Բարի օր Հասարակություն 

Պարետ Տիգրան Ավինյանի ասուլիսին չի հնչեցվել Analitik.am-ի հարցերից մեկը, իսկ մյուսը հնչեցվել է առանց լրատվամիջոցի անունը հրապարակելու

analitik.am

 

Այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյան մամուլի ասուլիսը, որը վարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Ինչպես սահմանված կարգն է պահանջում, Analitik.am լրատվական կայքը, որն այս անգամ լրագրող չուներ կենտրոնում, իր երկու հարցերն ուղղել էր ֆեյսբուքյան նամակի տեսքով: Մեր հարցերից առաջինը վերաբերում էր Չարենցավանին: Հարգարժան խոսնակն այն հնչեցրեց առանց լրատվական կայքի ու լրագրողի անունները հնչեցնելու, իսկ երկրորդ հարցն առհասարակ չհնչեցրեց:

Հարկ է նշել, որ մյուս հարցերի դեպքում խոսնակը շատ ավելի բարեհամբույր էր ու հնչեցնում էր լրատվամիջոցների անունները:

Նշենք, որ նմանատիպ խնդիր առաջացել է նաև Hraparak.am և AntiFake.am կայքերի մասով:

Ներկայացնում ենք մեր երկու հարցերը, որոնք ուղղել ենք ֆեյսբուքյան նամակի տեսքով: Որպեսզի թյուրիմացություն չլինի, հրապարակում ենք այն տարբերակով, որով ուղարկվել է «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին»:

1.Պարոն Ավինյան, քիչ առաջ ձեր անունից որոշում հրապարակվեց Չարենցավանի մասին, ինչից հետո Կոտայքի մարզպետը հայտարարեց, որ դա տեխնիկական սխալի արդյունք է: Ինչպե՞ս է ստացվում, որ նման կարևոր հարցերում տեխնիկական սխալներ են լինում: Նաև ասեք խնդրում եմ, ի՞նչ է ի վերջո կատարվում Չարենցավանում ու ի՞նչ է անում պարետատունը քաղաքի մասով:

2. Analitik.am... Յանա Մարտիրոսյան, ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի մամուլի ասուլիսի համար։ «Covid-19 Հայաստան» Փաստահավաք խումբը մի շարք հրապարակային հարցում-հայտարարություններ է արել Ձեր կողմից կայացված որոշումներում առկա թերությունների, հակասությունների, մեկուսացված անձանց իրավունքների հնարավոր խախտումների, ախտանիշներ ունեցող քաղաքացիներին թեստավորում անցկացնելու մերժումների և այլ առկա խնդիրների մասին, արդյո՞ք ծանոթ եք այդ հայտարարություններին, եթե այո, ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկել հնչեցրած խնդիրները լուծելու համար:

 

Նույն շարքից