունի: 160 հազար միավոր ձեռք է բերվել, սակայն լրացուցիչ աշխատանքներ է տարվում նոր խմբաքանակ ձեռք բերելու համար»:

Ինչ վերաբերում է կարծիքին, որ դիմակները, որոնք մարդիկ կրում են, այդքան էլ ապահով չեն ու հարցին՝ ձեռնարկվում են արդյո՞ք քայլեր այլ ավելի արդյունավետ գործող դիմակներ ձեռք բերելու համար, բանախոսն ասաց, որ նման հարց չի քննարկվում. «Կորոնավիրուսը մյուս վիրուսների նման վիրուս է: Դրա դեմ պայքարելու համար պետք է նախ պահպանել հիգիենան: Ձեռքերը պետք է մաքուր պահել: Հիվանդությունը կարող է տարածվել նաև կեղտոտ ձեռքերի պատճառով: Մեր կողմից բազմիցս հնչեցրած պահանջները կատարելու դեպքում դուք հիվանդությունից զերծ կմնաք՝ հեռավորություն, չշփվել և այլն: Այլ հատուկ պաշտպանիչ միջոց խորհուրդ չի տրվում: Բոլորը գիտեն, թե ինչպես է այն տարածվում: Կորոնավիրուսը տարածվում է նույն գրիպի նման»:

Վանյանը նաև հաստատեց, որ այս պահին Հայաստանում Կորոնավիրուսով վարակված հիվանդ չի հայտնաբերվել. «Դիմակ պետք է կրել միայն եթե շփվում ես հիվանդի հետ: Քանի որ Հայաստանում հիվանդ չկա, դիմակ կրելու իմաստ չկա»:

Նույն շարքից