Հասարակություն 

Թերթի խմբագիրը պատմեց «Այո»-ի իրական հեղինակի մասին

analitik.am

Այսօր՝ փետրվարի 28-ին, «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը պարգևատրեց հայտնի լոգոյի իրական հեղինակին:

Պապիկյանը նշեց, որ արդարությունը վերականգնելու, բարոյական առումով մաքուր պրոցես ունենալու համար 3 միլիոն դրամը բաշխում են «Երեկոյան Երևան» թերթի երկու նկարիչների և խմբագրի միջև. «Նկարի հեղինակ պարոն Նարոյանն այս պահին մեզ հետ չէ: Մենք գտել ենք նրա ժառանգին՝ տիկին Սյուզաննա Նարոյանին: Մեկ այլ նկարի հեղինակ պարոն Ցոլակ Ղանդիլյանն է: Այդ մասին հենց նա է ասել, ինչը հետագայում հաստատվել է: Մենք նաև շնորհակալ ենք խմբագիր Նորայր Ենգիբարյանին, ով մեզ սկզբնական ինֆորմացիա էր տվել, թե ովքեր կարող են նկարի հեղինակները լինել»:

Ապա Պապիկյանը մեկական միլիոն դրամ հանձնեց Սյուզաննա Նարոյանին, Ցոլակ Ղանդիլյանին և Նորայր Ենգիբարյանին:

Լրագրողների հետ զրույցում Ենգիբարյանը պատմեց նկարի հեղինակի և նկարի պատմության մասին: Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքին, նա ասաց, որ այդ մասին անգամ խոսք լինել չի կարող, քանի որ նույնիսկ արխիվային փաստաթղթերով է ստուգվել, թե ով է նկարի հեղինակը. «Նկարի հեղինակը Ստյոպա Նարոյանն է: Նա շատ աշխատասեր, պրպտուն, խոնարհ անձնավորություն էր: Չկար մի բան, որ նա թերի կատարեր, բոլոր հանձնարարությունները կատարում էր՝ դա անելով ճաշակով: Նա կարողանում էր տառատեսակ ստեղծել: «Այո»-ի տառատեսակը հենց նա է ստեղծել: Այն աչքի է զարնում»:

Ինչ վերաբերում է «Այո»-ի նոր լոգոյին, Ենգիբարյանի խոսքերով, եթե նախնական տարբերակը որպես մտահաղացում լիներ և լոգոյի հեղինակները ցանկանային կապ ստեղծել 1991 թվականի հանրաքվեի հետ, իմաստավորեին «Այո»-ի կրկնությունը, հասկանալի կլիներ, սակայն նման բան չի եղել. «Եթե նրանք ոչ խելացի ձևով են օգտագործել «Այո»-ն, ապա պետք չէր դա անել»:

Հարցին՝ գողություն համարում է արդյո՞ք տեղի ունեցածը, Ենգիբարյանն ասաց, որ դա քրեական հարց է, պետք է ուսումնասիրել հետո ասել:

Ենգիբարյանը չի սպասել, որ «Այո»-ի շտաբից գումարը կբաժանեն իրենց միջև: Ամեն դեպքում ինքն ուրախ է, որ իրենք մրցանակ են ստացել, սակայն դեռ չի մտածել, թե ինչի վրա է ծախսելու գումարը:

Նույն շարքից