Կորոնավիրուս Հասարակություն 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանին հնչած կրակոցներին

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի պատճառով 2 հայ զինծառայող և մեկ հայ երեխա հրազենային վիրավորում են ստացել։

Ըստ Զասի` այդ փաստերը չեն նպաստում երկու հարևան պետությունների սահմանի իրադրության կարգավորմանը և վկայում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս ուշադրություն են հրավիրել և կողմերին կոչ են արել հակամարտության իրավիճակները կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության սրացում թույլ չտալու նպատակով:

«Կողմերի զսպվածությունն ու իրադրության կարգավորումը հատկապես կարևոր են այս ժամանակաշրջանում, երբ բոլորիս համար նոր սպառնալիք է ի հայտ եկել, որը չի ճանաչում սահմաններ ու ազգություններ` կորոնավիրուսի համավարկը», - ընդգծել է Ստանիսլավ Զասը:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 19:00-ի սահմանում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մի երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Բացի այդ, երկու զինծառայող է վիրավորվել և հայտնի է, որ նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Նույն շարքից