Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ պետք է անեն Հայաստանից դուրս գտնվող մեր քաղաքացիները հայրենիք վերադառնելու համար․ Պարզաբանում է ԱԳՆ փոխնախարարը

analitik.am

 

Մենք բազմիցս հայտարարել ենք, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս և ովքեր ուզում են վերադառնալ Հայաստան, կապ հաստատեն մեր դեսպանությունների հետ, մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև ԱԳՆ-ի, որտեղ գործում են շուրջօրյա թեժ գծեր։ Դա անհրաժեշտ նախապայման է մեր աշխատանքները դյուրացնելու համար, որովհետև այդ կապը, որը ձևավորվում է մեր քաղաքացիների հետ, թույլ է տալիս մեզ և մեր դիվանագիտական ներկայացուցչություններին գնահատել իրավիճակը և մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու աշխատանքները ճիշտ և հասցեագրված իրականացնել։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Փոխնախարարը նշել է, որ այս գիշեր Պարետի և ԱԳՆ-ի համակարգմամբ, Մայր Աթոռի ֆինանսավորմամբ Կալկաթայից Հայաստան են վերադարձել մոտ 68 երեխաներ և ուսուցիչներ, ովքեր սովորել են Կալկաթայի հայոց բարեգործական դպրոցում։

«Եթե չկան տարհանման գործողություններ, ապա դեսպանություններն ուղղորդում են մեր քաղաքացիներին, թե ինչպես պետք է վերադառնալ, ինչ չվերթներ կան և որոնք են ճիշտ ճանապարհները»։

Ադոնցի խոսքերով, վերադառնալու առումով կան օբյեկտիվ դժվարություններ․ «Դժվարությունները երեքն են։ Առաջինը՝ այդ երկրում գործող կարանտինային ռեժիմներն այնուամենայնիվ սահմանափակում են այդ ազատության աստիճանը։ Երկրորդը՝ տեղափոխման, տեղաշարժման առողջապահական ռիսկերը և երրրորդը, իհարկե օդային հաղորդակցության հետ կապված խիստ սահմանափակումները։

Դրա համար կոչ ենք անում մեր հայրենակիցներին, որպեսզի որոշումն ընդունելուց հետո լավ տիրապետեն իրավիճակին, ուսումնասիրեն, թե ինչպես են վերադառնում, կապի մեջ լինեն մեր դեսպանության հետ և այնուհետև համակարգված այս ձևով փորձեն իրականացնել դա»։

Պարոն Ադոնցը շեշտել է, որ այսօրվա դրությամբ օդային հաղորդակցության հետ բավականին մեծ խնդիրներ կան․ «Եթե մեկ շաբաթ առաջ մենք հորդորում էինք, որ Աեորֆլոտն է միակ կանխատեսելի ինստրումենտը Հայաստան վերադառնելու առումով, ապա այսօր այդ հնարավորություններն էլ ավելի սահամանափակ են»։

Իսկ եթե այնուամենայնիվ չի հաջողվում վերադառնալ, ԱԳՆ փոխնախարարը նշել է, որ մեր դիվանագիտական ներկայացուցչություններն անում են ամենը, որպեսզի կարգավորվեն մեր քաղաքացիների ժամանակավոր կեցությունն այդ երկրում․ «Մեր դիվանագիտական ներկայացուցչություններն անում են ամենը, որպեսզի կարգավորվեն մեր քաղաքացիների ժամանակավոր կեցության հարցը, ապահովելով այն մինիմում անհրաժեշտ վայրը, սնունդը, մի փոքր ֆինանսական միջոցները և իհարկե օգտագործելով նաև մեր համայնքային ռեսուրսները»։

 

 

Նույն շարքից