Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այսօր՝ մարտի 25-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսեց օրավարձով աշխատող մարդկանց մասին: Նա նշեց, որ մարդիկ օրվա փողը տուն չեն տանում, խնդիրներ են ունենում: Նա բարձրացրեց այդ մարդկանց նույնականացման, վարչարարություն անելու անհրաժեշտության մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն 1,5 տարի կոչ են անում լինել օրինական դաշտում, գրանցել աշխատատեղերը, աշխատանքը, եկամուտը. «Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի: Կա գրանցված աշխատող ու կա չգրանցված աշխատող:

Այսօր բոլոր նրանք, ովքեր գրանցված աշխատող են, կզգան այդ կարգավիճակի առավելությունը, քանի որ մենք նրանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում: Մենք կարողանում ենք պարզել, թե նա ինչքան եկամուտից է զրկվել ու ինչպես պետք է օգնենք նրանց»:

Իսկ նրանք, ովքեր ստվերում են եղել, թքած են ունեցել օրենքի, կոչերի վրա, վարչապետի խոսքերով, նույնականացման խնդիրն ունենալու են. «Բայց նրանք մեր քաղաքացիներն են ու մենք պարտավոր ենք նրանց աջակցելու համար քայլեր անել: Մենք չենք կարող պարզել նրանց:

Դրա համար մեր կանխավարկածն այն է, որ նրանք սոցիալապես ոչ այդքան պաշտպանված խավի մեջ են, հետևապես պետք է արտացոլված լինեն ինչ-որ տեղ՝ կամ «Փարոսում», կամ դիմել են, սակայն չեն ընդգրկվել, կամ էլ գործազուրկ են գրանցված։

Մենք նրանց գտնելու խնդիր ունենք:

Երբ նրանք աշխատել են, չեն գրանցել, եկամտահարկ չեն վճարել, դրա համար նրանց գտնելու խնդիր ունենք: Եթե այսօր ասեն, որ աշխատել են, չեն կարող ապացուցել դա»:

 

Նույն շարքից