Իրավական 

Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, տեղեկացրել է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման քննությունը հերթական անգամ ընթանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ընդ որում, զարմանալի «զուգադիպությամբ» գործը քննում է նորից նույն դատավորը:

Փաստաբանական խումբը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել գործը քննող դատավորին այն պատճառաբանությամբ, որ միջնորդությունը դատարանի նախագահի կողմից սահմանված կարգի խախտմամբ էր մակագրվել նրան և որ, զարմանալի զուգադիպությամբ, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ նրա բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություններ տալու միջնորդությունները հանձնարարվել էին նրան:

«Ի պատասխան դատարանը հայտնեց, որ ընդունված կարգի համաձայն՝ եթե որևէ դատավոր մեկ անգամ քննում է անձի կալանավորման միջնորդությունը, ապա այդ հարցի հետ կապված հետագա բոլոր միջնորդությունները ևս նա է քննումՍակայն պարզվում է, որ նույն գործով տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ են կիրառվում: Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հերթական միջնորդության քննությունը կրկին հանձնարարվել է նույն դատավորին, այնինչ Կարեն Խաչատրյանի պարագայում իրավիճակը կտրուկ հակառակն է»,- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ երկարացնելու միջնորդության քննության ընթացքում դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը և նրան գրավով ազատ էր արձակել:  Այնպես է ստացվել, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը և Կարեն Խաչատրյանը կրկին կալանավորվել է, որից անմիջապես հետո նրա պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, սակայն այս անգամ այդ միջնորդությունը ոչ թե նույն դատավորին է մակագրվել, այլև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այլ՝ Կենտրոն նստավայրի մեկ այլ դատավորի:

Պաշտպան Երեմ Սարգսյանն այս համատեքստում պնդում է, որ նման երկակի ստանդարտները վկայում են միայն այն մասին, որ սույն քրեական գործով Գագիկ և Կարեն Խաչատրյանների կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետների երկարացման և գրավի միջնորդությունները մակագրվում և հանձնարարվում են այն դատավորներին, որոնք ձեռնտու են այդ հարցով շահագրգիռ անձանց:

«Այսինքն, եթե որևէ դատավոր մշտապես երկարացնում է կալանքի տակ պահելու ժամկետները և մերժում գրավի միջնորդությունները, ապա նա շարունակում է քննել հաջորդ միջնորդությունները, իսկ եթե որևէ դատավոր գրավի միջնորդությունը բավարարում է, ապա նա այլևս չի քննում հաջորդ միջնորդությունները, քանի որ ցանկալի դատավոր չի հանդիսանում», - ասաց պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նաև հավելում է, որ «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում քրեական գործերը և մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները, անհապաղ մուտք են արվում Ծրագիր և նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև՝ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված դատավորների մասնագիտացումների:

Այսինքն, վերը հիշատակված որոշման այս կետից, ինպես նաև որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը որևէ իրավասություն չուներ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունը քննության համար իր կամայական ցանկությամբ հանձնել կոնկրետ իր նախընտրած դատավորին, ուստի այս համատեսքտում ակնհայտ է նաև, որ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործերի քննության ընթացքում չեն պահպանվել նաև դատավորների միջև գործերի բաշխման կարգը, չեն պահպանվել վերը նշված որոշման պահանջները, փոխարենը դատարանի նախագահն իր սուբյեկտիվ ցանկության հիման վրա, առանց որևէ իրավական հիմքի և իրավասության, Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործերի քննությունը հանձնարարել է իր նախընտրած դատավորներին:

Պաշտպանական թիմը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննարկումը նույն դատավորին մակագրվելու փաստը կասկածի տեղիք է տալիս դատարանի անկախության և անաչառության մասով, ուստի ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործերը չեն քննվել և քննվում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից